Փաստաբանը չի ցանկանում մեկնաբանել Ռուբեն Բալոյանին
Այսօր Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը «Բլից ինֆո» ակումբում հայտարարեց, որ ինքը միշտ էլ կողմնակից է եղել դերասան Վարդան Պետրոսյանի հետ հաշտությանը, սակայն դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասել է, թե Բալոյանն է մեղավոր, որ հաշտության չեն գնում: Բալոյանն այսօր ասաց, որ Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել է, թե Բալոյանը հաշտության գալու առաջարկ է ներկայացրել, պայմանով, որ Վարդան Պետրոսյանը հայտարարի, որ հարբած է եղել.« Այդ առաջարկը ես համարում եմ անբարոյական: Դա մոտեցում չի: Սա է եղել պատճառը, որ կողմերի մեջ հաշտություն տեղի չի ունեցել: Սակայն ես կարծում եմ, որ Վարդան Պետրոսյանը փաստացի ընդունել է իր մեղքը եւ նրա մեղքը ապացուցված է, քանի որ նրանք չեն դիմել Վերաքննիչ դատարան: Եթե հաշտության եկած լինեինք, դերասանը դեռ նախորդ ամառ կլիներ ազատության մեջ»:
Այս առնչությամբ Նիկոլայ Բաղդասարյանն Aravot.am-ի զրույցում չցանկացավ մեկնաբանել Բալոյանի խոսքերը, միայն ասաց, որ Բալոյանը սպառել է քրեական գործով հաշտության բոլոր հնարավորությունները:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հունվարի 29-ի վճռով Վարդան Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ: Նրա նկատմամբ պատիժ է նշանակել` ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 տարի ժամկետով: Պետրոսյանը պատիժը կրելու է բաց ռեժիմով: Նաեւ հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանը աշխատանքի հրավեր է ստացել թատրոններից մեկի ղեկավարի կողմից:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ