Սեպտեմբերի 11-ին «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները ժամը 18:30-ին Ազատության հրապարակից Բաղրամյան պողոտա իրականացնելու են հավաք-երթ, քանի որ, ըստ նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանի, մինչեւ հիմա ապացուցվել է, որ մարդկանց ոգեւորողը հավաք-երթերն են. «Նախօրոք չենք ուզում հայտարարել, թե ինչ է լինելու այդ օրը, երթը կանենք, ցույց կտանք մեր ուժը, կարող է շարունակական դառնա, կարող է այդ օրով սահմանափակվենք, այս պահին մեր խաղաքարտերը չենք կարող բացել»:
Մինչ այս որոշումն ընդունելը «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները Մաշտոցի պուրակում հանրային քննարկում իրականացրին, որը տեւեց շուրջ 2 ժամ: Այդ ընթացքում նախաձեռնության անդամները, ինչպես նաեւ ներկա այլ անձինք քննարկեցին նախաձեռնության հետագա քայլերը, ինչպես նաեւ փորձում էին հասկանալ պայքարող խմբի ձախողման պատճառները: Ըստ մասնակիցների՝ հիմնական պատճառը «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի՝ պայքարող ժողովրդին Ազատության հրապարակ հրավիրելու կոչն էր:
Ի դեպ, այս քննարկմանը ներկա չէր Վաղինակ Շուշանյանը:
Կարդացեք նաև
Արթուր Քոչարյանը եւս հաստատեց քննարկման ժամանակ հնչած այն միտքը, որ նախաձեռնության մեծ թափը կոտրվեց ժողովրդին Ազատության հրապարակ տանելու Վաղինակ Շուշանյանի նախաձեռնությունից հետո: «Մարդկանց համար մինչեւ հիմա պարզ չէ, որ երբ ամբողջ ժողովուրդը գոռում էր Բաղրամյան, ի՞նչ եղավ, որ իջան Օպերա: Մեղավոր բառը չեմ օգտագործում, փաստն եմ արձանագրում, որ Վաղինակ Շուշանյանի կողմից տեղի ունեցավ այդ «Օպերա» ասվածը, որը խմբի որոշման հետ չէր համապատասխանում»,-ասաց Արթուր Քոչարյանը:
Իսկ թե արդյոք հիմա, երբ սահմանում լարված իրավիճակ է, որքանո՞վ է նպատակահարմար, որ «Ո՛չ, թալանին» նախաձեռնությունը շարունակում է պայքարել, Արթուր Քոչարյանը պատասխանեց, որ հենց սահմանի լարվածությունը հաշվի առնելով են նաեւ պայքարում, քանի որ իշխանությունները այնքան չեն մտածում ժողովրդի մասին, որ լարվածության շրջանում հոսանքի գին են թանկացնում: «Նրանք պետք է չեղարկեին՝ ելնելով հենց լարվածությունից եւ սահմանադրական բարեփոխումները հետաձգեին, քանի որ դա խանգարում է կենտրոնանալ սահմանի վրա: Իսկ երբ որ այսօր քաղաքացին իր բիզնեսի կամ հացի խնդիրն է լուծում, նա ավելի շատ մտածում է իր երեխան հաց կուտի, թե ոչ, քան թե սահմանում ինչ է կատարվում»:
Քննարկման ժամանակ մասնակիցներից մեկն ասաց, որ բացի այդ սխալ քայլերից՝ ճիշտ քայլեր են եղել նախաձեռնության կողմից, փակենք սխալների թեման եւ շարժվենք առաջ, որոշենք՝ ինչ ենք անելու ամսի 11-ին: «Գտնում եմ, որ փողոց դուրս գալ եւ քաղաքացիական անհնազանդություն անելը պայքարի ամենաճիշտ տարբերակն է այս իրավիճակում»,- նշեց քնարկման մասնակիցներից մեկը:
Քննարկումից հետո նրանք իրազեկման կոչերով երթ անցկացրին:
Aravot.am-ի լրագրողը «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանից հետաքրքրվեց, թե այսօրվա քննարկման ժամանակ իր հասցեին հնչած բացասական կարծիքի պատճառն ի՞նչն է: Շուշանյանն ասաց, որ մինչեւ իր ականջով չլսի խմբի անդամներից այդ կարծիքը, ոչ մի հակադարձ պատասխան չի տա. «Քանի որ խմբի անդամներն իմ հարազատ եղբայրներն ու քույրերն են, իմ ամենամոտ ընկերներն են, ես չեմ պատասխանի մինչեւ իմ ականջով չլսեմ: Իսկ թե ինչու այսօր քննարկմանը չեմ եղել, ասեմ, որ 24 ժամյա գրաֆիկով աշխատանքի մեջ եմ»:
Այսօրվա քննարկմանը հնչած այն կարծիքի մասին, որ խմբի թափը ընկավ Վաղինակ Շուշանյանի այն հայտարարությունից հետո, թե իջնում ենք Ազատության հրապարակ՝ պայքարը այնտեղ շարունակելու համար, Վաղինակ Շուշանյանն ասաց. «Եթե անդրադառնամ շարժման թափը կորցնելուն, այո, համաձայն եմ՝ շարժումը թափը կորցրեց, եւ եթե դա սայթաքում էր իմ կողմից: Ես ընդունում եմ դա, բայց նաեւ մեկ ուրիշ կողմից էլ կարող եմ ասել, որ դա ոչ թե սայթաքում էր, այլ միառժամանակ հանգիստ վերցնելու, կրքերը հանգստացնելու գործընթացին տանող քայլ էր իմ արած այդ արտահայտությունը, ինչը բերեց նրան, որ բախումներ տեղի չունեցան, անկարգություններ, վնասվածքներ չեղան: Իհարկե, իմ արած այդ արտահայտության մեջ կար անձնական հուզական էմոցիաներին տրվելու մի պահ, որը միգուցե ես չկարողացա ճիշտ կառավարել: Դրա համար ստացվեց այն, ինչ ստացվեց, եւ ինչքան էլ ուզում է դա սխալ լինի, ես հորդորում եմ չհիասթափվեն ոչնչից, քանի որ առաջիկայում՝ ամսի 11-ին ես լինելու եմ այն մարդը, որը եղել եմ մինչ այժմ»:
Այն կարծիքին էլ, որ Վաղինակի շուրջ եղել են սադրիչներ, ասաց. «Օպերա տեղափոխվելուց հետո պարզվեց, որ ամեն ինչ կարծես պլանավորված էր ու ես անում եմ նրանց որոշած գործողությունները: Եվ այնտեղ տեսնելով քաղաքապետարանի կողմից տրամադրված բարձրախոսները, լույսերի առկայությունը, ամեն ինչ պարզ էր դառնում, որ ես ակամայից իրենց ուզած քայլն եմ արել: Բայց ես մտածել եմ, որ լավ բան եմ արել, որովհետեւ բախումների չեմ տարել ժողովրդի մեծ մասին: Երբ իջանք Օպերա, ես զանգ ստացա, ասեցին, որ ես հասարակ քաղաքացի եմ, ախպեր ջան, ուզում եմ օգտակար լինեմ, քեզ համար դինամիկներ եմ բերել: Եվ միայն մի ելույթ եղավ, որից հետո, երբ իմացա, որ այդ ամենը պատկանում է քաղաքապետարանին: Այդ ամենը 2 օր մնաց այնտեղ, մինչեւ եկան տարան»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ