Երկար նստելը բերում է մկանային դիսբալանսի, որը կարող է անդրադառնալ երեխայի կեցվածքի վրա
Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արարատ Նազանյանը, խորհուրդ տալով առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներին, ասաց, որ երեխաների համար պայուսակ չպետք է ընտրեն միակողմանի գոտիով, այն պետք է լինի երկու գոտիներով, նաեւ չլինի շատ ծանրաբեռնված գրքերով եւ տետրերով. ծանրությունը պետք է լինի 2-2,5 կիլոգրամից ոչ ավելի:
5-6-րդ դասարանից բարձր երեխաների պայուսակների ծանրաբեռնվածությունը, ըստ բժիշկի, չպետք է 5 կիլոգրամից ավելի լինի: «Ծանրաբեռնվածությունը առաջ է բերում հոգնածություն, մեջքի ցավեր, որին եթե գումարվում է մտավոր ծանրաբեռնվածությունը, երեխան չի ցանկանում հաճախել դպրոց, ուստի հնարավորինս պետք է նվազեցնել ծանրաբեռնվածությունը»,- ասաց բժիշկը:
Կոշիկների մասին խոսելով՝ ասաց, որ շատ ծնողների թվում է, որ երեխաների մոտ նկատվում է հարթաթաթություն, բայց նշեց, որ 3-4 տարեկան բոլոր երեխաների ոտնաթաթը հարթ է լինում, դա համարվում է ֆիզիոլոգիական նորմա: «Կոշիկների միջնային մասում պետք է լինի արտափքվածություն՝ սուպինատոր, հետին պատը լինի շատ ամուր եւ կողմնային բարձրությունները լինեն մինչեւ պճեղների բարձրության»,-ասաց, պարոն Նազանյանը:
Բժիշկը նշեց, որ սխալ կոշիկով քայլելու ընթացքում մարմնի զսպանակային հատկությունները կորում են, դառնում է ուղիղ ոտք, առաջանում է զսպանակային հատկության կորուստ եւ ամբողջ հարվածը կրում են մյուս հոդերը՝ մասնավորապես սրունքթաթային, կոնքազդրային հոդերը եւ ի վերջո ողնաշարը: «Նման դեպքերում առաջանում են վաղ արթրոզներ՝ աղերի կուտակում, եւ այլ խնդիրներ, որոնք ուղեկցվում են ցավերով»,-ասաց բժիշկը:
Թե ինչպես նստել եւ որքան՝ մասնագետը ասաց, որ պետք է լինի աթոռի եւ սեղանի համադրություն եւ, եթե երեխան աջով է գրում ապա լույսը պետք է ընկնի ձախից, լինի բնական լույս, նստելու եւ դասը պատրաստելու հիգիենան պետք է սովորեցնի ծնողը երեխային: Դասաժամի եւ դասապատրաստման տեւողությունը, ըստ մասնագետի, պետք է լինի չափավոր. 35-40 րոպեն բավարար է, որպեսզի օրգանիզմը չհոգնի, բայց առաջին դասարանի երեխաների համար 45 րոպեն շատ է, այն պետք է ընդմիջել 5 րոպեանոց հանգստով: Մասնագետը նշեց նաեւ, որ շատ կցանկանար երեխաների համար նախատեսված աթոռները լինեին փափուկ, որը անդրադառնում է ոսկրամկանային համակարգի վրա:
Տանը, դասապատրաստման համար նույնպես խորհուրդ տվեց պահպանել 40 րոպեն՝ պարբերաբար դիրքափոխվելով, բայց եթե փոքրիկը 15 րոպեից ավելի չի կարողանում նստել, պարոն Նազանյանը ասաց, որ պետք չէ պարտադրել երեխային երկար նստել. անհրաժեշտ է փոքր ինչ հանգստանալ, հետո դարձյալ ավելացնել նստաժամանակը:
Իսկ թե ի՞նչպես պետք է կազմակերպել երեխայի սնունդը դպրոց գնալուց առաջ, բժիշկը նշեց, որ առավոտյան չի կարելի սննդով ծանրաբեռնել կամ ընդհակառակը՝ սոված ուղարկել դպրոց. «Անհրաժեշտ է նախաճաշին կաթնաշոռ, թթվասեր, յոգուրտի տեսակներով կերակրել երեխային, որոնք ե՛ւ դյուրամարս են, ե՛ւ կալցիումով շատ հարուստ»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ