Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որում նշված է, թե Հայաստանի զինված ուժերը սկսել են կրակել իրենց խաղաղ բնակչության վրա. տեղեկացնում է Interfax.az-ը:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նշել է նաեւ, թե վախենալով իրենց հզոր հարվածներից, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից սկսել են մարդկանց տարհանել: Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին սպառնացել է իրենց «գյուղերի եւ խաղաղ բնակիչների վրա արձակվող կրակոցներն անմիջապես չդադարեցնելու դեպքում, օգտագործելով ցանկացած կրակային համակարգ, որ կա մեր զինանոցում, ոչնչացնել թշնամուն»:
Այս առնչությամբ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից: Նա Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը ծիծաղելի անվանեց:
Պարոն Հովհաննիսյանը հերքեց Ադրբեջանի ՊՆ-ի այն պնդումները, թե Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից մարդկանց տարհանում են: Իսկ Ադրբեջանի խաղաղ բնակչության վրա կրակելու առնչությամբ ասաց. «Հայկական կողմը երբեք նման բան չի արել, չի անում ու չի անելու: Դրա կարիքը չկա»:
Կարդացեք նաև
Արծրուն Հովհաննիսյանը նաեւ Ադրբեջանին խորհուրդ տվեց մտածել «իրենց կողմից փախչող ժողովրդի մասին, սպիտակ դրոշների մասին, գյուղերից փախած գյուղապետերի մասին, մեկ էլ մորգերում ու հոսպատալներում վիրավորվածների եւ զոհվածների թաքցված դիակների մասին»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ