«Աշխարհը ստով է կառուցված: Մարդիկ ապրում են ստի դեմ պայքարելով: Բայց ավելի շատ՝ հավատալով: Նրանք երազում են մի երջանիկ օր, երբ կգա ճշմարտությունն, ու ստի որջը կքանդվի»: Այդպես է սկսվում մեր հրաշալի գրող Լեւոն Ջավախյանի պատմվածքներից մեկը: Ճիշտ է, բայց համաձակվեմ նաեւ ավելացնել՝ երազում են, որ ստի որջը քանդվի եւ… շարունակում են ստել:
Քաղաքական գործիչները՝ հատկապես: Նրանք ստեր են փչում՝ ենթադրելով, որ դրանք չեն բացահայտվի եւ վստահ լինելով, որ բացահայտվելու դեպքում, նրանք ինչ-որ «ֆռիկ» կգտնեն՝ «ջրից չոր դուրս գալու» եւ իրենց սուտը քողարկելու համար: Հայաստանի իշխանությունները 25 տարի պնդում են, թե «մենք զարգանում ենք», երբեմն նաեւ «վագրային թիչքներով», բայց նրանք գիտեն, որ դա սուտ է, եւ մենք տեղում ենք դոփում: Ընդդիմադիրներն ասում են, որ Հայաստանում «բռնապետական ռեժիմ է», բայց շատ լավ գիտեն, որ դա սուտ է, եւ, իրենց ասած ռեժիմների ժամանակ հնարավոր չէ այդ գնահատականը հնչեցնել, օրինակ, պառլամենտի ամբիոնից:
Բայց դրանք հերթապահ, թերեւս նաեւ՝ «անհրաժեշտ» ստեր են, որոնք գուցե կազմում են կուսակցական քարոզչության հիմքը: Դրա հետ մեկտեղ քաղաքական գործիչները ամեն օր արտաբերում են մանր, «երկրորդական» ստեր, որոնց խիստ անհրաժեշտությունը, կարծես թե, չկա, եւ որոնք, հավանաբար, պարզապես պետք են նրանց ամբողջությամբ հոգեբանական «կոմֆորտի գոտում» գտնվելու համար: Մանավանդ տարօրինակ է, երբ նման «երկրորդական ստեր» են ասում նրանք, ովքեր հավակնում են լինել արդարության, անաղարտության եւ վերջին ատյանի ճշմարտության մարմնավորումը:
Իհարկե, իրենց գործն է: Պարզապես պետք է հաշվի առնել, որ ամեն մի, նույնիսկ փոքրիկ սուտ, ավելացնում է մեր պարտքները: Հասկացաք, թե ինչ իմաստով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իսկ, անձամբ դուք երբ ես սկսելու՝ ձեր պարտքերը վերադարձնել?…