«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում խաղարկվեց մի շարք արժեքավոր մշակութային նմուշների` հատուկ ապաստարաններ տեղափոխելու սցենարը: Տարհանման աշխատանքների խաղարկման մեկնարկին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը նշեց, որ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով բարձր պատրաստակամությամբ իրականացնում են Ազգային պատկերասրահում առկա առաջնային մշակութային արժեքների տարհանումը: «Ընդհանուր տարհանման գործընթացում ներգրավված են Ազգային պատկերասրահի տարբեր բաժիններում պահվող մշակութային նմուշներ, որոնք փաթեթավորված վիճակում տեղադրվում են արկղերում. յուրաքանչյուր արկղի պատրաստման համար անհրաժեշտ է մոտ կես ժամ, իսկ առաջնային կարևորության ամբողջ ֆոնդը տեղափոխելու համար` 6-7 ժամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց Ծատուրյանը` հավելելով, որ Ազգային պատկերասրահի նմուշների փաթեթավորման գործընթացում ներգրավված են պատկերասրահի ռեստավրացիոն բաժինը և ֆոնդապահները:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը շեշտեց, որ ֆոնդապահոցում պահվում է մոտ 42 հազար ցուցանմուշ, իսկ Ազգային պատկերասրահում ցուցադրված է միայն 3500 ցուցանմուշ: «Ես լիահույս եմ, որ հետագայում մենք հնարավորություն կունենանք ցուցադրել այս բոլոր ցուցանմուշները»,-ընդգծեց նա` հավելելով, որ ֆոնդապահոցում օդի տաքությունը պահպանվում է 18-22 ջերմաստիճանի սահմաններում:
Իր հերթին Ազգային պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանը նշեց, որ տարհանվող ցուցանմուշները պատվում են միկալենտային հիմքով թթվածին շնչող թղթով, իսկ հետո հատուկ փափուկ նյութով, որը կպաշտպանի տվյալ մշակույթային առարկան հարվածներից: «Ընդհանրապես` Ազգային պատկերասրահում առկա ցանկացած ցուցանմուշ տեղափոխելիս մենք հաշվի առնում, թե ինչ ավտոմեքենայով է տեղափոխվելու, ինչ ճանապարհ է անցնելու և այլ բազմաթիվ այլ գործոններ»,-նկատեց նա:
Ազգային պատկերասրահում առկա առաջնային մշակութային արժեքների տարհանման ցուցակը կազմում են Ազգային պատկերասրահը և ՀՀ մշակույթի նախարարությունը, որից հետո այն հաստատում է ՀՀ կառավարությունը:
«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում անցկացված Ազգային պատկերասրահի մշակութային արժեքների պահպանության և տարհանման ծրագիրը բարեհաջող ավարտվեց: Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի հրամանով ստեղծված և նախապես հաստատված խումբն օպերատիվ կերպով գրանցեց մշակութային նմուշները, փաթեթավորեց դրանք, այնուհետև տեղավորեց հատուկ արկղի մեջ: Դրանից հետո նմուշները տեղափոխվեցին անվտանգ, ապահով և գաղտնի ապաստարան: