Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զարուհի Հովհաննիսյան. «Միայն բազմամարդ մասնակցության եւ ոչի պարագայում հնարավոր է կասեցնել սահմանադրական բարեփոխումների գործընթացը»

Սեպտեմբեր 04,2015 13:45

Երեւանի մամուլի ակումբը սեպտեմբերի 4-ին կազմակերպել էր կլոր սեղան քննարկում «Սահմանադրական բարեփոխումներ . վիճարկելի անհրաժեշտությունը» թեմայով: Կլոր սեղանի ընթացքում հրապարակախոս, քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ շատ կասկածելի է, որ նման վարչախումբը կարող է անցկացնել այնպիսի մի կարեւորագույն հանրային կարեւոր փաստաթղթի փոփոխություն կամ նոր փաստաթղթի ընդունում, որը վերաբերվում է հանրային կյանքի բոլոր ոլորտներին:

«Հայաստանում, այնուամենայնիվ, սահմանադրական կարգի հանդեպ խախտված, աղճատված պատկերացումներ կան: Այն, որ Հայաստանում ընտրությունները ազատ, անկախ, թափանցիկ եւ ժողովրդավարական են, ամրագրված է Սահմանադրության մեջ, այն դեպքում, երբ մենք ունենք երկու համապետական ընտրությունների հնարավորություն՝ նախագահի եւ խորհրդարանական ընտրություններ: Այս նոր փոփոխվող դրույթներում, փաստորեն, մեկը կորսվում է ամբողջովին, մյուսը՝ մասնակիորեն է կորսվում՝ երկու փուլանոց ընտրությունների պարագայում»,- ասաց նա:

Զարուհի Հովհաննիսյանի համար մտահոգիչ են նաեւ սեփականության, ազատ հավաքների իրավունքների ամրագրումը առաջարկվող Սահմանադրությունում: Ըստ նրա՝ երբ կառուցվեց Հյուսիսային պողոտան, հանրային գերակա շահի անվանման ներքո օտարվեց իրենց սեփականությունը, այսօր փորձվում է ամրագրվել այդ դրույթը Սահմանադրությունում: Իսկ հավաքների ազատության տեսանկյունից նա համարում է, որ կա խոշորագույն փոփոխություն՝ նոր Սահմանադրության դեպքում հավաքների իրավունքը սահմանափակվում է. «Մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը, անկախ նրանից, որ ազատ հավաքների իրավունքը կա, միեւնույն է՝ շատ հաճախ ապօրինաբար ասում են, որ հավաքներն ապօրինի են, հանրությունը չի կարող դրսում իրացնել իր սահմանադրական իրավունքը, բայց այժմ իշխող վարչախումբը ամրագրում է Սահմանադրության մեջ այն, ինչ երկար տարիների ընթացքում խախտել է եւ ապօրինաբար հակասահմանադրական կերպով կարողացել է սահմանափակել մարդկանց իրավունքները»:

Զարուհի Հովհաննիսյանը անընդունելի է համարում սահմանադրական փոփոխությունները, սակայն, ըստ նրա, հանրությունը ամենեւին չի կարող բոյկոտել. Իշխանական ռեսուրսները բավարար են, որ նոր Սահմանադրությունը անցկացվի. «Միայն բազմամարդ մասնակցության եւ ոչի պարագայում հնարավոր է կասեցնել այս գործընթացը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930