Գերմանական Բուխհոլց քաղաքում, որ տեղակայված է Համբուրգից 20 կմ հարավ, շուտով ծխախոտի ֆաբրիկա է կառուցվելու, սեփականատերը Հայաստանի գործարարներից է: «Համբուրգեր աբենթբլաթ» թերթը օգոստոսի վերջին գրում է, թե տեւական ժամանակ Բուխհոլցը խնդիրներ է ունեցելՙ գործարարների շրջանում արդյունաբերական իր տարածքների հանդեպ հետաքրքրություն արթնացնելու առումով, ինչն այժմ նրան հաջողվել էՙ շնորհիվ հայաստանցի մի գործարարի, որ մոտ 6 հեկտար տարածքը գնել է շուրջ 4, 3 միլիոն եվրոյով: Պայմանագրերը վերջերս են կնքվել, իրազեկում է թերթը նշելով, թե եվրոպական շուկայի համար արտադրվելիք ծխախոտի ընկերության, նաեւ գործարարի անունը Բուխհոլցում դեռ ծածուկ են պահում:
Հայերը 18 ամիս ժամանակ ունեն նորակառույցը նախագծելու համար, տեղեկանում ենք վերոհիշյալ աղբյուրից: Պայմանագրում նշված է, թե 2017- ի կեսերին շինարարության արտոնությունը առկա կլինի: Առաջին հերթին արտադրական հոսքագիծը պիտի պատրաստվի: Նախնական այս աշխատանքի համար քաղաքային իշխանությունները հաշվարկում են, թե մինչեւ 70 աշխատատեղ կստեղծվի:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում