Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանի «մեծ ուշադրությունը» թատրոնի հանդեպ վրդովեցրել է աճեմյանցիներին

Սեպտեմբեր 07,2015 11:05

Սեպտեմբերի 5-ին նշվում էր Գյումրիի օրը, որի ծրագիրը բաղկացած էր տարբեր մշակութային միջոցառումներից, ցուցահանդեսներից, տոնական համերգից: Որքան էլ տարօրինակ հնչի, Գյումրու ամենամեծ մշակութային օջախի՝ Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմը մշակութային միջոցառումներին հրավիրված չի եղել: Թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ չի ուզում հավատալ, թե քաղաքապետ Սամվել Բալասանյանը թատրոնի անձնակազմի հետ ինչ-ինչ պատճառներով քեն է քշում, այլ հակված է կարծելու, որ սա ավելի շատ քաղաքապետարանի ներքին օղակների փնթի աշխատաոճի արդյունք է:

«Չեմ կարող ասել, սա դիտավորությո՞ւն էր, թե քաղաքապետարանի կազմակերպչական հերթական փնթիությունը, բայց իրականությունը շատ ավելի խոսուն է: Գիտեք այս տարի Գյումրու դրամատիկական թատրոնի հոբելյանական 150 ամյակն է ու 150-րդ հոբելյանական տարում սա քաղաքային առաջին մեծ միջոցառումն է, որ կազմակերպվեց: Ծրագրին նայելով՝ տեսնում ես, որ այնտեղ կար հետաքրքիր միջոցառում, որն անմիջականորեն վերաբերում էր Գյումրու դրամատիկական թատրոնին. դա Լեւոն Մութաֆյանի «100 տարի և կես դար» գրքի շնորհանդեսն էր: Ի դեպ, գիրքն ամբողջությամբ նվիրված էր Գյումրու դրամատիկական թատրոնի պատմությանը: Եվ շատ զարմանալի էր, որ այդ գրքի շնորհանդեսի կազմակերպչական հարցերում եւս թատրոնից որեւէ մարդ ներգրավված չէր: Եթե չլիներ Լեւոն Մութաֆյանի եւ Գյումրու դրամատիկական թատրոնի անմիջական կապը, երեւի թե մենք տեղյակ չէինք էլ լինի, որ գրքի շնորհանդես է կազմակերպվում է, եւ որտեղ:

Շատ ուրախ ենք, որ սուղ պայմաններում Գյումրու քաղաքապետը միջոց է գտել Գյումրու դրամատիկական թատրոնի 150-ամյակի շրջանակներում գրքի հրատարակմանն աջակցելուն, բայց նաեւ շատ տխրում ենք, որ հետեւողական չեն եղել, եւ շնորհանդեսը նման տխուր միջավայրում է անցել, որովհետեւ գիտեք, որ Գյումրու դրամատիկական թատրոնի կոլեկտիվն ամենամեծն է որպես մշակութային կառույց: Կոլեկտիվն 150 անդամ ունի եւ չէր կարելի այդ թատրոնին նվիրված գրքի շնորհանդեսը կազմակերպել 30-40 հոգով, այդ պայմաններում եւ չէր կարելի թատրոնին նվիրված գրքի շնորհանդես կազմակերպել առանց թատրոնի մարդկանց:

Միջոցառումների շրջանակում որեւէ հրավեր չի եկել, նախ չի տրամադրվել թատրոնին տեղեկություն, որ գիտեք ինչ կա, հովանավորվել է մեր կողմից գիրք, որի շնորհանդեսը տեղի է ունենալու: Եվ նույնիսկ թատրոնի գլխավոր ռեժիսորը տեղյակ չի եղել, այլ մեկ օր առաջ հեղինակն է զգուշացրել:

Ծավալուն գրքում տեղ է գտել թատրոնի գրեթե 145 տարվա պատմությունը, նաեւ անդրադարձ կա թատրոնի վերջին տարիների ստեղծագործական ճանապարհին, մարդկանց մասին է գրված, որոնք այսօր կենդանի են, որոնք այսօր ապրում են, եւ նույն թատրոնի մարդիկ կարող է եւ շատ հետաքրքիր առաջարկություն անեին գրքի շնորհանդեսը մեկ այլ տարբերակով կազմակերպելու համար: Բայց ամեն դեպքում չեղավ ոչ մի արձագանք, չքննարկվեց ոչինչ թատրոնի հետ: Գյումրու դրամատիկական թատրոնին նվիրված գրքի շնորհանդես կազմակերպեցին առանց թատրոնի մարդկանց: Չգիտեմ ինչ հարցրեց քաղաքապետն իր մշակույթի բաժնի պետին, երբ տեսավ, որ թատրոնական ոչ մի մարդ չկա գրքի շնորհանդեսին: Խոսել եմ հեղինակի հետ, հեղինակի պարտավորության շրջանակներում չէ իր գրքի շնորհանդեսին մարդկանց հրավիրելը, եւ նա նույնպես գտնում է, որ կարելի էր գրքի շնորհանդեսը կազմակերպել շատ ավելի թատրոնական միջավայրում եւ Գյումրու դրամատիկական թատրոնի կազմակերպչական բոլոր հնարավորությունները օգտագործելով», -ասաց Տիգրան Վիրաբյանը:

Ըստ մեր զրուցակցի, քանի որ Գյումրու դրամատիկական թատրոնը քաղաքի ամենամեծ մշակութային կառույցն է, Գյումրու կենտրոնական հրապարակում մշակութային միջոցառում կազմակերպելիս ճիշտ կանեին հրավեր ուղարկեին վաստակաշատ դերասաններին: «Կարծում եմ ՀՀ ժողովրդական արտիստ պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, վաստակավոր արտիստներ Ռազմիկ Բադալյանը, Սուսաննա Բաղդասարյանը, Յուրա Ոսկանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտը Քոչարյանն այս քաղաքում վաստակել էին VIP տեղերում նստելու պատիվ, այլ ոչ թե հրապարակի հետնամասում կանգնեին ու հոտնկայս դիտեին քաղաքի տոնակատարության եզրափակիչ համերգը:

Բոլորը սիրում են քաղաքը, բոլորի համար քաղաքի տոնը շատ կարեւոր է, ես չեմ խոսում երիտասարդության մասին: Եթե տեղերը հաշվարկված էին ու սահմանափակ, մենք՝ ջահելներս, կարող էինք ոտքի վրա նայել միջոցառումը, բայց կան մարդիկ, վաստակաշատ դերասաններ, որոնք արժանի են այդ հոգատարությանը եւ ուշադրությանը:

Նույնիսկ թատրոնի տնօրենին ու գլխավոր ռեժիսորին չեն հրավիրել ընդհանուր միջոցառումներին: Եթե սա արվում է միտումնավոր, ինչ-որ բան ապացուցելու համար, շատ ավելի վատ: Ես հակված եմ հավատալու, որ սա ուղղակի հերթական փնթիությունն է, իսկ եթե այդպես չէ, ուրեմն շատ ավելի վատ: Շատ ավելի վատ, որ մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ քեն են քշում քաղաքի կարեւորագույն մշակութային կառույցի հետ»:

Ըստ մեր զրուցակցի, Սամվել Բալասանյանը, գիտենալով, որ նշվում է թատրոնի 150 հոբելյանական տարեդարձը, ցանկություն չհայտնեց թատրոնի որոշ գործիչների պարգեւատրել: «Չեմ խոսում քաղաքի բարձրագույն պարգեւի մասին, բայց մարդիկ կան, որոնք իրենց գիտակցական կյանքի մեծ մասը անցկացրել են թատրոնում, մարդիկ որոնք 60 տարի ապրել ու ստեղծագործում են թատրոնում: Երբ 1965 թվին նշվել է Գյումրու դրամատիկական թատրոնի 100–ամյակը, վեց պետական կոչում է եկել թատրոնին՝ 3 ժողովրդական եւ 3 վաստակավոր, թատրոնին շնորհվել է աշխատանքային կարմիր դրոշ: Այս տարի թատրոնը մշակույթի նախարարության աջակցությամբ նախարար Հասմիկ Պողոսյանի անմիջական վերահսկողությամբ մեծ շուքով պատրաստվում է նշել 150 ամյակը:

Ես առավել քան վստահ եմ, որ 150-ամյակի շրջանակներում մենք կունենանք բարձրագույն պետական կոչումներ, մենք կունենանք մշակույթի նախարարության ու այլ կառույցների կողմից կոչումներ, մեդալներ, պատվոգրեր, շնորհակալագրեր, բայց ավելի կարեւոր է, որ դրա հիմքը, դրա առաջին քայլը լիներ քաղաքից, քաղաքը արժևորեր, քաղաքը կարեւորեր իր արվեստագետին, իր դերասանին, հետո նոր մենք պահանջատեր լինեինք այլ կառույցներին: Բայց երբ որ առաջին հերթին քաղաքն է անտեսում, քաղաքը որեւէ տողով չի անդրադառնում, սա չգիտեմ ում կողմից արված անուշադիր քայլ է:

Չնայած ինչքան տեղյակ եմ՝ նույն ավագանու նիստի ժամանակ, երբ հաստատվել է գրքի համար տրամադրված գումարը, քաղաքապետն ասել է, որ 150-ամյակին մենք աջակցելու ենք: Բայց ինչքան հասկանում եմ, ասված խոսքերն ու հետագա քայլերը իրար չեն համապատասխանում: Կամ ենթակառույցներին, որոնց հանձնարարվում է, այդտեղ խնդիրը մահացնում են, չեն կարողանում հավուր պատշաճի իրականացնել այն խնդիրները, որոնք իրենց վրա դրված են, կամ մահացնում են՝ ծառայեցնելով իրենց շահերին: Եթե քաղաքապետն այս նյութից կտեղեկանա, որ իր հանձնարարությունը հավուր պատշաճի չեն կատարել, ես կուզենամ տեսնել այն մարդկանց պատժված, որոնք քաղաքապետի ծանր խոսքը չեն կատարել: Ու դա թող դարձվի հանրային, հասարակությունը տեղեկանա, որ այս մարդիկ հանձնարարությունները չկատարելու համար պատժվել են»:

Հարցին, թե մշակութային միջոցառման որակը ինչպիսի՞ն էր Տիգրան Վիրաբյանն ասաց. «Այսօր մենք եթե ոչ Եվրոպա, ապա գոնե մայրաքաղաք պիտի նայենք, պիտի տեսնենք, թե ինչ որակով են կազմակերպվում մայրաքաղաքի միջոցառումները: Ունենալով նման հրաշալի տեխնիկական միջոցներ՝ մենք ունեցանք ցածր մակարդակի համերգային երեկո: Եթե 21-րդ դարում կազմակերպվում է նմանատիպ կարևորագույն միջոցառում հանրապետության 2-րդ քաղաքի, շեշտում եմ՝ մշակութային մայրաքաղաքի տարվա գլխավոր տոնակատարությունը, ապա կազմակերպչական 3 բաղադրիչները պարտադիր են:

1.Հստակ համերգային սցենար

2.Համերգի նկարչական ձևավորող

3.Ամենագլխավորը՝ համերգի բեմադրող ռեժիսոր

եթե այս երեք նախապայմանները չկան, ուրեմն քննարկվելիք ոչինչ չկա… »

Մեր ճշտող հարցին էլ՝ թե ո՞ր օրվանից է Գյումրու քաղաքապետը քեն քշում թատրոնի հետ ու ո՞րն է պատճառը, ինչո՞ւ են աճեմյանցիներն այդպես մտածում, մեր զրուցակիցն ասաց. «Նորից եմ ասում՝ ուզում եմ հավատալ, որ սա անհետեւողականության արդյունք է, բայց գիտեք, մեր քաղաքում կարող են մարդիկ իրարից նեղանալ ճշմարտությունների համար: Կարող են պատմություն դարձնել, երբ որ լսում են ճշմարտությունը, երբ որ ասում ես՝ գիտեք ինչ կա, այս խնդիրը դուք ճիշտ չեք արել, այդտեղից կարող է սկսվել պատմությունը, որովհետեւ մենք սովոր չենք լսել ճշմարտությունը, ազդվել, ուղղվել ու ցույց տալ, որ պատրաստ ենք լսելու»:

Մեր զրուցակիցն ասում է, որ այս քաղաքում մշակույթով զբաղվում են մարդիկ, որոնք անձամբ իրենք են զարմանում, որ իրենց է վստահվել այդ պաշտոնը: «Համերգային ծրագրին մասնակցելու զտումն արված էր բացարձակ անգրագետ և անձնական համակրանքների հողի վրա…Բեմում գտնվելու իրավունքը պետք է վաստակել, ոչ թե մտածել՝ ինչի՞ ես նկուղում փորձ անեմ վեց ամիս, եթե կարող է քեռուս տղեն զանգել ու ես երգեմ»,- քննադատում է Տիգրան Վիրաբյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930