Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահրամ Աթանեսյան. «Սա, պարոնայք-ընկերներ, պա-տե-րազմ է»

Սեպտեմբեր 07,2015 12:41

«Ինչո՞ւ է կրակում հակառակորդը: Ես զարմանում եմ, որ մարդիկ դրանից զարմանում եւ ճիգ են անում բացատրություն գտնել: Լսեք, պարոնայք-ընկերներ, դուք տեղյակ չե՞ք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը տարեմուտի գիշերն իջել է խրամատներ եւ զինվորներին հրամայել ամեն րոպե այնպես անել, որպեսզի «հայրենի հողն օկուպանտների ոտքի տակ վառվի»: Սա, պարոնայք-ընկերներ, պա-տե-րազմ է: Պատերազմում՝ ինչպես պատերազմում: Եվ հակառակորդի այսօրվա պահվածքը ոչ մի բացատրության չի տրվում, վաղն էլ չի տրվելու»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմաններում արդեն տեւական ժամանակ շարունակվող լարված իրավիճակին, ասաց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:

Մեր զրուցակիցը զարմանում է` առհասարակ, ի՞նչ իմաստ ունի մտասեւեռվել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդը, երբ փաստն առկա է՝ գնդակոծվում են խաղաղ բնակավայրեր, զոհվում, վիրավորվում են քաղաքացիական անձինք. «Որեւէ մեկնաբանություն իրականության հանդեպ նողկալի ոչնչություն է: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե ինչ-որ մեկը հակառակորդին կարող է զսպել, ապա ինչո՞ւ նկատի չունենալ, որ ինչ-որ մեկն էլ կարող է դավագրգռել: Բայց ամենից իրականն այն է, որ հակառակորդը դավագրգռված է ի սկզբանե, ի բնե: Միակ հնարավորությունը հակառակորդին արժանի հակահարվածն է, նույնիսկ՝ ոչ համարժեք պատասխանը: Սա պատերազմ է, եւ դա մեր ընտրությունն է: Նողկալի է, երբ այդ ընտրության համար փորձ ենք անում վկայակոչել ուրիշների համակրանքը կամ հակակրանքը: Որքանով մենք ենք արդարացի, երբ դաշնակիցներ ենք փնտրում, նույնքանով արդարացի է հակառակորդը, երբ իր դաշնակիցներին է փնտրում: Պատերազմում կամ հաղթում են, կամ՝ պարտվում: Կամ էլ օտար միջամտությամբ ընդունում «հաշտության պայմանները»: Մեր ընտրությունը պետք է կատարենք ինքներս»:

Vahram-Atanesyan

Պարոն Աթանեսյանը հիշեցնում է թեւավոր արտահայտությունը`պատերազմը չափազանց դժվար գործ է, որպեսզի միայն գեներալներին վստահվի: Բայց, մեր դեպքում, ըստ նրա, ճիշտ հակառակն է՝ պետք է վստահել միայն գեներալներին եւ բանակային ինֆորմացիային:

«Գիտե՞ք, երբ զորավարժություններ են անցկացվում, իրավունքի ուժով Ազգային ժողովի նիստ է գումարվում, կառավարության անդամները կամուֆլյաժով են նիստի ներկայանում, պայմանական տարհանում է կազմակերպվում, պետք է մտցվի նաեւ պայմանական պատերազմական իրավիճակին հարիր գրաքննություն, կոպիտ ասած՝ մամուլի բերանը փակել է պետք՝ ինչքան որ տեւում են զորավարժությունները, որպեսզի ոչ մեկի մտքից չանցնի ծաղրել կառավարության անդամներին՝ կամուֆլյաժ են հագել որ ի՞նչ անեն: Այդպես չի կարելի, չի կարելի սահմանադրական բարեփոխումներին «ոչ»-ը պայմանավորել կիսապատերազմական իրավիճակով եւ անհագուրդ ծաղրել համապետական զորավարժությունները: Մենք թույլ իշխանություն ունենք, այո:

Իսրայելում ամեն ընտանիք իր անդամների թվով հակագազ եւ անհատական պաշտպանության այլ միջոցներ ունի, Իսրայելի ողջ բնակչությունը, եթե մարդ ծերունի չէ, հիվանդ չէ, անմեղսունակ չէ, համարվում է Պաշտպանության բանակի պահեստազոր»,- վրդովմունքը բարձրաձայնեց մեր զրուցակիցը` հավելելով, որ համապետական զորավարժություններին պետք է կամուֆլյաժ հագցնեին նաեւ մասս-մեդիայի ղեկավարներին, լրագրողներին, տանեին Տավուշ՝ Կոթի, Ոսկեպար, Վազաշեն, կանգնեցնեին խրամատներում, որպեսզի հասկանային. «Չի կարելի ապուշության հասնող ենթադրություններ տարածել, չի կարելի անընդմեջ Փարիզի, չգիտեմ՝ եվրոպական ուրիշ ո՞ր մայրաքաղաքների ապահովությունից, ներողություն բառիս համար, «ործկացող» ինչ-որ վերլուծաբանների գտնել, հրահրել, որ բացահայտ հիմարություններ խոսեն ռուս-ադրբեջանական «գործարքի» եւ մեզ սպասող «անխուսափելի ապոկալիպսիսի» մասին: Մամուլն իր դռները պետք է փակի եվրոպական մայրաքաղաքներից ինձ՝ Արցախում ապրողիս, դասեր տվողների առջեւ, մամուլը պետք է «մեկնաբանությունների» չհրավիրի ադրբեջանցի Մուբարիզ Ահմեդօղլուին, որին իր հայրենիքում ոչ ոք լուրջ մարդու տեղ չի դնում:

Մամուլը պետք է լինի Հայաստանի եւ Արցախի վարչապետների կողքին՝ Տավուշի խրամատներում, որպեսզի սահմանային լարվածությունից խոսելու իրավունք ունենա: Մամուլը պետք է կարողանա լռել, եթե դա է պահանջում հայրենիքի շահը: Իշխանությունը պետք է ունենա մամուլին լռեցնելու բարոյական իրավունք, որովհետեւ նա երկրի, պետության իշխանությունն է, պետք է այդպիսին լինի: Բոլորս պետք է կարողանանք երկրապահական «ստուգատեսների» տոնախմբություններին չմասնակցել: Որովհետեւ Հայրենիք պահում են ոչ թե «ուտուշ-խմուշ»-ների կոչեցյալ կամ անկոչ սեղանակիցներ, այլ՝ 18-20 տարեկան մեր երեխաները, որ մարտական հենակետերում շուն են պահում, աղավնի, խաղողի որթ են աճեցնում, իրենց համար աղոթատեղի են կառուցում՝ իրենց անվարժ ձեռքերով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Ողջամիտ եւ իրավացի կոչ է, – կրակում են քեզ վրա որ սպանեն, ուստի առաջին գործը պիտի լինի արժանի հակահարվածը: Մի պստիկ հարց է առաջանում սակայն – եթե ժողովուրդը պիտի անվերապահ հավատա ու վստահի կոմուֆլյաժ հագնող պետերին, ապա իրենք ինչու չպիտի վստահեն ժողովրդին նման ճակատագրական պահին? Ինչու զենք չեն տալիս սահմանի վրա ապրող բնակիչներին՝ թեկուզ որսորդական հրացան? Չե որ իր տան առջեւ զենքով կանգնողը չի կարող համեմատվել աստծուն աղոթողի հետ: Այս հարցն արդեն բարձրացվել ու մերժվել է բարձր մակարդակով – ինչու? Չեն վստահում հասարակներին, մտածելով որ կարող ա ուրիշ կողմ կրակեն? Իսկ քաղաքաբնակ բուղա-ծառաներին, ախպեր տղեքին, խնամի հարազատներին, մարզպետների ու այլ պետերի, քրեական լուրջ դեմքերի ամեն տեսակ զենք հասնում է, իհարկե …

  2. Կարինե says:

    բոլոր բռնակալները ինչ որ պատճառ հնարում են մարդկանց բերանը փակելու համար: Այ որ էս օրինակը անընդհատ աչքներս եմ մտցնում՝ ” Իսրայելում ամեն ընտանիք իր անդամների թվով հակագազ եւ անհատական պաշտպանության այլ միջոցներ ունի, Իսրայելի ողջ բնակչությունը, եթե մարդ ծերունի չէ, հիվանդ չէ, անմեղսունակ չէ, համարվում է Պաշտպանության բանակի պահեստազոր»Ասեք ՝ իմանանք ՝ ինչ սահմանափակումներ կամ գրաքննություն կա իսրայելական մամուլում:Կամ թող մի քանի իսրայելական գենեևալ ցույց տվեք, որ միլլիոնանոց վիլլաներ ունեն ու աբռկած կյանք են վարում, Էտ էլ հերիք չի՝ հայրենակիցներին տեռռրի են ենթարկում իրենց իսկ հայրենիքում:Թե միայն մենք՝ ժողովուրդը պետք ՝ անեն տեսակի զրկանքներ կրենք ու բերաններս փակ ապրենք: Անգամ խոսքւ իրավունք չունենանք: Իսկ քո նշած վարչապետները պետք է միլիարդների կարողություն գողանան ու հըլը քո նման ՝ Աթանեսյան, վրաներս մուննաթ գան: Առաջին հերթին ձեզ նայեք, ու դու՝ք բերաններդ պինդ փակեք:

    • Կարինե says:

      Ու մի բան էլ ավելացնեմ՝ սենց ամպագոռգոռ ելույթների փոխարեն թող նախագահները,վարչապետները, զանազան հանձնաժողովների նախագահները իրենց ու իրենց երեխաների օրինակներով ցույց տան, թե ինչպիսի ջուջկալ , անձնուևաց կյանքով է պետք ապրել պատերազմի ժամանակ: Էտ դեպքում ոչ մի խոսք ու քննադատություն չի լինի: Ու էտ ձեր անկապ կոչ քյալափարթիների կարիգն էլ չի լինի

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930