Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. «Չգիտեմ, ով ինչից է նեղված, բայց ԲՀԿ-ն ինքն է որոշում իր քաղաքական օրակարգը»

Սեպտեմբեր 07,2015 12:28

ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում պատասխանելով Aravot.am-ի այն դիտարկմանը, թե եռյակի իրենց նախկին գործընկերները հիասթափված են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԲՀԿ-ի՝ տրամագծորեն հակառակ դիրքորոշումից, օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն էր փոքր-ինչ նեղսրտած, ասաց. «Չգիտեմ, ով ինչից է նեղված, ով է նեղված ով՝ ոչ, բայց ԲՀԿ-ն իր քաղաքական օրակարգն ինքն է որոշում»:

Պարոն Բաբայանը տեղեկացրեց, որ իրենց տարածքային կառույցներում քննարկումներ են ընթանում այդ հարցով և վերջնական որոշումը կլինի միայն դրանց ավարտին:

Այնուհետև նշեց. «Մինչև քվեարկություն հանդես կգանք հայտարարությամբ, թե ԲՀԿ-ի ընդհանուր դիրքորոշումը որն է սահմանադրական բարեփոխումների հարցով»:

Այն հարցին՝ ի՞նչ փոխվեց, որ իրենց դիրքորոշումը փոխվեց, և Միքայել Մելքումյանն էլ հայտարարել էր, որ իրենց դիրքորոշումը մեղմվել է, Վահան Բաբայանը պատասխանեց. «Այն ժամանակ մենք նայում էինք, որ կար երկու բևեռների առճակատման խնդիր ու երկրում այլ քաղաքական իրավիճակ էր տիրում: Այդ ժամանակ մենք ասել ենք, որ սահմանադրական բարեփոխումների գնալն այդ պահին ժամանակավրեպ է: Հայտնի իրադարձությունից հետո իրավիճակ է փոխվել»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հայտնի իրադարձության մասին է խոսքը, Գագիկ Ծառուկյանի հետ կատարվա՞ծը, պարոն Բաբայանը փոքր-ինչ դժկամորեն պատասխանեց. «Այն իրադարձություններն են, որոնց հետևանքով քաղաքական առճակատումն ավարտվեց»:

Հարցին՝ իշխանությունները պատրաստակա՞մ են իրենց առաջարկները հաշվի առնել, պարոն Բաբայանը պատասխանեց. «Ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող առաջարկները հնարավոր չէ չընդունվեն, մեր ծանրակշիռ կարծիքը ներկայացվել է: Ի վերջո, ոչ մեկի համար սահմանադրությունը վատը դարձնել չի կարող ձեռնտու լինել»:

Վահան Բաբայանը նաև կոչ արեց քաղաքական ուժերին «բոլորն ապրեն իրենց կյանքով և կեղտոտ փիառ չօգտագործեն իրար նկատմամբ, քանի որ ցեխ շպրտել այլ կուսակցությունների հասցեին դա պատիվ չբերող մոտեցում է, որը միշտ ավարտվել է անփառունակ կերպով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930