Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտորի եղբոր սպանության գործով թիկնապահներով դատարան ներկայացավ ամբաստանյալի կինը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 04,2015 19:05

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանվում է նրա հարեւանը՝ Արման Կատունյանը, որը զբաղեցնում էր ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժանմունքի պետի պաշտոնը: Սպանությունը տեղի էր ունեցել անցած տարվա հուլիսի 24-ին, Շիրակի մարզի Գետք գյուղից դեպի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի քանդված գոմերի մոտ:

IMG_9958 IMG_9966 IMG_9970

Մեղադրական եզրակացության մեջ ընթերցում ենք. «Արման Կատունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջ ` Ջեմմա Խաչատրյանի և իր հարևանությամբ բնակվող` Հ. Գրիգորյանի միջև արտաամուսնական հարաբերությունները Հ.Գրիգորյանի պահանջով պարզելու նպատակով, 2014թ. հուլիսի 24-ին, ժ.11-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Օպել Վեկտրա» մակնիշի, 88 ՍՏ 909 հ/հ ավտոմեքենայով, կնոջ հետ գնացել է Շիրակի մարզի Գետք համայնքի վերջնամաս` Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կիսաքանդ շինության մոտ, որտեղ հանդիպել է Հ.Գրիգորյանին և վերջինիս կողմից ամիսներ շարունակ, պարբերաբար դրսևորած հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում,ապօրինի կերպով ձեռք բերած,ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով լիցքավորված «ՊՄ» տեսակի CK 5004 P համարի ատրճանակով, յոթ անգամ կրակել է Հ.Գրիգորյանի վրա և սպանել նրան»:

Նշենք, որ այսօր դատարանում հսկողությունը բավական խիստ էր. դատարանի դահլիճ ներս էին թողնում ստուգումներ անցկացնելով, փաստաթղթերը գրանցելով: Բանն այն է, որ այսօր դատարան էր ներկայացել գլխավոր վկան՝ Ջեմմա Խաչատրյանը, որը Արման Կատունյանի կինն է եւ որի անունն է, ըստ էության, շոշափվում որպես գլխավոր դերակատար: Արման Կատունյանի շահերը պաշտպանող փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը միջնորդեցին նրան հարցաքննել դռնփակ դատական նիստով , քանի որ ցուցմունքը իրենց պաշտպանյալի ընտանեկան, անձնական կյանքին վերբերող տեղեկություններ է պարունակում:

Հարությունի Գրիգորյանի կնոջ՝ Նելլի Օհանյանի շահերը պաշտպանող Լիպարիտ Սիմոնյանն ու Թամարա Յայոլյանը առաջարկեցին՝ նշելով, որ այդ կնոջ նոթատետրը հրապարկելիս դատարանն արդեն իսկ դռնբաց դատական նիստ անցկացնելու որոշում է կայացրել, բացի այդ, լրատվամիջոցներով արդեն իսկ շոշափվել են այդ հարցերը եւ դրանք անձնական չեն: Դատավոր Վարդան Գրիգորյանը որոշեց դռնփակ դատական նիստ անցկացնել:

Բոլորը դահլիճից դուրս եկան, մենք ականատես եղանք, որ Ջեմմա Խաչատրյանը կողքի նիստերի դահլիճում էր, դուռը կողպված էր, կարգադրիչները բավական երկար դուռն էին ծեծում, որպեսզի նրան ուղեկցեին հարեւան նիստերի դահլիճ: Սակայն նրան նիստերի դահլիճ ուղեկցեցին ոչ թե կարգադրիչները, այլ ինչ-որ մարդիկ, միգուցե եւ թիկնապահներ: Համենայնդեպս հենց այդպիսի տպավորություն ստացանք. քանի դեռ Ջեմմա Խաչատրյանը դատարանի դահլիճում էր, այդ նույն տղամարդիկ ժամերով սպասում էին նրան դատարանի միջանցքում, որպեսզի դուրս գալուն պես ապահովեին նրա անվտանգությունը ու արագ դուրս բերեին դատարանի շենքից:

Ջեմմա Խաչատրյանը մոտ 2.5-3 ժամ մնաց դատարանի դահլիճում:Սակայն պարզվեց, որ նա դատարանում ցուցմունք չի տվել, այլ հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները:

Փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը չի կարող հրապարակել դռնփակ նիստի տվյալները:

Մինչդեռ Նելլի Օհանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասաց. «Որեւիցե նեղ անձնական բան չկար, որ դռնփակ դատական նիստ անցկացվեր, նման ցուցմունքներ համարյա կարելի է յուրաքանչյուր քրեական գործում հանդիպել: Իրենց հարաբերությունների վերաբերյալ էր ցուցմունքը եւ ոչ թե նեղ անձնական: Նեղ անձնական կարելի է գնահատել ցանկացած մարդու ցանկացած պատմվածք, եթե նույն սկզբունքով մոտենանք: Ուղղակի ցուցմունքն ինձ համար ակնհայտ է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից պատրաստված ցուցմունքն էր, որպեսզի հետագայում ստանան դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն: Իմ համար ակնհայտ է, այսինքն` ցուցմունքը շարադրված է այնպիսի հերթականությամբ, ինչպիսի հերթականությամբ ցուցմունք էին տվել մինչեւ էդ հարցաքննված անձիք, նույնիսկ հեռախոսի ամեն մի զանգի վերաբերյալ հորինված էր մի բացատրություն: Գիտեք, շատ հեշտ է, երբ որ վարույթն իրականացնող մարմինը կամ այսպես ասեմ նախապատրաստող անձը ունենում է հարցաքննվողի, բոլորի ցուցմունքները եւ բոլոր փաստական տվյալները, եւ պատահական չէ, որ նշված վկան հարցաքննվել է ըստ էության վերջում: Ինչո՞ւ նախաքննության ժամանակ չհրաժարվեց իր ամուսնու վերաբերյալ գործով ցուցմունք տալուց, այլ դատարանում հրաժարվեց, ակնհայտ է, ցուցմունքը դասավորվել, կառուցվել է այն կերպ, հետագայում նման եզրակացություն ստանալու համար»:

Այս գործով քննվեց նաեւ Գյումրիի թիվ 15-րդ դպրոցի ուսմասվարը, որն աշխատել է Ջեմմա Խաչատրայանի հետ: Այս մասին քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930