«Վատ, դժվար, պրոբլեմատիկ մանկական փորձը հետագայում դրսեւորում է ոչ ադեկվատ, ոչ սոցիալ նպաստուն, ոչ կայուն վարքագիծ, որի հիմնական դրսեւորումներից մեկը սեռական վարքի դրսեւորումներն են: Ոչ սոցիալ ընդունելի սեռական վարքը հետեւանք է վաղ հասակում տարած վնասակար մանկության փորձի ազդեցության»,-այս մասին այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց «Սեքսուալ առողջության պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ, սեքսապաթոլոգ Արամ Հակոբյանը:
Հակոբյանի խոսքերով ՝ հիմնվելով տարբեր գիտնականների իրականացրած հետազոտությունների վրա, պարզվել է, որ վաղ հասակում, այսպես ասած, վնասակար մանկական փորձը սեռական վարքի շեղումների կարող է հանգեցնել:
Ասուլիսի մեկ այլ մասնակից, սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյան էլ ասաց, որ
նախնական փուլում վարքային շեղումներ մեջ է մտնում հաճախակի սեռական զուգընկեր փոխելը, որը որոշակի տարիքից հետո հղի է բարդություններով. «Դրանք են՝ վաղ հղիություն, անցանկալի հղիություն, փսիխոսեքսուալ զարգացման խանգարումներ, որոնք մենք՝ բժիշկներս առնչվում ենք սեռական խանգարումների ձեւով՝ կանանց մոտ դա վագինիզմն է, տղամարդկանց մոտ՝ սերմնաժայթքման խանգարումները»:
Կարդացեք նաև
Ազատյանի ներկայացմամբ՝ վնասակար մանկության փորձառության մեջ է մտնում հոգեբանական, ֆիզիկական եւ սեռական բռնությունները. «Հոգեբանականն այն է, երբ ծնողները նվաստացնում, ճնշում են երեխաներին: Ֆիզիկականը՝ բոլոր այն ապտակները, որոն մենք բոլորս ստացել ենք, բայց որոշ մարդկանց մոտ դրանք հետեւանքներ են թողնում: Սեռական բռնությունը պարտադիր չէ, որ բռնաբարությունը լինի, դա կարող է անձի ցանկությանը հակառակ շոյանք լինի: Հետազոտությունները ցույց են տվել, որ շատ խանգարումներ հետեւանք է մինչեւ 18 տարեկանը՝ վնասակար մանկության փորձառության»:
Հաճախակի սեռական զուգընկեր փոխելը, որն, ըստ մասնագետի, համարվում է սեռական վարքի շեղում, հաճախ տվյալ անձինք էլ չեն հասկանում, որ դա խնդիր է, եւ կարծում են, թե այս զուգընկերոջ հետ չստացվեց, փոխեմ, մյուսի հետ կստացվի: Մինչդեռ, ըստ սեքսապաթոլոգի, նման դեպքերում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը: Ազատյանի խոսքերով՝ «Սա հղի է խնդիրներով՝ սեռավարակներից սկսած՝ մինչեւ պեդոֆիլիա»:
Ազատյանի ներկայացմամբ՝ արտասահմանյան հետազոտություններն էլ պարզել են, որ ճարպակալումը, սիրտանոթային հիվանդությունները, խրոնիկական թոքային ախտահարումը, թմրամոլությունը, ալկոհոլից եւ ծխախոտից կախվածությունը որոշ մարդկանց մոտ հետեւանք է վնասակար մանկության փորձառության:
Բանախոսներն ասացին, որ ներկայումս սեքսապաթոլոգի շատերն են դիմում, անգամ հեռավոր գյուղերից եւ ֆինանսապես ոչ բարեկեցիկ զույգերը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ