Այսօր նշվեց Գյումրու օրը: Տոնակատարությունների համար ավագանու որոշմամբ քաղաքային բյուջեից երեկ հատկացվել էր 9 միլիոն դրամ: Նշենք, որ մայրաքաղաքից կառավարական, բարձրաստիճան հյուրեր գրեթե չկային, բացառության կարգով միայն հյուրընկալվել էր տարածաքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը: Եկել էր նաեւ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, որի ներկայությունը մեծ հրճվանք պատճառեց տոնակատարության մասնակիցներին, ավելի ուշ ժամանեց նաեւ Բրազիլիայի դեսպանը, մասնակցում էին նաեւ ՌԴ հյուպատոսն ու նրա կինը:
Սամվել Բալասանյանը Aravot.am-ի հետ զրույցում բարձրաստիճան հյուրերի՝ Գյումրու տոնակատարությանը չմասնակցելը պատճառաբանեց «Շանթ 2015» հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժություններով: «Այսօր արտակարգ էր իրավիճակը հանրապետությունում, քիչ հյուրեր ունեցանք, գիտեք, որ իրենք տեղերում պետք է մնային, ինձ էլ թույլատրեցին, որ ես կարողանամ ազատ շարժվել»,-ասաց քաղաքապետը:
Գյումրու տոնը սկսվեց Ջիվանու անվան փողոցի վերաբացմամբ, որն ասֆալտապատվել էր Գյումրու համայնքային աղքատիկ բյուջեի հաշվին:
Կարդացեք նաև
Գյումրու քաղաքապետը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքի ցեխոտ փողոցների դեմ պայքարը թողել են քաղաքի բյուջեի հաշվին: Սամվել Բալասանյանը նաեւ նեղսրտեց, որ եկամուտների հավաքագրումը շատ դժվարությամբ է կատարվում, սոցիալական լուրջ խնդիրներ կան, շատերը Գյումրիում չեն, քաղաքապետարանն էլ չի կարողանում գույքի, հողի հարկ վերցնել, «Ռուսաստաններով» են ման գալիս, որ մարդուն գտնեն ու հարկը գանձեն:
Ջիվանու փողոցի վերաբացման ժամանակ ելույթ ունեցավ Լենինականի քաղաքային խորհրդի նախագահ Կառլեն Համբարձումյանը: Ըստ նրա՝ Գյումրիում երկրորդական համարվող փողոցներն այնպիսի ցեխի մեջ են թաղված, որ դրանց ասֆալտապատումը հրաշագործություն է թվում տվյալ փողոցի բնակիչների համար: Կառլեն Համբարձումյանը, որն ապրում է հենց Ջիվանու փողոցում, ասաց, որ սա ցեխի ու փոշու մեջ էր թաղված ու կառավարությանը կոչ արեց ավերիչ երկրաշարժ տեսած քաղաքն այսպես չանտեսել, մի քիչ ուշադրություն դարձնել, աշխատատեղեր ստեղծել: Նախկին պաշտոնյան, դիմելով Ֆելիքս Ցոլակյանին՝ որպես կառավարության ներկայացուցչի, առաջարկեց միջնորդել կառավարությանը հայ զինվորների համար հագուստն ու կոշիկները Գյումրիում արտադրելու, սրանով կստեղծվի պետական ձեռնարկություն այս քաղաքում, քանի որ մասնավորից հույս չկա, Գյումրին հրապուրիչ չէ մասնավոր բիզնեսի զարգացման համար:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Գյումրիում աշխատատեղեր չլինելու ու արտագաղթելու թեմային, հորդորեց գյումրեցիներին՝ չլքել քաղաքը, մնալ այստեղ, քանի որ ներդրողները հետաքրքված են Գյումրիով, վերջերս մեծ գումարներով եկել են Գյումրի, շուտով ամեն ինչ կփոխվի: Նա ասաց, որ հեռու տեղը ձայնն անուշ չէ, ինչպես թվում է:
Չնայած բոլոր խնդիրներին՝ այսօր մշակութային մայրաքաղաք Գյումրիի տարբեր պատկերասրահներում ու թանգարաններում միջոցառումներ կային, նույնիսկ քաղաքապետին պատկանող «Պոլոզ Մուկուչ» գարեջրատան մոտ թատերականացված պատկեր կար: Փորձել էին ցուցադրել Գյումրու կոլորիտը, սակայն նկատենք, որ միջոցառումներն ամեն տարի կրկնվում են, օրինակ՝ հացի փառատոնը, մինչդեռ այս տարի կարելի էր մտածել մեկ այլ փառատոն անցկացնելու մասին: Բացի այդ, ծրագրում մեծ տեղ էր հատկացված մանկական համերգային ծրագրերին՝ մուլտհերոսների մասնակցությամբ, մինչդեռ այս տոնը միայն երեխաների համար չէ, 9 միլիոն դրամը քիչ գումար չէ ավելի լուրջ մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ