Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոյում մարմնավաճառի մարմնավորելու պատճառները

Սեպտեմբեր 05,2015 13:30

Ռուզան Վիթը հավաստիացնում է,
որ թատրոնի բեմից էլ կողջունի հանդիսատեսին

Համարձակ արվեստագետի շուրջ մշտապես ծավալվում են խոսակցություններ, որոնք հիմնականում բուն ստեղծագործության հետ կապ չեն ունենում: «Առավոտին» հասած տեղեկություններով, համարձակ դերասանուհի Ռուզան Վիթը, որն սկանդալայինի համբավ էր ձեռք բերել դեռեւս 2006թ. կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմում նկարահանվելով՝ մերկ եւ ճաղատ, վերջերս դարձյալ մի համարձակ քայլ է արել, այս անգամ մարմնավորել է մարմնավաճառի:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Ռուզան Վիթը հաստատելով մեզ հասած տեղեկությունը, միայն ասաց, որ խոսքը Արշակ Ամիրբեկյանի «Մարիամը» ֆիլմի մասին է, որտեղ ինքը իսկապես նկարահանվել է մարմնավաճառի դերում: Ինչ վերաբերում է ֆիլմի էկրան բարձրանալուն, դերասանուհու խոսքերով՝ այն հիմա ոչ պակաս կարեւոր մոնտաժման փուլում է: Համարձակ «կոչմանն» արժանանալու առիթով էլ Ռուզանը հայտնեց հետեւյալը. «Ես ոչ թե համարձակ եմ, այլ անկեղծ: Դրանք տարբեր բաներ են: Անկեղծությունս գալիս է իմ ներքին աշխարհից, որն իմ հոգու ուժն է: Հենց այդ անկեղծությունն է, որն ինձ պաշտպանում ու տանում է ի վերուստ ինձ համար կանխորոշված ճանապարհով: Իմիջիայլոց, կյանքն ինձ ավելի հեշտ ճանապարհներ է առաջարկել, բայց նայելով կյանքի աչքերին, իմ ներսի մարդը ձեռքս պինդ բռնած տարել է այնտեղ, որտեղ ես միշտ ազատ եմ ու երջանիկ»:

Ruzan_Vit_1

Մեր զրուցակցին հիշեցրինք, որ 3-4 տարի առաջ գրել է ֆիլմի սցենար՝ ուղղված հենց մարմնավաճառության դեմ: Դերասանուհին ասաց, որ 2004թ. Ֆրանսիայում նկարահանվել է Հիներ Սալեմի «Լիմոնի օղի» ֆիլմում, դարձյալ մարմնավաճառի կերպարում: «Ֆրանսիայում ապրելու ու ստեղծագործելու տարիներին գրել եմ «Գույները» խորագրով ֆիլմի սցենարը, որը հոգեվաճառության եւ մարմնավաճառության թեման է արծարծում: Առայժմ սցենարիս հերոսն այդ հոգեվաճառության ճանապարհով միլիոններ է դիզել՝ անմեղ աղջիկներին մարմնավաճառության դրդելու ճանապարհով: Հուսով եմ, որ սա մի օր ֆիլմ կդառնա: Ինչ վերաբերում է «Լիմոնի օղի» ֆիլմում (ռեժիսոր՝ Հիներ Սալեմ) իմ մարմնավաճառի կերպարին, այն շեշտադրում է կործանված ճակատագրերի ողբերգությունը: Հերոսուհիս՝ Զինեյը, որ ծնողի գուրգուրանքի խնդիր ունի, հայտնվել է աղքատության մեջ, ինչից դուրս գալու ելքը նա տեսնում է մարմնավաճառի աշխատանքում… Ինչ է, դուք չգիտե՞ք, որ կար ժամանակ, երբ նույն այդ մարմնավաճառությունը այնքա՜ն տարածված էր մեր երկրում: Չգիտե՞ք, որ աղջիկների վաճառքը օտարերկրացիներին կատարվում էր մեր աչքի առաջ: Այո, ես գրում եւ խաղում եմ ու, կրկնում եմ, առաջ եմ քաշում կոտրված ճակատագրերի ողբերգության թեման…»,- հայտնեց Ռուզան Վիթը:

Ruzan_Vit_2

Մեր զրուցակցին խնդրեցինք պատմել իր փարիզյան շրջանի մասին: «Երեւանում ծանոթացա կինոռեժիսոր Հիներ Սալեմի հետ, 1996-ին նկարահանվեցի նրա «Անցնող երազներ» ֆիլմում՝ խաղընկերներ ունենալով այնպիսի հանրահայտ անուններ, ինչպիսիք են Էլոդի Բուշեն, Ժակի Ներսիսյանը, Օլիվիե Սիտրուկը, Պատրիկ Բուշիտեյը, Անե Մոնը: Կիոռեժիսորը Հայաստան էր եկել հենց այդ ֆիլմի համար բնության տեսարաններ նկարելու: Ասեմ, որ ընդամենը 2 շաբաթում եմ հաղթահարել ֆրանսերենը: Հետո արդեն նկարահանվեցի «Լիմոնի օղի» ֆիլմում, դրանից առաջ էլ՝ «Մենություն» կինոնկարում, անվանի կինոդերասաններ Իվան Ֆրանեկի, Հաննա Շիգուլայի մասնակցությամբ: Հետագայում ընդգրկվեցի մի քանի ֆրանսիական նախագծերում… Այդ ամենը տեւեց 5 տարի: Անկեղծ ասած՝ արդեն որոշել էի դադար տալ, մի տեսակ ներսիս մարդն ասում էր, թե նոր էտապ է սկսվելու, վերադարձիր Հայաստան… Եվ այդ ընթացքում հրավեր ստացա Վիգեն Չալդրանյանից…»,- ներկայացրեց դերասանուհին:

Ռուզան Վիթի ստեղծագործական ուղին սկսվել է 1990-ականների սկզբներից, թատրոնից, դեռեւս Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում ճանաչված ռեժիսոր Զավեն Տատինցյանի արվեստանոցում ուսանելու տարիներից: Դերասանուհին խաղացել է Պատանի հանդիսատեսի, Համազգայինի թատրոններում, ապա աշխատանքի անցել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում:

Մեր հարցին՝ թատրոնից վերջնականապե՞ս է «բաժանվել», դերասանուհին «ժլատորեն» պատասխանեց. «Ես թատրոնը չեմ թողել: Այն իմ մեջ տարիների ընթացքում նոր կերպ է ստացել, ու դեռ թատրոնի բեմից կհանդիպեմ հանդիսատեսիս»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ «Քրմուհի»
եւ «Անցնող երազներ» ֆիլմերից:

«Առավոտ» օրաթերթ
04.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930