Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը կրող 100 մետր երկարությամբ հայոց եռագույնի հեղինակը «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ, արցախյան ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանն է:
«2015 թվականի ընթացքում Հայաստանի բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում անցկացվել են «Եռագույն հրապարակ» ֆլեշմոբ-ակցիաներ, որոնց նպատակը Հայաստանում գտնվող զբոսաշրջիկների ուշադրությունը ևս մեկ անգամ Ցեղասպանության հարցի վրա սևեռելն էր, ինչպես նաև Հայաստանի մարզերի մեծ ու փոքր քաղաքներում բնակվող երիտասարդներին մեկտեղելն ու համախմբելը մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, մեր պահանջատիրությունը ևս մեկ անգամ հաստատելն ու ցույց տալը, որ յուրաքանչյուրը կարող է պայքարել ցեղասպանությունների դեմ՝ պահանջելով արդեն եղածների ճանաչումն ու հատուցումը: 100 տարի առաջ հայերին կոտորեցին: Եվ շատ երկրներ, որոնք կարող էին օգնել, լռեցին, ու հիմա նույնպես ցեղասպանություններ են լինում տարբեր երկրներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սրապիոն Գևորգյանը:
Նմանատիպ ֆլեշմոբ-ակցիաներ իրականացվել են նաև Սփյուռքի մեծ ու փոքր գաղթօջախներում: «Մենք չպետք է լացենք, պահանջատեր պիտի լինենք և Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնենք տարբեր տեղերում, տարբեր մակարդակներով: Ամբողջ աշխարհը պետք է իմանա՝ ինչ է եղել 100 տարի առաջ»,- ընդգծեց «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահը:
2015 թ. ընթացքում 100 մետր երկարությամբ եռագույնը բազմիցս ծածանվել է նաև Արևմտյան Հայաստանում: Այնտեղ իրականացված ֆլեշմոբ-ակցիաներն անցկացվել են հայկական հնագույն սրբավայրերում, վանքերում, անապատներում, կղզիներում ու բնակատեղիներում. «Նախաձեռնությունն այդպիսով համայն աշխարհի ուշադրությունն էր գրավում՝ մատնացույց անելով, որ այդ տարածքներում բնակվել են հայեր»,- նշեց բանախոսը:
Կարդացեք նաև
Նա ցանկանում է Անկախության տոնի առթիվ ևս երթ կազմակերպել դեպի Արարատի գագաթ, սակայն դրա համար հովանավոր է պետք. «Ես ֆինանսական խնդիրներ ունեմ, որովհետև Արմավիրի հարկային տեսչությունն ինձ դատի է տվել, հաշիվներս սառեցրել է առանց հիմնավոր պատճառների և նույնիսկ առանց տեղյակ պահելու: Այսօր էլ պիտի Կիլիկիայի պարիսպների վրա բարձրացնեինք դրոշը, բայց հովանավոր չունենալու պատճառով չհաջողվեց: Դրոշը վաղը կծածանվի Տաթևում, ապա՝ Խնձորեսկում, որից հետո ես այն կհանձնեմ Երևանի պատմության թանգարանին: Եթե մեկնումեկը կարող է դրոշը տանել ու երթ անել ուրիշ տեղերում, խնդրեմ: Ես ֆինանսապես այլևս ի վիճակի չեմ»,- ասաց Ս. Գևորգյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ