Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը նկարչուհին կտրամադրի իր ուսուցչուհու բուժմանը

Սեպտեմբեր 05,2015 18:52

Երիտասարդ նկարչուհի Լիլի Սամվելի կտավներն ու «ՇաԼի» զարդերը երկու օր ներկայացված կլինեն «Տերյան» մշակութային կենտրոնում:

Ցուցահանդեսը բացվեց այսօր և բաց կլինի մինչև վաղը՝ ժամը 21:00-ը:

Անհատական ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը նկարչուհին տրամադրելու է իր ուսուցչուհու՝ նկարչուհի Արմենուհի Մարտիրոսյանի բուժմանը, որի համար 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հարկավոր:

Սա Լիլի Սամվելի չորրորդ անհատական ցուցահանդեսն է: Ներկայացված են ինչպես նոր, այնպես էլ նախորդ ցուցահանդեսներում արդեն ցուցադրված աշխատանքներ՝ զարդեր և կտավներ: Զարդերի մեծ մասն ու հինգ կտավ հատուկ այս բարեգործական ցուցահանդես-վաճառքի համար է նա պատրաստել:

Նկարչուհին ստեղծագործում է 2009 թվականից, սակայն որոշել է ցուցադրել միայն վերջին երեք տարիների ընթացքում արված աշխատանքները. «Մինչ այդ եղածը դեռ պահում եմ ինձ համար, երբեք չեմ ցուցադրել: Գուցե երբևէ ցանկություն առաջանա նաև դրանք ցուցադրելու: Պարզապես, այդ գործերն ավելի թերապևտիկ բնույթի են, կարելի ասել՝ ավելի շատ թերապիա են, քան նկարչություն, իսկ դրանք լրիվ տարբեր բաներ են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լիլի Սամվելը:

Զարդեր ավելի ուշ է սկսել պատրաստել՝ 2012-ից: Ասում է, որ դրանք գրեթե չեն կրկնվում: Եթե նույնիսկ որևէ զարդի կրկնօրինակն են պատվիրում, նա խորհուրդ է տալիս փոքր-ինչ այլ կերպ անել, որպեսզի ամեն մեկը կրի այն, ինչը չունի մեկ ուրիշը:

Լիլի Սամվելը չի կարծում, որ արդեն գտել է իր ձեռագիրը. «Եթե վստահ ասեմ, որ ունեմ իմ ձեռագիրը, նախևառաջ ինքս չեմ հավատա դրան, որովհետև նկարիչը տարիներ շարունակ կարող է նկարել ու այդպես էլ չունենալ իր ձեռագիրը: Ես դեռ իմ ձեռագրի ձևավորման ճանապարհին եմ և կարծում եմ, որ մինչև նկարելուս վերջին օրն էլ այդ ճանապարհն անցնելիս կլինեմ, որովհետև ինչպես մարդու ասելիքը կարող է փոփոխվել, և նա անընդհատ նոր բան ունենա ասելու, այնպես էլ ձեռագիրը: Իմ նկարներն իրար փոխլրացնում են. նույն ձեռագիրն է, և այն, ինչ ես եմ, այստեղ է, բայց, անշուշտ, այստեղ կա նաև իմ ուսուցչուհու ձեռագիրը. չէ՞ որ նա է ինձ սովորեցրել: Ես ունեմ գործեր, որոնց նայելիս մարդիկ կարող են ասել՝ դու հաստատ Արմենուհու աշակերտուհին ես, ես էլ մեծ հպարտությամբ կարող եմ պատասխանել՝ այո, դուք ճիշտ եք»,- անկեղծանում է մեր զրուցակիցը:

Նկարչուհին ուզում է, որ իր նկարները մարդկանց համար ծառայեն որպես հայելիներ, որտեղ նրանք կարող են տեսնել իրենց, և լինեն պատուհաններ, որտեղից կարող են նայել աշխարհին. «Այսինքն՝ ես համարում եմ, որ աբստրակտ նկարչությունը տալիս է մարդուն մի բան, որը նա, ասենք, առօրյայում, այլ երևույթների մեջ կարող է չնկատել: Օրինակ՝ մենք կարող ենք քայլել փողոցում ու չնկատել ստվերները, ծառի վրայի ինչ-որ հետաքրքիր նախշ, կարող ենք չնկատել թռչնի թևերի գույների երանգները… Այն, ինչ առօրյա կյանքում չի երևում, չի շոշափվում, ամենաշատը հենց դա է պատկերված աբստրակտ նկարչության մեջ: Համենայն դեպս, իմ նկարչության մեջ դա այդպես է»,- ամփոփեց Լիլի Սամվելը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930