Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանցի վարորդը պետավտոտեսուչներից բողոքել է գլխավոր դատախազին

Սեպտեմբեր 04,2015 20:40

Նախկինում տեղեկացրել ենք հուլիսի 26-ին` Վարդավառի օրը Նոյեմբերյան քաղաքում ճանապարհային ոստիկանների կողմից ուժեղացված հսկողություն իրականացնելու, պետավտոտեսուչների եւ վարորդներից մեկի միջեւ վեճի ընթացքում պետավտոտեսուչի արտահայտության մասին՝ «28 հատ հարբած ոչխար ենք տարել բաժին»:

Նոյեմբերյանի բնակիչ Արտակ Ներսիսյանն իր հանդեպ պետավտոտեսուչների կոպիտ վերաբերմունքի կապակցությամբ գրավոր բողոքել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:

Դիմումում նշված է. «2015թ. օգոստոսի 26-ին, մեր ընտանիքի անդամներով, 2 մեքենայով գնացել էինք անտառ՝ Վարդավառը տոնելու: Երեկոյան, մոտավորապես 22.30-ի սահմաններում անտառից վերադառնալիս, Ջուջեւանի բարձունքում հորս ՝ Սեյրան Ներսիսյանի կողմից վարվող «ԶԻԼ-130» մակնիշի մեքենայի անվադողը ընկնում է ճանապարհաեզրի ջրահեռացման փոսը: Դրանից մի ժամ առաջ անձրեւ էր տեղացել, ճանապարհը դարձել էր սահուն: Ես հորս կողմից վարվող բեռնատարի հետեւից , ընկերոջս պատկանող «Մերսեդես» մակնիշի մեքենայի մեջ էի:

Երբ տեսա, որ բեռնատարի հետեւի անիվը ընկել է ճանապարհաեզրի փոսի մեջ,իջա ավտոմեքենայից, որպեսզի օգնեմ: Հորս ի վերջո հաջողվեց բեռնատարը դուրս բերել ճանապարհի երթեւեկելի մաս: Այդ ժամանակ ճանապարհային ոստիկանության մեքենան կանգնեց «ԶԻԼ»-ի հետեւին: Նրանք ինձ ցույց տվեցին բեռնատարի փոսից դուրս գալու տեսագրությունը, որն արվել է «ԶԻԼ»-ի հետեւից, սակայն չէին կարող ապացուցել, թե ով է եղել «ԶԻԼ»-ի ղեկին: Պետավտոտեսուչները՝ Արո անունով մեկը եւ մեկ այլ պետավտոտեսուչ, ստիպում էին, որ ես խմածություն ստուգող սարքավորումից օգտվեմ: Սակայն ես հրաժարվեցի դա անել,ասելով, որ ես այդ բեռնատարի վարորդը չեմ, նաեւ խմիչք եմ օգտագործել: Հայրս պետավտոտեսուչներին ասաց, որ ինքն է բեռնատարի վարորդը եւ պատրաստ է խմածություն չափող սարքով ստուգվել: Սակայն պետավտոտեսուչները չհամաձայնվեցին:

Հետո այդտեղ եկավ պետավտոտեսուչների դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանը ՝ իր ենթակաների հետ: Նորից փորձեցին, որ ես խմածության ստուգում անցնեմ, սակայն ես կրկին հրաժարվեցի: Այնուհետեւ ժամանեց ՃՈ 2-րդ գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Է. Սուսլիյանը: Ճանապարհային ոստիկանները ՝ 5-6 հոգի, ինձ ստիպում էին գնալ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, ես հրաժարվում էի:

Սուսլիյանը ինձ առաջարկեց նորմալ զրույց ունենալ ոստիկանության շենքում գտնվող աշխատասենյակում: Ես համաձայնվեցի: Նրան պատկանող ծառայողական մեքենայով գնացինք ոստիկանության բաժին: Այնտեղ նորից ստիպեցին ստուգել խմածություն, ես կրկին հրաժարվեցի, կրկին շեշտելով որ բեռնատարի վարորդը ես չեմ: Ես դուրս եկա օդափոխվելու: Սմբատ Նորեկյանը կատաղեց, սկսեց ինձ վրա գոռալ, աջ դաստակս ոլորեց, վիզս սեղմեց, ինքն ու պետավտոտեսուչ Վահե Գալստյանն ինձ կռացրած, հրելով տարան ոստիկանություն: Նրանք ինձ ֆիզիկական ցավ եւ վնասվածքներ պատճառեցին, պատռվեց իմ հողաթափը:

«Վեր ընկի տեղդ, կյանքներս կերար, մենք էլ , դու էլ ազատվենք այս խնդրից»՝ Ս. Նորեկյանը բղավեց իմ վրա: Ոստիկանություն հրավիրեցին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկին: Ես կրկին հրաժարվեցի խմածության ստուգումից, նորից պնդելով, որ ես բեռնատարի վարորդը չեմ: Բժիշկը գրառումներ կատարեց եւ ասաց՝ ստորագրեմ, որ հրաժարվել եմ խմածության վերաբերյալ ստուգումից: Ես ստորագրեցի, բժիշկը հեռացավ:

Դեռեւս Ջուջեւանի բարձունքում պետավտոտեսուչները ինձնից վերցրել էին իմ վարորդական իրավունքի վկայականը: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ճանապարհային ոստիկանները կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 418051 որոշումը,որով ես տուգանվել եմ 150 հազար դրամով: Ես առաջիկայում մտադիր եմ դիմել վարչական դատարան՝ այն չեղյալ համարելու պահանջով: Դիմում եմ Ձեզ իմ նկատմամբ ճանապարհային ոստիկանների օրինախախտ վերաբերմունքը հետաքննելու եւ ըստ օրենքի նրանց պատասխանատվության ենթարկելու համար»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Բա հետո՞….

  2. Զավեն says:

    Հետո-Պետո…

    • Տիգրան says:

      Պետոն ո՞րն ա…գրել ա, բողոքել ա, ու ի՞նչ ա եղել… ըտենց բողոքներ ամեն օր էլ գրվում են, բայց ինչ ա լինում, ինչ են արել…թե չէ մարդը բողոքը գրեց, թերթում էլ գրեցին, որ բողոք գրեց….ու հետո՞…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930