Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Երևի թե նախորդ երկու սահմանադրական հանրաքվեները որ իրականացվել էին, ժողովուրդը ողողել էր փողոցները և պահանջում էր»

Սեպտեմբեր 04,2015 16:49

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների շուրջ խորհրդարանական լսումների ընթացքում

Մինչև բովանդակությանն անցնելը՝ մի քանի նկատառում։ Որոշ ընդդիմախոսներ սահմանադրական բարեփոխումների մեջ են օլիմպիական սկզբունքով՝ կարևորը մասնակցությունն է… Ընդդիմախոսներից որոշների հիմնական փաստարկները չեն դիմանում ամենաթեթև քննադատությանը, քանի որ շատ դեպքերում այդ քննադատությունները հեռու են բովանդակությունից և կիրառվում են բացառապես քաղաքական դաշտում իրենց անունը հնչեցնելու համար։ Վառ օրինակներից է այն, որ սահմանադրական փոփոխությունների հանրային պահանջ չկա։ Երևի թե նախորդ երկու սահմանադրական հանրաքվեները որ իրականացվել էին, ժողովուրդը ողողել էր փողոցները և պահանջում էր։ Նման զավեշտալի օրինակները շատ են, որոնց անդրադառնալ չեմ ցանկանում, քանի որ մեր այսօրվա քննարկումն ավելի կարևոր է, քան նման մանր-մունր հարցադրումները։

Անդրադառնալով փաստաթղթի բովանդակությանը՝ նշեմ, որ սահմանադրության նախագիծը հստակեցումներ է մտցնում տարբեր ոլորտներում, որոնց շնորհիվ ամրապնդվում են ժողովրդավարությունը, կայունությունը և այլն։ Կարևոր հանգամանքներից մեկը՝ նոր սահմանադրությամբ ամրապնդվում է կուսակցությունների, քաղաքական ուժերի դերը՝ սահմանափակելով երազանքներ ու ամբիցիաներ ունեցող անձանց արկածախնդրությունները։ Նոր փաստաթղթով հիմք է դրվում կուսակցությունների, քաղաքական դաշտի առողջացման։ Քաղաքականությունը միայն գաղափարական ուժերի գործունեության ոլորտ է, իսկ տարատեսակ գոստրոլյորներն իրենց նկրտումները թող բավարարեն սեփական երազներում։

Նախագծով բարդացնում են միևնույն քաղաքական ուժի անվերապահ վերընտրությունը, քանզի ներառել են համամասնական ընտրական համակարգ, պատասխանատվության իրատեսական լծակներ, քաղաքական փոքրաթիվ ուժերի դերի աննախադեպ բարձրացման հիմքեր և այլն:

Ինչ վերաբերում է պատգամավորների կայուն մեծամասնության թեմային, ապա այն ոչ մի կապ չունի որևէ քաղաքական ուժի մենիշխանության հետ։ Հակառակը՝ այն պարտադրում է քաղաքական կայուն մեծամասնության ձգտող ուժին լինել առավելագույնս փոխզիջող և համագործակցել մյուս քաղաքական ուժերի հետ:

Գործող համակարգի պարագայում կա′մ նախագահի, կա′մ պառլամենտի ընտրությունները կարող են որևէ նշանակություն չունենալ, եթե երկուսն էլ ընտրվում են նույն մեծամասնությունից։ Այս պարագայում մատնանշած որևէ հակակշիռ չի կարող լինել: Եթե նրանք նույն մեծամասնությունն են, ապա որևէ հակակշիռ չկա, եթե տարբեր են, ապա դա լրջագույն ճգնաժամի և հակամարտության պատճառ է: ԵՄ անդամներից ընդամենը 1-ն է նախագահական՝ Կիպրոսը, երեքն են կիսանախագահական՝ Ֆրանսիա, Պորտուգալիա, Ռումինիա։ Մնացածը պառլամենտական են: Մենք կարևորում ենք քաղաքական փոքրամասնության իրավունքները որպես հակակշիռ:

Շահարկվում է փաստը, թե Ազգային ժողովը չի ընտրվում համընդհանուր, ուղղակի ընտրությունների միջոցով: Եթե խոսքը ազգային փոքրամասնությունների 2-3 ներկայացուցիչների մասին է, որոնք, այո′, միգուցե և պատգամավորական մանդատ կստանան ոչ համընդհանուր ուղղակի ընտրությունների միջոցով, ապա միայն որոշ ընդդիմախոսների է հայտնի, թե 2-3-ը ինչպես են 101-ի մեջ մեծամասնություն կազմում: Հակակշիռների բացակայությունը բերելու է անդրկուլիսյան, ստվերային կառավարման՝ հրապարակային կառավարման սկզբունքների նկատմամբ: Սահմանադրական բարեփոխումները լավագույնս լուծում են հակակշիռների խնդիրը։

Սահմանադրության տարբերակի շուրջ անցկացվել են լսումներ, ՀՀ Նախագահը հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքական ուժերի, հանրության ներկայացուցիչների հետ։ Վստահ եմ՝ արված առաջարկները, դիտողություններն ու նկատառումները հաշվի կառնվեն Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից։

Ես մի քանի օր առաջ նշել էի երբևէ-ների մի շարք, ուզում եմ հիշեցնել։

1.Երբևէ սահմանադրական փոփոխությունների նախագիծն այսքան բարձր գնահատականի չի արժանացել միջազգային կառույցների կողմից։

2. Երբևէ այսքան քննարկումներ չեն ծավալվել քաղաքական ուժերի, հասարակական կառույցների հետ։

3. Երբևէ ամեն մի դրույթի ու կետի հետ կապված այսչափ հիմնավորումներ չեն ներկայացվել։

4. Երբևէ այսքան համեմատություններ չեն արվել նախկին սահմանադրությունների հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930