«Արմենպրես»-ի փոխանցմամբ. «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի արժեքավոր նմուշներն իրենց տեղը գտան հատուկ ապաստարաններում: Տարհանման աշխատանքների մեկնարկին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանն ընդգծեց. «Մատենադարանն աշխարհում այն եզակի կենտրոններից է, որ ապահովել է պահպանության լավագույն միջոցները: Նոր մասնաշենքը նմանը չունեցող պահոցների համակարգով է օժտված: Այն եզակի է նաև աշխարհում, և այդ մասին ասում են նաև օտարերկրյա մասնագետները: Նոր մասնաշենքը լայն հնարավորություններ ունի: Տարբեր վայրերից ցուցանմուշները կարող տարհանվել և պահպանվել Մատենադարանում»:
Նրա խոսքով` տարհանումն արագ ապահովելու համար բոլոր միջոցներն առկա են: «Տարհանումը գաղտնի ծրագիր է: Նոր շենքում կա խոշոր ապաստարաններ, հին շենքում` ստրատեգիական պահոցներ, որոնք մեծ տարողունակություն ունեն»,- հավելեց Հրաչյա Թամրազյանը:
Արխիվային հավաքածուների պահոցում Մատենադարանի տնօրենը ևս մեկ անգամ վստահեցրեց`պահոցները ենթակա չեն անգամ տարերային աղետների: «Եթե անգամ, Աստված չանի, երկրաշարժ լինի, այս պահոցները կմնան այնպես, ինչպես կան: Նման պահոցները նախատեսված են ձեռագրերի, հնատիպ գրքերի համար: Մեր նորանկախ պետությունը հսկայական ներդրումներ է արել նման համակարգ ստեղծելու համար: Այն, ինչ տեսնում եք, աշխարհի եզակի պահոցներից մեկն է»,- նշեց Հրաչյա Թամրազյանը:
«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում անցկացված հոգևոր արժեքների պահպանության և տարհանման ծրագիրը բարեհաջող ավարտվեց: Մատենադարանի տնօրենի հրամանով ստեղծված և նախապես հաստատված խումբն օպերատիվ կերպով գրանցեց ձեռագրերը, փաթեթավորեց դրանք, այնուհետև տեղավորեց հատուկ ճամպրուկի մեջ: Դրանից հետո նմուշները տեղափոխվեցին անվտանգ և ապահով ստորգետնյա ապաստարան: