Ըստ էության, ռազմական ավանտյուրան, որին պարբերաբար դիմում է Ադրբեջանը, անկասկած ավելի մեծ խաղի հետևանք է, և Բաքուն չի գնա այդպիսի քայլերի, եթե չունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ազդեցիկ տերություններից գոնե մեկի հավանությունը: Եվ այս տեսանկյունից խիստ հատկանշական է, որ Ադրբեջանը հայկական խաղաղ բնակավայրերի ինտենսիվ, խոշոր տրամաչափի հրթիռակոծման գնաց այն բանից հետո, երբ սեպտեմբերի 1-ին անակնկալ աշխատանքային այցով Բաքու էր մեկնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այն, որ այցը կրում էր անակնկալ բնույթ՝ վկայում է, որ Ռուսաստանն այդ այցով փորձել է Բաքվի հետ շտապ համաձայնություն ձեռք բերել: Եվ եթե այդ այցը դեռ չավարտված՝ Բաքուն դրսևորում է ագրեսիվություն, վկայում է, որ այդ ագրեսիվությունը համաձայնության փաթեթի մաս է:
Իրավիճակը ավելի ամբողջականացնելու համար հարկ է նաև արձանագրել, որ այդ շրջանում տեղի է ունեցել տարածաշրջանի համար կարևոր իրադարձություն՝ օգոստոսի 26-ին Վրաստանում բացվել է ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը, ըստ էության ՆԱՏՕ-ի ներկայություն սկզբնավորելով Հարավային Կովկասում: Սրան զուգահեռ՝ սեպտեմբերին սպասվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, որի շրջանակում ծրագրվում էր Սարգսյան-Ալիև հանդիպում: Սակայն այդ հանդիպումը Նյու Յորքում չի կայանա, առավելագույնը կարող է լինել արտգործնախարարների հանդիպում: Նախագահների հանդիպման ակտիվ ջանքեր էր գործադրում Միացյալ Նահանգները, որի համար ներկայումս տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը կարևոր են աշխարհաքաղաքական մի շարք զարգացումների տեսանկյունից:
Ռուսաստանը կարծես թե սիրահոժար համակերպվել էր մտքին, որ ղարաբաղյան բանակցություններում և ըստ էության դրանով իսկ տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցերում գերակա դիրքի է գալիս Միացյալ Նահանգները: Սակայն շատ հավանական է, որ Ռուսաստանը փորձեց խաղալ ժամանակի վրա, դադար վերցնել և հարվածել գործընթացին վերջին պահին: Այսինքն, չունենալով ԱՄՆ-ին երկարաժամկետ դիմագրավելու ռեսուրսներ, Ռուսաստանը երևի թե, այսպես ասած, հանձնվեց սկզբում, քիչ ռեսուրսներով վերջին պահին խանգարելու համար, այսինքն՝ որպեսզի ռեսուրսները բավականացնեին խանգարելուն:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: