Լրահոս
Օրվա լրահոսը

Միասեռ ամուսնությունների հարցը ԱԺ-ում բուռն արձագանք ու վեճ առաջացրեց. «Միասեռ ամուսնությունները ընտանիք չեն»

Սեպտեմբեր 04,2015 14:52

«Իշխող կուսակցության լիդերները բազմիցս հայտարարել են, որ Սահմանադրական բարեփոխումները նպատակ չունեն պահել իրենց իշխանությունը: Եթե այդպես է, ինչու նախագծում չկա որեւէ դրույթ, որը կսահմանափակի այն իշխող կուսակցության մուտքը խորհրդարան, որը մեկ-երկու շրջան իշխելուց հետո երկրի համար չի ապահովել որեւէ զարգացում: Ընդ որում, չափորոշիչ կարող է դիտվել արտագաղթը»,- այսօր Սահմանադրական փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Ներուժ» ՀԿ նախագահ Ժասմինա Ղեւոնդյանն այսպիսի հարց ուղղեց:

Մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ եթե տնտեսական խնդիրներ են եղել երկրում, դա չի կարող արգելք լինել նորից ընտրություններին մասնակցելու. «Հասկանում եմ, որ որոշակի անվստահություն ունեք: Այս նախագծով արդեն իսկ փորձ է արված այդ խնդիրների մի մասը լուծելու: Գլխավոր խնդիրը այն է, որ եթե այդ կուսակցությունը 5 կամ 10 տարի շարունակում է մնալ իշխանության, եթե մեծամասնությունը ձայն է տվել, ոչ ոք չի կարող որոշել: Եթե ընտրվում է, ապա ինքը միշտ պետք է շարունակի մնալ»:

Ժասմինա Ղեւոնդյանը նաեւ հետաքրքրվեց՝ Սահմանադրությունում հնարավոր չի՞ լինի մի այնպիսի դրույթ, որը երկրի առաջին դեմքին պարտադրի պարբերաբար ելույթ ունենալու ժողովրդի առջեւ իր ելույթը սկսելով, որ ինքը չի մոռացել, որ ընտրվել է՝ մեր ժողովրդին ծառայելու համար: Վարդան Պողոսյանը պատասխանեց. «Բնականաբար, քաղաքական պատասխանատվությունը կրում է այն քաղաքական ուժը, որը պառլամենտում ներկայացված է եւ ներկայանալու է ժողովրդի դատին: Երկրի գործադիր իշխանության համար առաջին դեմքը՝ վարչապետը պետք է գա պառլամենտ, նայի պատգամավորի աչքերին, պատասխանի իր արածի եւ չարածի համար: Նրա քաղաքական պատասխանատվությունը մեծանում է ավելի, քան ունենք գործող Սահմանադրությամբ»:

Ժասմինա Ղեւոնդյանը նաեւ հարց ուղղեց. «Վենետիկի հանձնաժողովն ասաց, որ Սահմանադրության նախագծում պետք է հիմքեր լինեն, որպեսզի հետագայում օրենքով թույլատրվեն միասեռ ամուսնությունները: Քիչ առաջ պարոն Պողոսյան, ասացիք, որ նման բան չկա: Եթե այդպես չէ, եթե թյուրիմացություն չկա, որեւէ կերպ արձագանքե՞լ եք Վենետիկի հանձնաժողովին»:

Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Այս Սահմանադրության պարագայում եթե միասեռ ամուսնություն գրանցվի, դա կլինի հակասահմանադրական: Մեր Սահմանադրությունը դա արգելում է: Մնացածը յուրաքանչյուրդ ինչպես ուզում եք դա հասկացեք, ինչպես ուզում եք՝ մեկնաբանեք: Հայաստանում ամրագրված դրույթներով միասեռ ամուսնությունները ընտանիք չեն, չեն կարող դիտարկվել որպես ընտանիք, չեն կարող ընկալվել որպես հասարակության միականոն բջիջ»:

Հրայր Թովմասյանի այս հայտարարությունից հետո դահլիճում ՀԿ-ներից մեկի ներկայացուցիչը բորբոքվեց եւ սկսեց տեղից գոռգոռալ ու անգլերեն ցիտել, թե ինչ են ներկայացրել Վենետիկի հանձնաժողովին՝ հոգնակիով են գրել՝ կանայք եւ տղամարդիկ կարող են ամուսնանալ:

«Լավ ա, որ անգլերեն գիտեք, վերցրեք հայերեն կարդացեք»,- արձագանքեց Հրայր Թովմասյանը:

ՀԿ ներկայացուցիչը շարունակեց բղավել ու մատ թափ տալ, ինչը բարկացրեց Թովմասյանին. «Եթե դուք բարձր եք խոսում, չի նշանակում, թե ճիշտ եք խոսում: Պետական լեզուն հայերենն է, եւ մատն էլ ձեր իջեցրե՛ք: Եթե եկել եք ստեղ լսելու եւ չհասկանալու, դա ձեր խնդիրն է»:

Վերջնական տարբերակում եզակի թվով է գրված եւ ոչ մի խնդիր չկա»,- հանգստացրեց Հովհաննես Սահակյանը:

Հրայր Թովմասյանը եզրափակեց. «Հայաստանում ընտանիքը մեկ կնոջ եւ մեկ տղամարդու միություն է, սա է մեր ընկալումը ընտանիքի»: Երբ ՀԿ ներկայացուցիչը շարունակեց հակաճառել տեղից եւ գոռգոռալ՝ Հրայր Թովմասյանը Հովհաննես Սահակյանին  դիմեց. «Էս ո՞վ ա էսի: Կանչեք ոստիկաններին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930