«Եվրոպական ազատ ալյանս» կուսակցության նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին Aravot.am-ի հետ զրույցում չթաքցրեց իր զարմանքը, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ ԵՄ-ի հետ հեռուն գնացող բանակցությունների պարագայում Հայաստանը անդամակցեց ԵՏՄ-ին: Թեև կարծում է, որ ԵՏՄ-ին անդամակցությունը չի կաշկանդում Հայաստանին համագործակցել եվրոպական կառույցների հետ: Ըստ Ֆրանսուա Ալֆոնսիի` «իրենց համագործակցության ոլորտում խնդիրը վերաբերում է ԼՂՀ-ում ազատության և հակամարտության լուծմամբ, որը տնտեսական խնդիր չէ» ու հույս է հայտնում, որ թե՛ ՀՀ-ն, թե՛ ԼՂՀ-ն կկարողանան ակտիվ համագործակցություն հաստատել բոլոր երկրների հետ:
Թեև զարմանքին, պարոն Ալֆոնսին ընդունում է, որ ՀՀ-ն մի երկիր է, որը մոտ է եվրոպական չափանիշներին, մշակույթին, այն կապով, որը կա մեծաթիվ սփյուռքի հետ: Ուստի զգուշացրեց, թե թող միջամտություն չթվա, բայց «Հայաստանին պետք է ամեն դեպքում ամրապնդել կապերը Եվրոպայի հետ»: Նա հավելեց. «Հիմա ժամանակավոր դադար է, բայց եղել են քայլեր, որոնք իրականացվել են ժամանակին: Բանակցությունները հեռու էին գնացել ԵՄ-ի հետ, և կար հույս, սպասում, որ դա հաղթական ավարտ կունենա Եվրոպայի հետ: Դա անսպասելի հանգուցալուծում էր»:
Մեր մյուս հարցին`ԵԽԽՎ-ն որոշում է կայացրել նախապատրաստել զեկույց ԼՂՀ-ի վերաբերյալ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» խայտառակ վերնագրով, ի՞նչ գնահատական կտա այդ փաստին և դա արդյոք չի՞ նշանակում, որ միջամտում են Մինսկի խմբի աշխատանքներին ու ձևաչափին, պարոն Ալֆոնսին պատասխանեց. «ԵԽԽՎ-ն, այդ թվում նաև Մինսկի խումբը, կոնֆլիկտի երկու կողմերն էլ ներառում է: Մինսկի խումբը հանդես է գալիս որպես դիտորդ հակամարտության կարգավորման հարցում: Այն ամեն դեպքում շարունակում է գերիշխող դեր կատարել, բայց այդ պարագայում էլ եվրոպական հաստատությունները որպես փորձագետ հանդես գալու հնարավորություն ունեն, և երբ կա ևս մեկ միջնորդ, այս պարագայում խնդրի լուծմանը հասնելն ավելի հեշտ կլինի»:
Եվրոպացի պաշտոնյան որպես օրինակ` բերեց Եվրախորհրդարանը` նշելով, որ այն այս հարցով ամենաօգտակար կառույցներից մեկն է, քանի որ ունի մեծ ազատություն և կարող է ստիպել ԵՄ-ին ավելի մեծ ընդգրկում ունենալ տարածաշրջանում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ