Ժամանակին, երբ կռվում էինք հայրենիքի համար, գիտեինք, որ բոլորս էլ միակամ ենք` մեր հավերժական սուրբ պարտքի` մեր երկրի ազատագրման և մեր տեսակին բնորոշ ապրելակերպի պահպանման, դրսևորման համար: Այսօր մեզ պարտադրվում է մի փաստաթուղթ (սահմանադրական բարեփոխումներ անվամբ), որն իրականում հայրենադավ ծրագրի նախագիծ է: «Բարեփոխումների» այս փաթեթը մեր երկիրը հանձնում է արտաքին կառավարման և ոչնչացնում մեզ բնորոշ ապրելակերպը, այն ամենը, ինչի համար արյուն ենք թափել, ընկերներ ենք կորցրել:
Դիմում եմ դաշնակցության շարքերին (վերնախավին չեմ էլ ուզում անդրադառնալ, քանի որ նրանց ի՛նչ և ո՛վ լինելն ինձ համար պարզ է)`պահանջեք ձեր ղեկավարությունից և ձեր «փորձագետներից» մեկնաբանել բարեփոխումների` ստորև բերված բոլոր կետերը, ինչից հետո լսեք նաև անկախ մասնագետների կարծիքը:
Ընտրությունը ձերն է, ամեն մարդ, ի վերջո, իր ընտրության համար պատասխան է տալիս Աստծու կամքի առաջ:
- Հայաստանը զրկվելու է ինքնիշխանության նույնիսկ ձևական նշաններից` վերածվելով նվաստացած գաղութային տարածքի: Դա կկատարվի համազգային սեփականության ինստիտուտի վերացումով, հողի և այլ բնական ռեսուրսների նկատմամբ սեփականության իրավունքը արտասահմանցիներին հանձման միջոցով` «միջազգային նորմերի» և միջազգային կառույցների որոշումների պարտադրությամբ: /նախագծի 5, 12, 58, 81 և այլ հոդվածներ/: Նույնիսկ ղարաբաղյան խնդրի վերջնական լուծումը կտրվի արևմտյան քաղաքականության քմահաճույքին:
- Հայաստանը ստիպված է լինելու ընդունել ներկայիս «եվրոպական ապրելակերպը», այդ թվում պեդոֆիլիան, միասեռականությունը և դրա ազատ գովազդումը, կներդրվի երեխաներին ընտանիքից զրկումը խրախուսող չունենալ արդարադատությունը, /նախագծի 35, 36, 81 հոդվածներ/: Հայաստանը ստիպված է լինելու հրաժարվել ավանդական արժեքներից և ազգային ինքնությունից:
- Կձևավորվի միակուսակցական պետական համակարգ, որը թույլ կտա ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին երկարաձգել իր անձնական իշխանությունը արդեն որպես իշխող կուսակցության լիդեր` պահպանելով բոլոր իշխանական լծակները, ընդ որում խուսափելով որևէ պատասխանատվությունից /նախագծի 89 հոդված /:
Զարմանալի է, որ եվրոպական կառույցները, կարծես թե չեն նկատում միակուսակցական համակարգի հակաժողովրդավարությունը, իսկ հայկական քաղաքական ուժերի զգալի մասը, որը կապված է ներկայիս իշխանական համակարգի հետ, մասնավորապես Հանրապետական կուսակցության ու Հայ հեղափոխական դաշնակցության լիդերները, անտեսելով սեփական գաղափարական հիմքերը, փորձում են համոզել ժողովրդին, որ «բարեփոխումները» դրական են ու բխում են Հայաստանի շահերից:
Կարդացեք նաև
Եվրոպական բյուրոկրատիայի և հայաստանյան քաղաքական գործիչների դրական արձագանքները, ինչպես և «սահմանադրական բարեփոխումների» տեքստի վերլուծությունը միանշանակ վկայում են, որ հայաստանյան իշխող կլանները, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կնքել են երկու պարզունակ գործարք:
Առաջին գործարքը կնքված է եվրոպական կառույցների հետ` ի դեմս «վենետիկյան հանձնաժողովի»: Ըստ այդ գործարքի` դեմոկրատական Եվրոպան աչք է փակում հակադեմոկրատական միակուսակցական համակարգի ձևավորման միջոցով Սերժ Սարգսյանի ռեժիմի և իշխող կլանների իշխանության պահպանման փաստին: Դրա
փոխարեն ռեժիմը հրաժարվում է երկրի ինքնիշխանությունից, հանձնում է Եվրոպային Հայաստանի համազգային սեփականության օբյեկտները ու թույլատրում է ամբողջությամբ փոփոխել հայ ազգի արժեքային համակարգը:
Երկրորդ գործարքն առաջարկված է հայաստանյան կուսակցությունների ղեկավարներին, այն է` եթե նրանք, անտեսելով «բարեփոխումների» հետևանքները, ընդունեն առաջին գործարքը, երաշխավորված կլինեն իրենց անձնական շահերը: Եթե որոշ քաղաքական ուժերի համար նման գործարքները սովորական և ընդունելի են գաղափարախոսական դատարկության պատճառով և բնորոշ են իրենց գործելակերպին:
Արամ Մանուչարյան
Նախկին ՀՅԴ անդամ, ազատամարտիկ