Այսօր լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարց ուղղեցին՝ Գագիկ Ծառուկյանի բացակայություններին ուշադրություն դարձնելո՞ւ եք, թե՞ չէ: Նա պատասխանեց. «Միշտ էլ ուշադրություն դարձրել եմ»:
Երբ լրագրողները հիշեցրին, որ նախորդ բացակայությունների ուսումնասիրությունը ոչինչ չտվեց՝ Գալուստ Սահակյանը չհամաձայնեց. «Ես կարծում եմ՝ տվեց, հարգելի համարվեց: Նոր Սահմանադրությամբ կստեղծվի խորհուրդ, որ ոչ թե այդ բեռը դրվի ԱԺ նախագահի վրա, այլ խորհուրդը կորոշի հարգելին եւ ոչ հարգելին: Իսկ այս պահին միանձնյա որոշումներ են, ինչպես նպատակահարմար կգտնի ԱԺ նախագահը, այնպես էլ իրողությունները կգնահատվի»:
Գալուստ Սահակյանը հանկարծ սկսեց գովել Գագիկ Ծառուկյանին. «Ծառուկյանն այն անձնավորությունը չի, որ պիտի կարողանաք հենց այնպես միտումնավոր խոսքեր ասել: Քաղաքական իրավիճակներ կան, կա դրա հետեւանքները, կա դրա մոտեցումները: Այն պատճառաբանությունները, որ ներկայացնում է նա ԱԺ նախագահին, մնում է ԱԺ նախագահի մոտ»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ նորմա՞լ է, որ որեւէ պատգամավորի մենք բյուջեի հաշվին, մեր հաշվին աշխատավարձ ենք տալիս եւ նա տարիներով բացակայում է՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, աննորմալ չէ: Ծառուկյանը բավականին լուրջ ներդրումներ է կատարում բարեգործական, եւ այսօր խոսել, որ աշխատավարձ է ստանում, դա ինչ-որ ձեւով պետության վրա շատ թանկ է նստում, չեմ կարծում, որ այդ փոխհարաբերությունները, կշիռները ավելի շատ խոսում են Ծառուկյանի մասին, քան աշխատավարձ ստանալու»:
Մեր դիտարկմանը, որ այսինքն, պատգամավորները կարող են չգալ, բարեգործությո՞ւն անել՝ նա պատասխանեց. «Ես ընդամենը ասում եմ, որ նրա բացակայությունները հարգելի են համարվել»:
Լրագրողները հիշեցրին՝ բայց մոտ 6 ամիս առաջ նա չարիք էր, դարձավ բարեգո՞րծ՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Քաղաքական պրոցեսներում բնութագրերը տարբեր կարող են լինել: Եթե երկրի քաղաքական պրոցեսները երկրի համար վտանգներ են սպառնում, դա կլինի Ծառուկյանը, թե Գալուստ Սահակյանը՝ եթե չարիքի ճանապարհն է, ուրեմն պիտի անուններն իրենց անուններով կոչել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ