Սահմանադրական փոփոխությունների թեմայով «Էլեկտրիկ Երեւան քաղաքացիական նախաձեռնության նախատեսած հանրային քննարկումը այսօր տեղի չունեցավ:
Փոխարենը նախաձեռնության անդամները իրենց հայտարարած ժամից բավականին ուշ մի քանի հոգով դրոշներով ու երգերով եկան Ազատության հրապարակ: Նախաձեռնության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը ներկայացրեց իրենց հայտարարությունը, իսկ քննարկմանը քաղաքացիների հետաքրքրությունն ու մասնակցությունը չտեսնելով՝ նախաձեռնության անդամները կարճ ժամանակ հետո հեռացան:
Նարեկ Այվազյանն ասաց, որ նախաձեռնության անդամներն այսօր մասնակցել են Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ԱԺ լսումներին ու ներկայացրել իրենց դիրքորոշումները:
Կարդացեք նաև
«Հայաստանը հիմա ծանր սոցիալտնտեսական վիճակում է: Ֆինանսատնտեսական ու սոցիալական, արդարադատության համակարգերը, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում են: Արտագաղթի բարձր տեմպերը, գործազրկությունը, աղքատությունն այս իշխանությունների վարած հովանավորչական քաղաքականության արդյունք են: Այդ քաղաքականությունը ոչնչացնում է ազատ մրցակցությունը՝ հանգեցնելով բազմաթիվ անարդարությունների: Մեր կարծիքով, վերոգրյալները չեն բխել գործող Սահմանադրությունից: Ավելին՝ գործող Սահմանադրությունը, թեկուզ չլինելով իդեալական, հնարավորություններ է տալիս բարեփոխումներ իրականացնել բոլոր ոլորտներում. կանխարգելել եւ վերացնել կոռուպցիան, երաշխավորել ազատ մրցակցությունը, հաստատել բարձր ժողովրդավարություն եւ իրացնել ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը՝ չխաթարելով մեր պետության ազգային անվտանգությունն ու պաշտպանությունը: Սահմանադրության որեւէ դրույթ չէր կարող խոչընդոտել, որ իշխանությունները լուծեին հետեւյալ խնդիրները, որոնք բարձրացնում ենք մենք՝ «ԷԼԵԿՏՐԻԿ Երեւան» նախաձեռնության անդամներս: Արմավիրի ու Արարատի մարզերում խմելու ջրի հարցը, Վանաձորում ու Գյումրիում ասֆալտապատման խնդիրները, կարմիր գծերի, տեսանկարահանող սարքերի անհեթեթ խնդիրները, ճանապարհային շատ նշանների հետ կապված խնդիրները, գազի, բենզինի , դիզվառելիքի սակագների եւ այլ հարցեր»,- ասաց Նարեկ Այվազյանը:
Նախաձեռնության անդամները չանտեսեցին նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը՝ պնդելով, որ այդ թանկացումը իր հետեւից շղթայական թանկացումներ է բերելու:
«Լուծումը համարում ենք ՀէՑ-ի_ժամանակավոր ազգայնացումը եւ մասնավորեցումը»,- հավելեց Նարեկ Այվազյանը:
Նրա խոսքով, Սահմանադրական փոփոխություններով իշխանությունները փորձում են անարդարությունները բարդել կառավարման համակարգի վրա՝ միաժամանակ իրենց շարունակությունը ապահովելով:
Սակայն Նարեկ Այվազյանը շեշտեց, որ Սահմանադրության նախագծում, իրենց առաջարկած շտկումները հաշվի առնելու դեպքում կկանխարգելվեն պետության առջեւ ծառացած խնդիրները, ու նախագիծն իրենց սրտով կդառնա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ