«Մեր բանակը համարժեք պատասխան է տալիս, կրակոցներն էլ մեզ համար սովորական բան են»
«Երեկվանից կրակոցները նվազել են, Պառավաքարի հատվածում երեկ կրակոցներ են եղել մեծ տրամաչափի զենքերից, իսկ Այգեպարի, Ներքին Կարմիրաղբյուրի, Մովսեսի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»,-այսպես ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում: Նա նշեց նաեւ, որ այս պահին գտնվում Է Այգեպար գյուղում, ժողովրդի հետ նստած զրուցում է: «Այս պահին խաղաղ է, ոչ մի կրակոց չկա, եւ մարդիկ իրենց առօրյա աշխատանքին են: Ժողովուրդը սովորական, իրենց գործերով են զբաղված, ով ինչ կարողանում անում է: Նույնիսկ այստեղի շներն են հանգիստ հաչում»,-ասաց պարոն Մելիքյանը:
Ըստ նրա, բացարձակապես խուճապային իրավիճակ չկա, Այգեպարի դիմացի Ալիբեյլի գյուղի գրեթե 80 տոկոս բնակչությունը դատարկվել է. «Այնտեղ մեծ խուճապ է: Նույն խուճապային վիճակն էր Ադրբեջանի Թաթլու, Աղդամ գյուղերում: Մեր բանակը համարժեք պատասխան տալիս է, կրակոցներն էլ մեզ համար սովորական բան են»:
ՀՀԿ խմբակցության քարտուղարն ասաց, որ այս պահին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների դաշտի աշխատանքներին չեն խոչընդոտում ադրբեջանցիները, բայց նաեւ ասաց, որ սպասվում է, որ մի 15 օրից հետո՝ խաղողաքաղի ժամանակ մի փոքր լարվածություն կսկսվի թշնամու կողմից. «Ժողովուրդը միշտ պատրաստ է, զգոն է եւ ոչ մի վարկյան զգոնությունը չի կորցնում»:
Կարդացեք նաև
Պարոն Մելիքյանի խոսքով՝ ամեն շաբաթ լինում է Տավուշի մարզում, եւ չնայած տեղի ժողովուրդը շատ բանի կարիք ունի, բայց այնուամենայնիվ, ըստ Գագիկ Մելիքյանի, շատ պահանջներ չունի՝ քչով բավարարվում է, իրավիճակը, նաեւ՝ երկրի վիճակը, ճիշտ գնահատում:
Իսկ թե ինչպես են անցնում տեղի դպրոցականների դասերը՝ նշեց, որ դասերը ոչ մի օր չեն ընդմիջվում կրակոցների պատճառով. «Հերոս ժողովրդի մասին ի՞նչ կարող ես ասել: Առաջին դասարանից սկսած մինչեւ գյուղի ամենածեր մարդը բոլորը հերոսներ են»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ