Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբուժարանը պահպանող ոստիկանների գործով դադարեցվեց քրեական հետապնդումը

Սեպտեմբեր 05,2015 14:00

Նուբարաշենի հոգեբուժարանի 6-րդ եւ 7-րդ բաժանմունքների պահպանությունն ապահովող հինգ ոստիկանների՝ Արկադի Մանուկյանի, Արսեն Պապոյանի, Սամվել Այդինյանի, Հակոբ Գեւորգյանի եւ Արտյոմ Մկրտչյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ պաշտոնական անփութության համար:

Նրանք մեղադրվել էին անցյալ տարվա հունիսի 7-ի գիշերվա ժամը 2-ին հոգեբուժարանում հետազոտվող, ավազակային հարձակման մեջ մեղադրվող կալանավորի՝ Ղուկաս Անդրեասյանի փախուստի համար:

Ոստիկանների պաշտպանությունը երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ ավարտված դատական նիստին իրականացնում էր հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբան Արմեն Պողոսյանը:

Երեկ հետազոտվեցին գործում առկա ապացույցները, պաշտպանը դատարան ներկայացրեց իր պաշտպանյալների անչափահաս երեխաների՝ թվով 15-ի տեղեկանքները, նախորդ դատական նիստին բացակայած Պապոյանի հիվանդության մասին տեղեկանքը:
Ամբաստանյալ Արկադի Մանուկյանն իրեն մեղավոր ճանաչեց լիովին, ասաց, որ անուշադիր են եղել, որ հետազոտվող կալանավորը փախել է, սակայն իրենք մեկ ժամ հետո ուղղել են իրենց սխալը, փախուստի մեջ գտնվողին հայտնաբերել են:

Արսեն Պապոյանն էլ ասաց, թե իրեն մեղավոր է ճանաչում պաշտոնական անփութության համար, խնդրեց դատարանին քննիչի մոտ տված ցուցմունքն ընդունել հիմք:
Նա ասաց, որ այդ օրը շրջիկ հերթապահություն է իրականացրել, օգնել է, որպեսզի բռնեն փախուստի դիմածին:

Իրենց պետի թույլտվությունն է ստացել, որպեսզի անձնական օգտագործման «Օփել» ավտոմեքենայով գնան Անդրեասյանի հետեւից: Նա նկարագրեց, թե ինչպես է իրեն հաջողվել վնասազերծել փախուստի դիմածին:

Մտածելով, որ մոտակա գազալցակայանի լույսերը հնարավորություն կտան հանցագործին գնալ դեպի այդ կողմը, նախ գնացել է գազալցակայան, պարզվել է, որ որեւէ մեկը չի հայտնվել, զգուշացրել է այնտեղ գտնվողներին, տվել իր հեռախոսի համարը:
Ապա Նուբարաշենի ճանապարհին իր դիմացի տաքսի մեքենան է տեսել, քիչ հետո լսել է մեկի ձայնը, որը ասել է՝ Երեւան:

Իր մեքենան, որն այդ պահին առաջ էր շարժվել, հետ-հետ է եկել, մթեցված ապակին շատ քիչ է իջեցրել, քանի որ ոստիկանի համազգեստով էր: Փախուստի դիմածը բացել է հետեւի դուռը ու երբ տեսել է ոստիկանին՝ ասել. «Էս եկել ես ինձ բռնելո՞ւ»:

Ու երբ կրկին փորձել է փախչել, մոտ 30 մետր չհասած, ոստիկանը հասել է եւ բռնել նրան: Սամվել Այդինյանն էլ ասաց, որ արդեն քսան օր է՝ ոստիկանության համակարգում չի աշխատում: Նա անցել էր կենսաթոշակի: Դեպքի օրը հերթապահել է շենքի հետեւի մասում: «Հեռացել ենք, չենք մտածել, թե դռնից ինչ-որ մեկը հնարավոր է դուրս գա»,- ասաց նա: Դատավորի հարցին էլ, թե որքան ժամանակ է իրականացրել հոգեբուժարանում պահպանությունը, ասաց՝ երկու տարի է եւ նշեց, որ այդ ժամանակահատվածում նման դեպք չի գրանցվել:

Հակոբ Գեւորգյանը 7-րդ բաժանմունքի պահպանությունն է իրականացրել: Նշենք, որ 6-րդում պահվել են հետազոտվողները, իսկ 7-րդ բաժանմունքում՝ բուժվողները:
Սակայն այս բաժանմունքի դուռը եղել է բաց, ինչը, ըստ Հ. Գեւորգյանի, պայմանավորված էր նրանով, որ հաճախ են գնացել-եկել: Դատավորի դիտարկմանը, թե ամեն բան ստեղծված էր փախուստի համար, պարզվեց, որ տարածքը լուսավորված չի եղել, մոնիտոր չի եղել ոստիկանների դիմաց, խցերը փականներ չեն ունեցել, արհեստական պատնեշներ են եղել:

Մինչդեռ, ոստիկանների կարծիքով, դա հոգեբուժարանի ներքին անվտանգության հարցն էր, եւ ոչ թե տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկաններինը:
Հակոբ Գեւորգյանն էլ պնդեց իր նախաքննության ժամանակ տված ցուցմունքը:
Արտյոմ Մկրտչյանը միակն էր, որ մեղադրվում էր պաշտոնական անփութության համար, բայց ոչ թե փախուստի դրվագով, այլ, որ երբ հայտնաբերվել է հիվանդ-հետազոտվողը, նա չի գրանցել, եւ ոստիկանության Էրեբունու բաժին չի տվել այդ մասին ինֆորմացիա: Դատախազի հարցին, թե միտումնավո՞ր էր թաքցնելը, նա ասաց, որ որեւէ դիտավորություն չի ունեցել, պարզապես, երբ մեկ ժամ հետո իմացել է, որ ամեն բան կարգին է, բռնվել է Անդրեասյանը, չի գրանցել:

Պաշտպան Պողոսյանը հանդես եկավ միջնորդությամբ:

Նա խնդրեց իրադրության փոփոխության հիմքով կարճել քրեական գործի վարույթը, ոստիկաններին ազատել քրեական պատասխանատվությունից: Նա նշեց, որ անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին քրեական գործի վարույթը կարճելու որոշում է կայացրել ՀՀ գլխավոր դատախազության դատախազ պարոն Բիշարյանը, սակայն գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի այս տարվա հունվարի 23-ի որոշմամբ վարույթը նորից սկսվել է: Ըստ գլխավոր դատախազի՝ վարույթը վաղաժամ էր կարճվել, թույլ էին տրվել էական խախտումներ:

Հանրային պաշտպան Ա. Պողոսյանն ասաց, որ գլխավոր դատախազի որոշումից պարզ չի դարձել Բիշարյանի որոշման անհիմն լինելը:

Նա ասաց, որ իր հինգ պաշտպանյալները որեւէ անգամ խախտում թույլ չեն տվել, չեն ենթարկվել քրեական պատասխանատվության, իսկ այս հանցագործությունն էլ համարվում է ոչ մեծ հանցագործություն եւ պատիժն էլ 300-500 000-ապատիկի չափով տուգանքն է: Նա ասաց, որ իրադրությունն այս տարվա հունվարից փոխվել է, քանի որ օպերատիվ միջոցառումների շնորհիվ է Անդրեասյանը հայտնաբերվել, իրադրությունը փոխվել է նաեւ, քանի որ ամբաստանյալներից մեկն անցել է կենսաթոշակի: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը:

Համաձայն դատարանի որոշման, ամբաստանյալների պաշտպանի միջնորդությունը բավարարվեց. քրեական գործի վարույթը կարճվեց, քրեական հետապնդումը դադարեցվեց իրադրության փոփոխման հիմքով: Նրանց խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվեց:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930