Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների փորձը կարող է անգնահատելի լինել` ՀԱՊԿ-ի շրջանակներում այն կիրառելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման գնահատական տվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության վարչության պետի տեղակալ Վալերի Կոլչինը: «Հայաստանը ՀԱՊԿ անդամ առաջին պետություններից է, որ նման զորավարժություններ է իրականացնում: Ուստի զորավարժությունների փորձը կարող է անգնահատելի լինել ՀԱՊԿ-ի շրջանակներում այն կիրառելու համար»,- ասաց ՀԱՊԿ ներկայացուցիչը:
Սեպտեմբերի 2-ին Հայաստան է ժամանել ՀԱՊԿ-ի քարտուղարության և Կազմակերպության միացյալ շտաբի աշխատանքային խումբը՝ ՀՀ-ում սեպտեմբերի 3-6-ն անցկացվող «Շանթ-2015» զորավարժությանը և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Սեպտեմբերի 4-ին զորավարժությունների շրջանակում խումբը ներկա գտնվեց Էրեբունի բժշկական կենտրոնում պատերազմական իրավիճակում հիվանդանոցային պատրաստականության սցենարի խաղարկմանը: «Այն, ինչ մենք այս պահին տեսանք այստեղ, համապատասխանում է այն իրողություններին, որ ծավալվում են Հայաստանի Հանրապետությունում և դրա հարևանությամբ»,- նշեց վարչության պետի տեղակալը: