Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. «Հայաստանին սարքում են փորձադաշտ Իտալիայի համար»

Սեպտեմբեր 04,2015 14:35

«Իմ կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունները միարժեքորեն պետք են»,- սեպտեմբերի 4-ին «Երեւանի մամուլի ակումբի» կազմակերպված կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունը ստեղծման օրվանից միշտ սահմանադրական ճգնաժամի մեջ է եղել. «Սահմանադրությունը չի կարողացել լուծել իշխանության խնդիրը, դրա հետեւանքով 3-4 անգամ մենք հեղաշրջում ենք արել այս երկրում: Սահմանադրությունը փոխելու խնդիրը միշտ կար այս երկրում, Սահմանադրությունը պետք է այնպիսին լինի, որ նրան հնարավոր չլինի խախտել: Հայաստանում այդպես չէ. Հայաստանում իշխանության առանձին թեւերին, հիմնականում՝ գործադիր թեւին տված են լիազորություններ, որ նա ցանկացած պահին կարողանում է խախտել Սահմանադրությունը, օրենքները, գործընթացները տանել հօգուտ իրեն, եւ մեզ պետք է Սահմանադրություն, որ այս խնդիրները չլինեն»:

Նա անդրադարձավ այն տեսակետին, որ հիմա սահմանադրական փոփոխությունների հարցը բարձրացվում է իշխանության վերարտադրության համար. «Ես այստեղ վերապահում ունենամ, որովհետեւ իշխանության վերարտադրության համար իշխանություններն ունեն բազմաթիվ մեթոդներ՝ բացի ընտրությունները կեղծելուց: Նախագահի երրորդ ժամկետի հարցն է, հնարավոր էին բազմաթիվ տարբերակներ, սկսած Ռուսաստանի տարբերակից մինչեւ սահմանադրական թեթեւ փոփոխություններ, որ էությանը չէին կպնի, որից հետո կասեին՝ այ հիմա մենք ունենք նոր Սահմանադրություն եւ ամեն ինչ խառնում ենք, նորից ենք սկսում: Ես ուզում եմ ասել՝ այստեղ պարզ վերարտադրության խնդիր չէ»:

Աղասի Ենոքյանին հետաքրքրում է՝ ինչո՞ւ է որպես օրինակ վերցվել Իտալիայի օրինակը. «Այսինքն՝ վերցվել է ամենաանհաջող օրինակը խորհրդարանական հանրապետության, եւ ամենաանհաջող օրինակի վրա ստեղծել Հայաստանի Սահմանադրությունը: Իտալիայի այդ օրինակը, ինչքան ես գիտեմ, նոր գրված Սահմանադրություն է, որը այդ երկրում չի աշխատել. Հայաստանին սարքում են փորձադաշտ Իտալիայի համար՝ տեսնեն այստեղ ինչ է ստացվում, որ իմանան Իտալիայում ինչ է լինելու»:

Քաղաքագետի կարծիքով՝ ՀՀ նախագահը ուզում է օգտագործել այն կարեւոր ռեսուրսը, որը իր հավանական հակառակորդը ՝ Ռոբերտ Քոչարյանը, չունի՝ կուսակցությունը. «Սերժ Սարգսյանը փորձում է օգտագործել այդ գործոնը, կարծում եմ՝ այդ գործոնը պահի խնդիր չէ, այն չէ, որ հիմա իշխանությունը պետք է պարզ վերարտադրվի, այլ պետք է հիմա վերարտադրվի եւ մեկընդմիշտ մնա, որովհետեւ կա այդ հզոր գործիքը, որը կոչվում է Հանրապետական կուսակցություն: Շատ շուտով, երբ որ գնա բեւեռացում հասարակության, պայքար հասարակության, մենք հայտնվելու ենք շատ լուրջ ծուղակի մեջ, այսինքն՝ հասարակությանը դարձնելու են լրատվամիջոցների եւ քաղաքական կուսակցությունների միջոցով սեւ-սպիտակ, այսինքն՝ ասելու են՝ ով, որ Սերժ Սարգսյանի կողմնակից է ասի՝ այո՛, եւ ընդհակառակը՝ ով, որ ասում է այո՛, Սերժ Սարգսյանի կողմնակից է եւ ով, որ ասում է ոչ, Ռոբերտ Քոչարյանի կողմնակից է: Այսինքն՝ սա մի ծուղակ է, որից դուրս գալու ելքը պետք է քննարկել, պետք է հասկանալ, որովհետեւ այս բեւեռացումից հետո շատ արագ գնալու է իշխանության կազմավորում՝ կա՛մ նախագահական ընտրություններ, կա՛մ խորհրդարանական ընտրություններ, եւ սահմանադրական հանրաքվեով ստեղծված բեւեռացումը շարունակվելու է մինչեւ այդ ընտրություններ: Այս առումով մենք հայտնվել ենք մեծ թակարդում, եւ Սերժ Սարգսյանը, իհարկե՛, սա կօգտագործի ցույց տալու համար, թե ինչ է նշանակում ոչ-ը. ոչ-ը նշանակում է Ռոբերտ Քոչարյան, իսկ Ռոբերտ Քոչարյան՝ դա Հոկտեմբերի 27 է, Մարտի 1 է, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ այդպիսի սարսափելի բաներ չեն եղել, հանգիստ, նորմալ ավտորիտար համակարգ է, իր կոռուպցիոն մեխանիզմներով, այնպես որ, բոլորս էլ քիչ թե շատ լավ ապրում ենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930