ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթի երկրորդ փուլի հաղթող Երեւանի, Հայաստանի 10 մարզերի եւ Արցախի 144 ընտանիքներն այսօր ժամանում են Ծաղկաձորի գլխավոր մարզաբազա՝ մասնակցելու եզրափակիչ փուլին:
Մարզաբազայի տնօրինությունը նրանց համար ստեղծել է մեկ շաբաթ բնակվելու, մարզվելու, սնվելու եւ մրցելու լավագույն պայմաններ:
Կարդացեք նաև
Մինչ ընտանիքներն անցնում են մանդատային հանձնաժողովը եւ տեղավորվում հյուրանոցում, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության աշխատակիցները փոխնախարար Խաչիկ Ասրյանի ղեկավարությամբ երեկվանից մարզադաշտը նախապատրաստում են մրցումներին:
«Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթի գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու Խաչիկ Ասրյանն Aravot.am-ին ասաց. «Օրվա ընթացքում բոլոր ընտանիքները ժամանելու են Ծաղկաձոր, իսկ հաշմանդամ ունեցող 19 ընտանիքները մեեզ կմիանան սեպտեմբերի 8-ին: Այսօր նրանց համար հանգստի օր է, բայց երեկոյան կազմակերպիչները՝ ես, իմ ղեկավարած վարչության աշխատակիցները, բոլոր մրցավարները հանդիպելու ենք 144 ընտանիքների եւ 12 պատվիրակությունների ղեկավար պատասխանատուների հետ, որի ժամանակ մեկ անգամ եւս նշելու ենք այս մրցույթի դերն ու նշանակությունը մեր երկրի հասարակության մեջ, ծանոթացնելու ենք մրցումների կանոնադրությանը, հյուրանոցից ու ընդհանրապես մարզաբազայից օգտվելու, ընտանիք-մրցավար շփումների կարգին: Վաղը 10:30-ին կտրվի մրցումների մեկնարկը, իսկ 17:00-ին կլինի «Լավագույն մարզական ընտանիք 2015»-ի բացման հանդիսավոր արարողությունը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ