«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն երեկ գիշերը եղել են Տավուշի մարզում՝ սահմանամերձ բնակավայրերում, որտեղ արդեն քանի օր է՝ ադրբեջանական զինուժը հրադադարի ռեժիմ է խախտում:
Երեկվա այցի մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանն Aravot.am-ին պատմեց. «Երեկ գիշեր ենք գնացել: Կեսգիշերին արդեն Տավուշի մարզում էինք, մի քանի ուղղություններով գնացինք՝ դեպի Ղազախ, եղանք Սեւքար գյուղում, որն ամենամեծ տրամաչափի զենքերից էր ռմբակոծվել: Ճիշտ է, գիշերն այդ ավերվածությունները չտեսանք, բայց դիրքերի կողմից կրակոցների ձայներ էին լսվում, այսինքն՝ փոխհրաձգություն կար սահմանի ուղղությամբ: Բնակիչները մեզ ասացին, որ այն ինտենսիվությունը չի ունեցել, ինչ նախորդ օրը: Մենք մինչեւ երկուսը-երեքն այդտեղ ենք մնացել, հետո առավոտյան շուտ ենք գնացել, մասնավորապես մի քանի գյուղ՝ Ներքին Ծաղկավան, Սեւքար, Բերքաբեր, Սարիգյուղ, Վազաշեն, որտեղ արդեն ականատեսն եղանք նախորդ օրերի ռմբակոծությունների հետեւանքներին: Մի քանի տներ, շենքեր են վնասվել: Իրենք ասում էին, որ սա մեծ տրամաչափի զենքերից է»:
Քաղաքական ուժի անդամները հանդիպել եւ զրուցել են գյուղերի բնակիչների հետ: Արայիկ Հարությունյանն ասում է, որ այստեղ մարդկանց մտահոգել էր հատկապես այն հանգամանքը, որ Սեւքար գյուղն էր ռմբակոծվում, որը սահմանից ավելի հեռու է, եւ հրադադարից հետո մինչ այս օրերը չէր ռմբակոծվել: «Բայց ես սոցիալական ցանցերում, մամուլում տեսնում եմ, որ ինչ-որ խուճապի մասին են գրում: Խուճապի ականատես ընդհանրապես չեղանք, մարդիկ իհարկե մտահոգություն ունեին, բայց ասեմ, որ նրանք փողոցում էին, իրենց բակերում աշխատանք էին անում: Լարվածությունը զգացվում էր, որովհետեւ դա աննախադեպ էր վերջին մի քանի ամիսների համար կամ գյուղեր կան, որ տարիներ են ռմբակոծվում, բայց խուճապային տրամադրություններ միանշանակ չկային»,- ասում է նա:
Արայիկ Հարությունյանը փոխանցում է սահմանամերձ բնակիչների պատմածը, ըստ որի՝ կրակահերթերը, ռմբակոծությունները հիմնականում երեկոյան ժամերին են սկսվում: «Ցերեկվա ժամերին, երբ մենք այնտեղ էինք, կրակոցներ չէին լսվում, մարդիկ աշխատում էին»,- պատմում է պարոն Հարությունյանը եւ հավելում՝ ամեն դեպում պետք է հասկանալ, թե արդյոք լարվածության անկումը երկա՞ր է տեւում, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Խոսելով իրենց այցի նպատակի մասին՝ նա ասում է. «Մեր գնալու հիմնական նպատակներից մեկն անձամբ տեսնելն է, թե ինչպիսի իրավիճակ է տիրում այնտեղ, թե ինչ է կատարվում, որովհետեւ նախորդ օրերին այնպիսի խուճապային տրամադրություններ էին տիրում, որ լուրջ խնդիրներ էին առաջացնում ՝ իրավիճակը գնահատելու առումով: Բայց կարծում եմ՝ ամենակարեւոր նպատակներից է տեղի բնակչությանը աջակցելըը եւ ցույց տալը, որ Երեւանում մտահոգ են այս խնդրով ու հասկանում են՝ ինչ խնդիր է այդտեղ: Մենք որ գնում ենք, մարդիկ հենց դրանից են խոսում եւ շատ գոհ են, որ Երեւանից գալիս եւ գյուղամեջում նստում են, որը ցանկացած պահի կարող են ռմբակոծել, կամ չեն վախենում գնալ իրենց գյուղերը»:
Արայիկ Հարությունյանը նկատում է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին ոգեւորում են հատկապես քաղաքական ուժերի այցերը: Նշում է, որ տարածքները լքելու, թողնելու, գնալու տրամադրություններ նրանք երբեք այստեղի բնակիչներից չեն նկատել. «Իրենք մտածում էին, որ քանի որ այդ ռմբակոծությունները շատ ուժեղ են եղել, պետք է երեխաներին այդ աղմուկից, պայթյուններից հեռու պահել, բայց գյուղում երեխաներ կային, նրանք դրսում խաղում էին: Մի գյուղում դպրոցն արդեն գործում էր, մյուս գյուղում էլ դասերն ընդհատվել են, բայց վաղը շարունակվելու են: Մտահոգություններ ու լարվածություն կա, բայց խուճապային տրամադրություններ միանշանակ չկան»,- ասում է նա:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ