Անկախությունից հետո երեք նախագահ ենք ունեցել, եւ երեքի օրոք էլ ընդդիմությունն
ասել ու պնդել է, որ տվյալ նախագահից եւ տվյալ իշխանությունից ավելի վատ
նախագահ ու իշխանություն դժվար է պատկերացնել:
Լավ թե վատ՝ միշտ ընդդիմություն ունեցել ենք, բայց այսօրվա ընդդիմությունից ավելի թույլ, ավելի անմիաբան ու ցաքուցրիվ ընդդիմություն դժվար է պատկերացնել:
Լավ է, որ ժամանակ առ ժամանակ երիտասարդ քաղաքացիականներն ակտիվանում ու որոշ պահանջներ են առաջ քաշում, այլապես կարելի կլիներ ասել, որ այսօր ընդհանրապես ընդդիմություն չունենք, եւ այսօր ընդդիմություն ասելով՝ առաջին հերթին հենց այդ երիտասարդներին նկատի ունենք: Եվ այդ երիտասարդներին նկատի ունենալով՝ կարող ենք ասել, որ ընդդիմության մեջ սերնդափոխություն է տեղի ունենում: Որոշ իմաստով կարող ենք այդ ասել, որոշ իմաստով՝ ոչ: Որ այդ երիտասարդները միանգամայն ակտիվ, միանգամայն ընդդիմադիր եւ միանգամայն երիտասարդ են՝ դա փաստ է, եւ մեզ իրավունք է տալիս ասելու ու հայտարարելու, որ Հայաստանում ընդդիմության շարքերում սերնդափոխություն է տեղի ունեցել: Այսուհանդերձ, հակառակը պնդողները կարող են մեզ հակաճառել՝ ասելով, որ մեր նշած միանգամայն երիտասարդ, միանգամայն ընդդիմադիր եւ միանգամայն ակտիվ երիտասարդները որեւէ ընդդիմադիր կուսակցության անդամ չեն հանդիսանում: Սանասարյանն ու մի քանիսն ընդամենը բացառություններ են: Սա եւս փաստ է: Ինչ վերաբերում է մեր ընդդիմադիր, կիսաընդդիմադիր եւ գրեթե բոլոր կուսակցություններին, դրանցում սերնդափոխություն տեղի չի ունեցել եւ հույս էլ չկա, որ երբեւէ տեղի կունենա:
ԱԻՄ-ն էն գլխից Հայրիկյանի սեփականությունն է եղել, եւ չնայած ժամանակ առ ժամանակ Հայրիկյանի կողքին զանազան երիտասարդներ են հայտնվել ու հայտնվում, դա սերնդափոխություն անվանել չես կարող, որովհետեւ, ինչպես միշտ, այդ կուսակցության մեջ առաջին ու վերջին խոսքը պատկանում է Հայրիկյանին:
Նույնը կարելի է ասել ԱԺՄ-ի եւ անձամբ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ: Նույնը վերաբերում է Արամ Զ. եւ Արամ Գ. Սարգսյաններին եւ նրանց կուսակցություններին, նույնը վերաբերում է Գեղամյանի եւ Ստեփան Դեմիրճյանի կուսակցություններին, որոնց նախագահները մշտապես նույնն են: Նույնը վերաբերում է մեր գրեթե բոլոր կուսակցություններին, եւ եթե ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանն այլեւս այդ կուսակցության նախագահը չէ, դա ամենեւին չի նշանակում, թե տվյալ կուսակցությունում սերնդափոխություն է տեղի ունեցել: Եվ եթե ժամանակ առ ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության նախագահի պաշտոնը մեծահոգաբար զիջում է որեւէ ուրիշի, դա ամենեւին չի նշանակում թե «Ժառանգությունը» Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական ժառանգությունն ու սեփականությունը չէ: Եվ եթե այս պահին Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես չի հանդիսանում ՀԱԿ կուսակցության նախագահը, դա դեռ չի նշանակում, թե այդ կուսակցությունում իրենից բացի ուրիշ հարց լուծողներ կան:
Մի խոսքով՝ Հայաստանի գրեթե բոլոր կուսակցություններն ընդգծված ու անփոփոխ առաջնորդների կուսակցություններ են. էլ չենք խոսում այն մարդ-կուսակցությունների մասին, որոնց միայն առաջնորդների անուններն են հայտնի (Տիգրան Կարապետիչ, Արշակ Սադոյան, Հրանտ Բագրատյան, Արամ Գ. Սարգսյան, Խոսրով Հարությունյան, Գառնիկ Իսագուլյան եւ այլն):
Կարդացեք նաև
Փաստորեն, բոլորը (մանավանդ ընդդիմադիրները) շարունակ ժողովրդավարությունից են խոսում, բայց նույնիսկ իրենց կուսակցությունների ներսում ժողովրդավարություն չեն ապահովում:
Մարդ-կուսակցության առումով ՀՅԴ-ն, իհարկե, բացառություններից է, բայց ՀՅԴ-ում էլ առանձնապես սերնդափոխություն չի նկատվում, եւ չնայած Դաշնակցության երիտասարդական թեւը մշտապես ակտիվ է, ՀՅԴ ղեկավար կազմում եւ պատգամավորական ցուցակի վերեւներում երիտասարդներ գրեթե չեն հայտնվում:
Երեւի կուսակցությունների ղեկավարներն էլ պիտի սահմանափակ ժամկետով ընտրվեն, այլապես կունենանք կուսակցությունների ցմահ նախագահներ, եւ երբեւէ սերնդափոխություն տեղի չի ունենա:
Եվ քանի որ կուսակցությունների ներսերում սերնդափոխությունը փաստորեն բացառվում է, քաղաքական հետաքրքրություններ ունեցող երիտասարդները, որոնց պայմանականորեն երիտասարդ քաղաքացիականներ ենք անվանում, անձամբ են փորձում ընդդիմության մեջ սերնդափոխություն իրականացնել: Ընդ որում՝ բավական հաջող: Նախորդ անգամ նրանց պայքարի շնորհիվ տրանսպորտի թանկացումը կանխվեց, այս անգամ՝ էլեկտրաէներգիայինը: Այսուհանդերձ, նույնիսկ երիտասարդ քաղաքացիականների վճռական առկայությունը լիարժեք սերնդափոխություն չենք կարող համարել, որովհետեւ վերջիններս դեռեւս քաղաքական գրանցում չունեն, եւ եթե նույնիսկ իբրեւ կուսակցություն գրանցվեն, ընդամենը կուսակցությունների թիվը մեկով կամ երկուսով կավելացնեն: Եվ սերնդափոխության հարցը վերստին բաց կմնա:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
05.09..2015