Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության հրապարակում բարձրացրին Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցը

Սեպտեմբեր 04,2015 22:12

«Ոտքի Հայաստան» շարժման խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ առաջ քաշեց Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու պահանջը:

«Արտահերթ նախագահական ընտրությունները կարող են կասեցնել սահմանադրական կարգի փոփոխությունների ընթացքը, որովհետեւ օրենքով հանրաքվեն կասեցվում է, եթե նախագահի պաշտոնը թափուր է: Սերժ Սարգսյանը հայտնեց իր դիրքորոշումը, որ պատրաստ է առաջ տանել սահմանադրական փոփոխությունները: Հիմա ժողովուրդը պետք է կատարի իր քայլն ու արձագանքի այդ երեւույթին: Մեր կարծիքով, ժողովրդի ճիշտ քայլը իմպիչմենտի պահանջն է»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքով, ժողովուրդն ունի իրավունք հեռացնել այս կառավարությանը, որովհետեւ այն իշխանության է եկել անօրինական ճանապարհով, որովհետեւ օգտագործում է  պետական իշխանությունն իր անձնական, անօրինակ հարստությունը ստեղծելու համար, որովհետեւ այն գործում է ժողովրդի ազգային շահերի դեմ. «Որպես կանոն, մարդիկ հանդուրժում են անօրինականությունները, նույնիսկ բռնապետությանը, բայց գալիս է ժամանակ, որ հանդուրժել նշանակում է վտանգել սեփական կյանքը, սեփական ընտանիքն ու սեփական շահերը: Մեր ժողովուրդը հասել է այդ իրավիճակին: Իշխող կուսակցությունը առաջ է քաշել սահմանադրական կարգի փոփոխության նախագիծ, որի գլխավոր  էությունը ժողովրդից իր ընտրական իրավունքի ամբողջ տիրույթը խլելն է: Մեր ժողովուրդը ինքն է  այսօր տիրապետում այդ իրավունքին, օգտվում է, իրացնում է այդ իրավունքը, թե՝ ոչ, դա այլ հարց է, բայց ինքը պետության ղեկավար ընտրելու իրավունք ունի: Նոր սահմանադրական կարգը վերացնում է այդ հնարավորությունը, եթե հիմա դրա դեմ քայլեր չձեռնարկենք, հետագայում հանրությունը կանգնելու է ավելի լուրջ խնդիրների առջեւ:

Դրա համար գտնում ենք, որ հիմա է ժամանակը իշխանափոխության գաղափարն առաջ բերելու»:

Պարոն Ղուկասյանը կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին միանալ «ոչ»-ի պայքարին եւ հանդես գալ  ժողովրդի վստահության կառավարության ձեւավորման նախաձեռնությամբ, մոբիլիզացնել ժողովրդին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930