ԱՄՆ դեսպանատունը մեկնարկում է «Ամերիկյան մշակութային շրջագայություն 2015» ծրագիրը
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերի 4-ին իր առանձնատանը կայացած միջոցառման ժամանակ հայտարարեց «Ամերիկյան մշակութային շրջագայություն 2015» եռաբաղադրիչ ծրագրի մեկնարկի մասին, որը երաժշտություն, ֆիլմ եւ պար կներկայացնի Հայաստանի մարզերում սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում:
Պարոն դեսպանը հայտնեց, որ «Ամերիկյան մշակութային շրջագայությունը» մեկնարկում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգներով:
Կարդացեք նաև
Պարոն Միլսի ձեւակերպմամբ ամերիկյան մշակույթից մի պատառ կներկայացվի հայ ժողովրդին եւ ինքը ուրախ է, որ երկու ժողովուրդներին միավորում են արվեստն ու մշակույթը: «Այն ինչ ներկայացնում ենք «Ամերիկյան մշակութային շրջագայության» ընթացքում, այսօր իմ ընկերներից մեկի պատկերավոր խոսքով ամերիկյան եւ հայկական մշակույթի ամուսնություն է»,-հայտնեց դիվանագետը:
Նա հավելեց, որ նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և դիրիժոր Ռուբեն Ասատրյանի գլխավորությամբ և հանդիսատեսին կներկայանա «Հոլիվուդ նոն ստոպ» ծրագրով: Ծրագրում երաժշտական կատարումներ են ամերիկյան հայտնի ֆիլմերից՝ սկսած «Վեսթսայդ պատմություն» և «Խիզախ սիրտ» դասական ֆիլմերի երաժշտությունից մինչև վերջին շրջանի հիթեր դարձած ստեղծագործություններ, ինչպիսիք հնչում են «Կարիբյանի ծովահենները» ֆիլմում:
«Հոլիվուդ նոն ստոպ» համերգները տեղի կունենան Գորիսում՝ սեպտեմբերի 7-ին, Կապանում՝ սեպտեմբերի 8-ին, Մեղրիում՝ սեպտեմբերի 9-ին և Գյումրիում՝ հոկտեմբերի 5-ին: «Այդ ծրագիրը հիշողությունների հետ է կապված՝ առաջին սիրո, առաջին համբույրի… Երաժշտությունը, համերգը լսելիս, այդ հուշերը թարմանում են»,-ասում է Ռոբերտ Միլսը:
Դեսպանն անդրադարձավ նաեւ հայ երիտասարդ կինովավերագրողների ֆիլմերի ցուցադրություններին, որոնք նրա խոսքով առաջ քաշել լուրջ եւ ծանրակշիռ խնդիրներ, ի թիվս այլ քաղաքների, ցուցադրությունները կկայանան Ալավերդիում, Վանաձորում, Գյումրիում, Չարենցավանում, Գավառում:
«Ամերիկյան մշակութային շրջագայություն 2015» ծրագրի երրորդ բաղադրիչը «Աղջիկը լուսնի վրա» պարային ներառական ներկայացումն է: Այն կցուցադրվի Գյումրիում եւ Երեւանում:
Պարոն Միլսից հետաքրքրվեցինք՝ մտադի՞ր է ԱՄՆ դեսպանատունը վերականգնել Հայաստանում կազմակերպվող ջազային փառատոները: ԱՄՆ դեսպանը շնորհակալություն հայտնեց հետաքրքիր առաջարկի համար: Ապա` հավաստիացրեց, որ հնարավոր է մյուս տարի մտածեն ջազային փառատոնի մասին. «Գիտեմ, որ ջազը Հայաստանում սիրված է, եւ ես կփորձեմ, կդիտարկեմ՝ տեսնելու համար, թե ջազային թեմաներով ինչ միջոցառում կարելի է անցկացնել գալիք տարի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
ավելի խոշոր սյուռեալիտական պատկերներ մենակ Բունյուելի ֆիլմերում եմ տեսել