Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հովսեփյան. «Մենք բոլորս էլ հաղթանակի ծարավ ենք». ՀՖՖ

Սեպտեմբեր 07,2015 10:52

Սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը.

– Հենրիխ Մխիթարյանը Սերբիայի հետ խաղում գործում էր հենակետայինի դիրքում, չե՞ք կարծում,որ առջևի գծում նա ավելի արդյունավետ կգործի։

– Հնարավոր է, բայց ես կարծում եմ, որ մեր հավաքականին նա այդ դիրքում ավելի մեծ օգուտ է տալիս։ Իհարկե, եթե լիներ 3-4 Հենրիխ Մխիթարյան, մենք նրան առաջում կխաղացնեինք, բայց ցավոք նա մեկն է, և մեծ օգուտ է տալիս հենց այդ դիրքում։

-Սերբիայի խաղին ի՞նչ կարգադրություններ էիք տվել թիմին, և Հենրիխ Մխիթարյանի՝ որպես հենակետային կիսապաշտպանի, խաղից գո ՞ հ եք, թե ՞ոչ:

Սերբիայի հետ խաղում մենք հասկանում էինք, որ պետք է խաղանք հակագրոհների վրա։ Ունեինք պահեր առաջին կեսում, որոնք տղաները չկարողացան օգտագործել։ Առաջին կեսում տղաները ինչ-որ չափով կատարեցին առաջադրանքները, բայց ոչ լիովին, դրա համար դիտել ենք տեսագրությունը և փորձում ենք բացերը լրացնել։ Ինչ վերաբերում է Մխիթարյանին, այո, նա շատ լավ է խաղում։ Ես հասկանում եմ, որ եթե նա ավելի առջևում գործի, ապա շատ ավելի վտանգավոր կխաղա։ Բայց մեզ խաղացող է պետք, ով պաշտպանությունից գնդակը կհասցնի հարձակվողներին։ Դա ամենավտանգավոր գոտին է։ Եթե այն հանձնեցիր, մրցակիցն ամբողջությամբ կտիրի խաղին։ Կրկնում եմ` ամբողջ թիմի խաղը չստացվեց։ Չէի ցանկանա ինչ-որ մեկին առանձնացնել։ Պարտվել ենք բոլորս։ Վերլուծություններ արդեն արել ենք և կփորձենք մեր դաշտում ուրախացնել մեր երկրպագուներին։

– Նշել էիք, որ որոշ ֆուտբոլիստներ չէին կատարել ձեր հանձնարարությունները։ Կտա՞ք նրանց անունները:

– Չէի ցանկանա անուններ տալ։ Այդ ամենը մենք մեր ներքին խոհանոցում վերլուծում ենք և դատողություններ ենք անում։ Ցանկացած ֆուտբոլիստ, կարևոր չէ որ ակումբից, պետք է նվիրվի հարյուր տոկոսով։ Միգուցե լավ մարզավիճակում չեն եղել և չեն կարողացել իրենց մրցակցի դեմ լավ խաղալ։ Դրա համար կան փոխարինողներ, որոնք կարող են օգնել հավաքականին։

– Ըստ վիճակագրության` Հայաստանի հավաքականը վերջին անգամ հաղթել է 1 տարի առաջ, ինչպե՞ս եք ուզում մոտիվացնել թիմին։

Պատասխանը հենց ձեր հարցի մեջ էր։ Մենք բոլորս էլ հաղթանակի ծարավ ենք, ուզում ենք անպայման հաղթել սեփական դաշտում և ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար։

– Կարո՞ղ եք ասել, որ Սերբիայից կրած պարտության պատճառներից մեկը Մովսիսյանի և Օզբիլիսի մոտ խաղակցվածության պակասն էր։

– Չեմ կարծում, որ պատճառը միայն այս երկու ֆուտբոլիստի վատ խաղն էր: Մանավանդ, եթե երկու գոլ ենք բաց թողնում, Մովսիսյանի մեղքը այդտեղ ընդհանրապես չկա։ Նա շատ լավ աշխատեց և շատ սուր էր խաղում, բայց գոյություն ունի նաև մրցակից, որը նույնպես լավ էր խաղում։ Արասը մեկ տարի չէր խաղացել, և եթե նրան չհրավիրեինք հավաքական, գեղեցիկ չէր լինի։ Մենք պետք է նրան աջակցենք և հնարավորություն տանք։

– Ինչպե՞ս կմեկնաբանեք եզրային պաշտպանների խաղը։ Դո ՞ ւք էիք նրանց հրահանգ տվել առաջ չգնալ։

– Եզրում միայն պաշտպանները չեն պաշտպանվում, իզուր չէ, որ ասում են կիսապաշտպան։ Նրանք պետք է պաշտպանվեն, և եթե թողնեն պաշտպանին մենակ, ապա շատ դժվար կլինի։ Ինչ վերաբերում է հարձակվելուն, ապա կարծում եմ, որ պաշտպանը պետք է նախ և առաջ իր գործը անի, նոր մտածի հարձակվելու մասին։ Եթե ուժ չի մնում, ապա ավելի լավ է նա պաշտպանվի, քան առաջ գնա և թերանա։

– Դուք նշել էիք, որ Նորայր Ասլանյանը կարող է խաղալ պաշտպանությունում։ Լևոն Հայրապետյանի բացակայության ֆոնին նա կարո՞ղ է հայտնվել մեկնարկային կազմում։

– Մենք ֆուտբոլիստներ ունենք, ովքեր կարող են շատ լավ խաղալ ձախ եզրում։ Իհարկե, ես հիմա խաղաքարտերը չեմ բացի, բայց հավատացեք, կան շատ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են խաղալ և լավ խաղալ։

– Մեր հավաքականի գլխավոր խնդիրներից մեկն է ֆուտբոլիստների պրակտիկայի բացակայությունը։ Ժամանակը չէ ՞ թարմ արյուն ներարկել հավաքականի մեջ։ Այսքան ժամանակ արդյունք չկա, բայց հավաքականի կազմը նույնն է։

– Մենք մարզումներին հետևում ենք, և տեսնում ենք, որ պրակտիկա չունեցող խաղացողը մի քանի անգամ լավ է խաղում մյուսից։ Փոփոխություններ կարող են լինել այն դիրքում, որտեղ մրցակցություն կա։

– Բացի ձախ եզրային պաշտպանից, կա՞ն վնասվածքով այլ ֆուտբոլիստներ։

– Այո կան, բայց բնականաբար ես չեմ ասի` ովքեր են նրանք։

– Ինչո՞վ էր պայմանավորված Մարկոսի և Գևորգ Ղազարյանի փոփոխությունները:

– Մարկոսին փոխարինեցինք, որովհետև ուժեղ հարված էր ստացել ոտքին և ցավով էր խաղում։ Շնորհակալություն եմ հայտնում նրան, քանի որ նա պետք է ավելի շուտ լքեր դաշտը, սակայն դիմանում էր։ Ղազարյանը այն ֆուտբոլիստն է, ով ամբողջովին նվիրվում է խաղին։ Նա կարող է կյանքն անգամ տալ հավաքականի համար։

– Հնարավո՞ր է` Դանիայի հավաքականի խաղից հետո հրաժարական տաք։

– Ես գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն եմ և անիմաստ կլինի հրաժարական տալ։

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930