Հետաքրքիր է, չէ՞, որ մարդը իր կյանքի ընթացքում ընտրության անսահման հնարավորություն ունի՝ բացի երեք բանից. մարդը չի կարող ընտրել իր հայրենիքը, չի կարող ընտրել իր ծնողներին եւ անհնարին է ընտրել սեփական զավակներին: Մարդը հնարավորություն ունի նույնիսկ իր մահվան օրն ընտրել, բայց ոչ ծննդյան: Ահա թե որտեղ է գաղտնիքը… Երեք սահմանափակում, որն ի սկզբանե Աստված դրել է մարդու առջեւ:
Եվ երեւի թե այս Անհնարին Երեքը մեզ մտորելու տեղիք պիտի տա.
ժամանակը հոսում է, փոխվում են հասարակարգերը, ճաշակը, կորուսյալ հոգիները հազարամյակների հեռուներից վերադառնում են տուն ու գտնում իրենց կորցրած մարմինները:
Ժամանակի ու շարժման խաչմերուկում սառույցները համառորեն հեռանում են հարավ, ժայռերն աննկատ դառնում են ավազ եւ ապառաժի հիշողությունն իրենց մեջ պահած՝ հոսում են դարձյալ հարավ՝ իրենց տակ թաղելով ամենայն կենդանություն՝ պատմություն, քաղաքակրթություն եւ մեր՝ ապրողներիս խեղճ կենսագրությունը: Ապրողներ, որոնք հնարավորություն ունեն ընտրելու բնակավայր, սիրած մարդ, պատգամավոր, կոշիկ, երգ… ասենք թեկուզ՝ աշխարհքումս իմն դուն իս … կամ ի՜նչ տխուր է Վենետիկը, երբ մենք իրար չենք սիրում:
Եվ հնչում է երգը, ա՜խ, ինչպես է հնչում, այնինչ մեր բոլորի հիացմունքի ու սիրո ծիրից հեռու Վենետիկ հրաշալի քաղաքը աննկատ սուզվում է ծովի ջրերում: Եվ մեծամեծ գործեր անելու մեր ցանկությունը նման է դառնում Արարատին նետված քարի…
Ի՞նչ է մնում մեզ. Աստծո դրած երեք արգելքը սրբորեն պահպանել. Հայրենիք, Ծնող, Զավակ եւ Մեր Սերը, Սերը անվախճան, որ բխում է նույն աղբյուրից, ինչից մենք փախուստ չունենք, ոչ էլ փրկություն, այսինքն՝ փրկությունն էլ է անիմաստ, քանզի դրանցից ոչ մեկը մենք չենք կարող հաղթահարել…
Ուրեմն, այսու եւ այլեւս մենք կանք ու ապրելու ենք մեր միայնակ, բայց աշխարհին հնուց հայտնի տաք երկրում, այսինքն թե՝ ինչ էլ լինի, չմոռանանք Մեր Հայրենիքը, Մեր Ծնողը, Մեր Զավակը եւ Մեր Սերը՝ մեր մտերիմների հանդեպ, որը մեր չժանգոտվող արյան հավերժական հետագիծն է այս թվացյալ հայտնիի եւ անվերծանելի անհայտի աշխարհում:
Կարդացեք նաև
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.09..2015