Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Զադոյանը՝ Կարո Կարապետյանի մեղադրանքի վերաբերյալ. «Եթե իմ մոտ զենք լիներ, այս դեպքը չէր լինի»

Սեպտեմբեր 04,2015 17:38

Այսօր Մասիս քաղաքում՝ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, տեղի ունեցավ Արթուր Զադոյանի դեմ քրեական գործի քննությունը: Այս գործում, որպես տուժող է ներկայանում ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարոն- Հ.Հ.):

Այս դատական նիստին, ինչպես արդեն նախատեսված էր՝ ամբաստանյալը ցուցմունք տվեց: Իսկ մինչ այդ խոստովանեց, որ հինգ տարի իր հետ կատարվածի մասին ընդհանրապես չի ցանկացել հիշել եւ վերապրել, որովհետեւ իր համար տհաճ է եղել, այնուհետեւ ներկայացրեց դեպքի վերաբերյալ իր հիշողությունները: Նա ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց դեպքի եւ դեպքին նախորդող օրերի եղածը:

Ըստ պատմածի՝ նա միջնորդել է, որ Կարո Կարապետյանն իր համար մեքենա գնի: Մեքենան հավանելուց հետո Արթուր Զադոյանը եւ Կարո Կարապետյանը վերջինիս մեքենայով գնացել են, որ գնեն: Արթուր Զադոյանը նստած է եղել մեքենայի հետնամասում: Երբ մեքենայի մեջ պատգամավորին հարցրել է՝ գումարը հետը վերցրե՞լ է, պատգամավորը պատասխանել է՝ քո գործը չէ: Արթուր Զադոյանը նշում է, որ մեքենան գնելու էին իր ընկերոջ հորից, որը տարիքով պատկառելի էր եւ առողջական խնդիրներ ուներ: Երբ նա լսել է այդ պատասխանը, ասել է՝ մեքենան կանգնեցրու՛, իջնեմ: Կարո Կարապետյանի վարորդը՝ Օնիկ Հովհաննիսյանն էլ կանգնեցրել է: Ըստ Արթուր Զադոյանի՝ այդ պահին Կարո Կարապետյանը հայհոյել էր նրան, նա էլ պատասխանել է հայհոյանքով, հետո Կարո Կարապետյանը ձեռքով հարվածել է Արթուր Զադոյանի գլխին, ինչին ամբաստանյալը եւս պատասխանել է հարվածով, հետո նկատել է, որ Կարո Կարապետյանը ձեռքը տանում է այն կողմ, որտեղ մի քանի օր առաջ Արթուր Զադոյանը զենք է նկատել, եւ զենքը լիցքավորելու ձայնը լսելուն պես, նա ձեռքը տարել է մեքենայի մեջ եղած լոմին եւ վերցնելով այն՝ հարվածել է նախ պատգամավորի ձեռքին, հետո նորից է հարվածել, իր ասելով, այս անգամ կպել է նրա գլխին:

Uvenci_Karo_2

Հետո իջել է մեքենայից, քայլելուց նկատել է, որ իր վրա կրակում են, տեսել է փամփուշտներ են անցնում իր կողքով եւ խրվում հողի մեջ: Թեքվել է, տեսել՝ Կարո Կարապետյանն է իրենից մոտ չորս-հինգ մետր հեռավորության վրա կանգնած, ատրճանակը պահած իր կողմը: Պատմում է՝ պատգամավորը վերջին աստիճանի հայհոյանքների տարափով դիմում էր իր վարորդին, որ վերջինս կրակի նրա վրա, սակայն նա վախեցած, մեքենային էր հենվել:

Արթուր Զադոյանն ասում է, որ դիմել է Կարո Կարապետյանին՝ ասելով՝ վախենու՞մ ես դու կրակես, քո վարորդի՞ն ես ասում:

Ըստ ամբաստանյալի պատմածի՝ Կարո Կարապետյանը նորից կրակել է Արթուր Զադոյանի վրա, հարվածել նրա կողքերից, որի պատճառով նա գիտակցությունը կորցրել է:

Դատավորը նրան ներկայացրեց, որ ցուցմունքը պետք է վերաբերի նրան առաջադրված մեղադրանքներին, այն է՝ ԱԺ պատգամավորին միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու, զենք -զինամթերք պահելու եւ պատգամավորի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար: Արթուր Զադոյանը սկսեց հերթով ներկայացնել իր փաստարկները, որով հերքում էր եղածը: Ընդունեց, որ հարվածել է պատգամավորի գլխին, սակայն համարեց դա ինքնապաշտպանություն, ասաց, որ դիտմամբ պատգամավորին վնասելու համար չէ այդ օրը մեքենան նստել, հարաբերությունները պատգամավորի հետ մինչ այդ դեպքը «նորմալ» են եղել:

Հերքեց, որ իր մոտ զենք է եղել, ասաց, որ ոչ մի ապացույց այդ մասին չկա: «Եթե իմ մոտ զենք լիներ, այս դեպքը չէր լինի»,- ասաց նա: Նշեց, որ մեքենայի հետնամասում էր նստած, եւ եթե որոշեր կրակել Կարո Կարապետյանի վրա կկրակեր, հետո միտք էլ չէր լինի լոմը ձեռքը վերցնելը: Նշեց, որ զենքի առկայությունը զսպող հանգամանք կարող է լինել, որ իրադարձություններն այդպես չընթանային:

Սպառնալիքների մասով ասաց՝ հնարավոր չէր, որ նա կարողանար սպառնալիքներ հնչեցնել այն մարդու հասցեին, որն իր վրա զենք էր պահել եւ կրակում էր:

Ամբաստանյալի ցուցմունքին հաջորդեց նրա պաշտպան Սիմոն Ամիրխանյանի հարցաքննությունը. հարցերը հիմնականում ցուցմունքում հնչածը ճշգրտող էին, հարցեր եղան նաեւ այն մասին, որ վկաներից մի քանիսը հակասական ցուցմունքներ էին տվել:

Հետո հաջորդեց դատախազ Կարեն Բիշարյանի հարցաքննությունը, որը երկար չտեւեց. դատախազին հետաքրքրում էին, թե, օրինակ՝ ինչպե՞ս է պատահել, որ երբ ամբաստանյալը գետնին ընկած է եղել՝ աջ արմունկին հենված, եւ նրա աջ կողմին են հարվածել, ամբաստանյալը ցույց տվեց դա, հետո այլ հարցեր, որոնց տրամաբանությունը անընդհատ փորձում էր պարզել ամբաստանյալը: շ

Հայտարարվեց ընդմիջում, որից հետո դատախազը նշեց, որ այլեւս հարցեր չունի, իսկ Կարո Կարապետյանի պաշտպանը նշեց, որ ինքը հարցեր կհնչեցնի մյուս դատական նիստին:

Դատական նիստը հետաձգվեց, նշանակվեց սեպտեմբերի 11-ին՝ ժամը՝ 16:30:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930