Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գրոսմայստերների մեկնարկային մրցակիցները Բաքվում հայտնի են

Սեպտեմբեր 05,2015 13:00

Սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 5-ը Բաքվում կայանալու է ՖԻԴԵ-ի շախմատի տղամարդկանց աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու են այդ իրավունքը նվաճած 128 շախմատիստներ:

Մրցաշարն անցկացվելու է օլիմպիական մրցակարգով: Բոլոր շախմատիստները պայքարը կսկսեն 1/64 եզրափակչից, որում պարտվողները դուրս կմնան, իսկ հաղթողները նույն կանոններով կշարունակեն հաջորդ փուլերում՝ մինչեւ եզրափակիչ:
«Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ աշխարհի գավաթի խաղարկությունում հանդես գալու իրավունք Հայաստանից նվաճել են չորս գրոսմայստերներ: Լեւոն Արոնյանը՝ անհատական վարկանիշով, իսկ Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը՝ Եվրոպայի առաջնությունում 46 լավագույնների մեջ տեղ զբաղեցնելու շնորհիվ:

BAKU2015-7-1-1
Ընդառաջ գնալով հայ շախմատասերների շրջանում օրեցօր աճող հետաքրքրությանը՝ «Առավոտը» տեղեկացել է նաեւ, որ մեր գրոսմայստերները արդեն գնել են օդանավի տոմսերը եւ Բաքու մեկնելու են սեպտեմբերի 10-ին՝ Թբիլիսիով: Նրանք Բաքվում բնակվելու են բոլոր մասնակիցների հետ միասին «Fairmont Hotel»-ում, որտեղ էլ կայանալու է մրցաշարը: Մեր շախմատիստների հետ միասին հարեւան երկրի մայրաքաղաք մեկնելու է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մեկ ներկայացուցիչ:
Քանի որ աշխարհի գավաթի մրցաշարում յուրաքանչյուր փուլից հետո ասպարեզում եղած շախմատիստների կեսը դադարեցնելու է պայքարը եւ բացառված չէ նաեւ, որ մեր գրոսմայստերներն էլ տարբեր փուլերում նրանց մեջ հայտնվեն, Հայաստանի շախմատային ֆեդերացիայից հետաքրքրվեցինք, թե պայքարից դուրս մնացողները շարունակելո՞ւ են մնալ Բաքվում, թե՞ վերադառնալու են Երեւան, ինչպես անում էին Եվրոպական խաղերի մասնակից մեր թիմերը: «Առայժմ կոնկրետ ոչինչ չենք կարող ասել: Կերեւա մրցաշարի ընթացքում: Դա իրենք՝ շախմատիստները, կորոշեն: Հնարավոր է, որ պայքարից դուրս մնացող մեր շախմատիստները մնան եւ օգնեն իրենց ընկերներին: Չի բացառվում, որ վերադառնան: Բայց այդ դեպքում ավելի հավանական է, որ վերադարձը կազմակերպվի երկու մասնակցի դուրս մնալու դեպքում, որպեսզի առանձին-առանձին ճանապարհ չընկնեն», – ասացին ֆեդերացիայում:

Արդեն հայտնի են աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկային տուրի վիճակահանության արդյունքները: Առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղալու է Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Մայքլ Վեյդենկելլերի հետ: Հրանտ Մելքումյանի մրցակիցը ԱՄՆ-ի ուժեղագույն գրոսմայստերներից մեկն է՝ Գատա Կամսկին: Գաբրիել Սարգսյանն ուժերը չափելու է լեհ Մաթեուշ Բարտելի, իսկ Սամվել Տեր-Սահակյանը սեւերով խաղալու է ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ:
Շախմատասերներին տեղեկացրել ենք նաեւ, որ Բաքու են մեկնելու ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող հայ երկու գրոսմայստերներ եւս՝ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սեւյանը: Չափազանց բարդ վիճակահանություն է բաժին ընկել պատանի Սեւյանին, որը 1/64 եզրափակչում հանդիպելու է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, իսկ Վարուժանի մեկնարկային մրցակիցը շախմատային աշխարհին ոչ պակաս հայտնի չեխ գրոսմայստեր Վիկտոր Լազնիչկան է:

Աշխարհի գավաթի խաղարկության ընդհանուր մրցանակային ֆոնդը $1 միլիոն 600 հազար է:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930