«Այն ուժերը, որոնք համարում են, որ պետք է համոզեն ժողովրդին, դիմադրեն Սահմանադրական փոփոխություններին եւ ժողովրդին ոտքի կանգնեցնեն, մեր դաշնակիցներն են»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Հարցին՝ եթե Ռոբերտ Քոչարյանը հայտարարի, որ ինքը դեմ է, միանալո՞ւ է Ձեր ճամբարին՝ նա պատասխանեց. «Մեր համագործակցությունն անհնար է, որովհետեւ մեր մեջ կա Մարտի 1-ի արյուն, մեր մեջ կան բազմաթիվ հակասություններ՝ կոռուպցիոն համակարգի ստեղծումը, որ մենք միշտ ասել ենք, 100 անգամ էլ կարող ենք ասել: Ինքը պայքարում է՝ թող պայքարի: Ամենակարեւորը՝ Ռոբերտ Քոչարյանի թեզն իրականում նետված է իշխանության կողմից: Իշխանությունը հնարք է գտել՝ վախեցնել հասարակությանը Քոչարյանով, որ եթե հիմա Սահմանադրությունը չփոխեն, Ռոբերտ Քոչարյանը կգա, կդառնա ՀՀ նախագահ, է՞դ եք ուզում, ավելի լավ չի՞ ես՝ Սերժ Սարգսյանս մնամ, քան Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության: Սա իրականում մեծ խաբեություն է»:
Ըստ Լեւոն Զուրաբյանի, Սերժ Սարգսյանն իրականում վախենում է Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն մուտքից. «Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ Քոչարյանը ոչ մի շանս չունի՝ հասարակության կարծիքը հաշվի առնելով: Բայց եթե նա մտնում է պայքարի մեջ, արդեն Սերժ Սարգսյանի հենարանի ներսում խնդիրներ կլինեն, որովհետեւ այնտեղ կան մարդիկ, որոնք կարող են կողմնակից լինել Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն, նրա մուտքը պառակտում է ռեժիմին, ռեժիմի ռեսուրսները: Սերժ Սարգսյանը հասկանալով սա, որ նրա մուտքը բերելու է ռեժիմի եւ իր թուլացմանը, սեփական վախը Քոչարյանից փորձում է փաթաթել հայ ժողովրդի վզին: Սրանից զգույշ եղեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ