Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական նոր օրենսգիրք՝ դատավորներ սուբյեկտիվ մեկնաբանություններից խուսափելու համար

Սեպտեմբեր 07,2015 11:48

Այսօր ՀՀ Քրեական նոր օրենսգրքի հետ կապված քննարկում էր կազմակերպվել: Օրենսգրքի նոր հայեցակարգով մտադիր են համապատասխանեցնել այն հանցավորության զարգացման ժամանակակից միտումներին եւ կրիմինալ սպառնալիքներին, ամրագրել հանցավոր արարքները ոչ հանցավորներից սահմանազատելու հստակ հատկանիշներ, որոնք կբացառեն օրենքի սուբյեկտիվ մեկնաբանումը, նվազեցնել հանցավորությամբ պայմանավորված սոցիալական լարվածությունը:

Նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Արա Գաբուզյանը, խոսելով հանցանքի տեսակների, քրեական պատասխանատվության ենթակա անձանց մասին, ասաց, որ երբեմն դեպքեր են լինում, երբ գործող օրենքը հստակ չի ասում, թե այդ իրավիճակում ինչպես պետք է վարվեն եւ ում պետք է պատասխանատվության ենթարկեն:

Նախագծում ճշգրտվել է ավարտված հանցագործություն հասկացությունը: Գործող օրենսգրքում հանցափորձն էլ կարող էր ավարտված հանցագործություն դիտվել. «Այնպես ենք արել, որ հստակ լինի ավատված եւ չավարտված հանցագործությունների տարբերությունը: Օրինակ, նշան բռնեց, կրակեց ու վրիպեց, դա ավարտվա՞ծ հանցափորձ է, թե՞ չավարտված: Մեծ մասն ասում են՝ ավարտված է: Մարդը նշան բռնեց, կրակեց, բայց ձգանի անսարքության պատճառով տեղի չունեցավ: Ինքը սեղմել է ձգանը, հիմա դա ավարտվա՞ծ է, թե՞ չէ: 50 տոկոսն ասում են՝ ավարտված է, 50 տոկոսը՝ չավարտված: Դրա համար մենք ձեւակերպել ենք այսպես՝ հանցագործությունը համարվում է ավարտված, եթե անձը կատարել է անհրաժեշտ արարքները՝ իր դիտավորության մեջ նշված հանցագործությունն իրականացնելու համար եւ կարծել է, թե ինքը ավարտել է հանցագործությունը: Չավարտված է այն, երբ անձը կատարել է գործողություններ, սակայն գիտակցում է, որ այն ավարտին չի հասցրել եւ այն ավարտելու համար կարիք ունի նոր արարք կատարելու: Եթե նոր արարք պետք է կատարի՝ հանցագործությունն ավարտին հասցնելու համար, սակայն չի անում դա, ուրեմն ինքը կամովի հրաժարվում է հանցագործությունից: Դա խրախուսական նորմ է, ոչ թե հանցագործին պատասխանատվության չենթարկելու համար է, այլ կանխարգելում է, որ հանցագործությունը ավարտին չհասցնեն»:

Մի շարք հոդվածներում հանցանքը մի խումբ անձանց կողմից կատարված լինելու դեպքում ծանրացուցիչ հանգամանք է դիտվում: Անչափահասների դեպքում նախագծով առաջարկվում է, որ այն չդիտվի պատասխանատվության ծանրացնող հանգամանք:

Կան դեպքեր, երբ երկու անձինք համատեղ կատարում են նույն արարքը, որը վտանգավոր հետեւանք է առաջացնում, բայց, չգիտես ինչու, միայն մեկը պետք է ենթարկվի պատասխանատվության, ում գործողությունից առաջացել է հետեւանքը: Արա Գաբուզյանը նշեց, որ դեպքեր կան, երբ չեն կարողանում պարզել, թե ում անմիջական գործողությունից է առաջացել հետեւանքը. «Մի լավ օրինակ կա, երբ շվեյցարական Ալպերում երկու լեռնագնաց քարեր են նետում ներքեւ, որտեղ ճանապարհ կա: Նայում են, տեսնում են մարդ չկա, երկուսով քարեր են գցում: Հետո ձայն են լսում, տեսնում են՝ մեկը մահացել է: Ինչպես պետք է պարզեն՝ ում գլորած քարից է մահացել: Քարը փամփուշտ չի, որ նույնականացման գործընթաց գնա: Շվեյցարական դատարանը երկուսին էլ քրեական պատասխանատվության է ենթարկել: Եվ դա ճիշտ է»:

Քննարկման մասնակիցները նկատեցին, որ ավելի շատ ուշադրություն պետք է դարձնել ոչ թե օրենքի կատարյալ լինելուն, այլ դրա լավ կիրառմանը. «Մենք օրենքի կիրառման հետ կապված խնդիր ունենք»:

Գերմանիայի դաշնային Գերագույն դատարանի դատավոր Հեննինգ Ռադթկեի խոսքերով՝ յուրաքանչյուր դատավոր իր խղճին համապատասխան պետք է իմանա, թե ինչպես է մեկնաբանում օրենքը: Նա ներկայացրեց իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության միջազգային փորձը. «Միավորված ազգերի եւ ԵԽ մակարդակներում Գերմանիան նույն պարտավորություններն է ստանձնել, ինչ Հայաստանը:Բացի դրանից Գերմանիան ենթարկվում է եվրոպական իրավունքին, նրա կաշկանդվածությունն ավելի մեծ է: Քաղաքական ճնշում կա Գերմանիայի վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930