Էլեկտրական էներգիայի 6,93 դրամով թանկացման ծախսը պետության կողմից սուբսիդավորելու որոշմանն անդրադառնալու առիթ ունեցել ենք («Էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորում` ո՞ւմ հաշվին եւ ինչո՞ւ», «ԱԶԳ», 10.07.2015 թ.): Հիշեցնենք, որ անհասկանալի ենք համարել սուբսիդավորման որոշումը սակագնի օբյեկտիվ թանկացման պարագայում, նշել էներգետիկ համակարգի եւ էներգետիկ անվտանգության ապահովման հարցում իշխանությունների պատասխանատվության մասին եւ հարցադրումներ ուղղել, թե ի՞նչ միջոցների հաշվին է տեղի ունենալու սուբսիդավորումը եւ ինչո՞ւ պետք է սուբսիդավորվի նաեւ բիզնեսը:
Այս ընթացքում որոշ հարցերում հստակություն մտցվեց: Հայտնի դարձավ, որ սակագնի բարձրացման սուբսիդավորումը տեղի է ունենալու Որոտանի ՀԷԿ-երի կասկադի` ամերիկյան ընկերությանը վաճառքից ստացված միջոցներով եւ որ պետությունը չի սուբսիդավորելու խոշոր բիզնեսին: Սակայն, փաստը, որ հոսանքի սակագնի բարձրացած մասի սուբսիդավորման որոշումը ավելի շատ կրակ հանգցնելու եւ ինչ-որ առումով էլ պոպուլիստական որոշում էր, չի վերանում:
Վերստին հարկ ենք համարում նշել, որ առանց էներգետիկ համակարգի անխափան գործունեության, վտանգվում է ոչ միայն մեր տնտեսությունն ու կենցաղը, այլեւ երկրի եւ մեր բոլորիս անվտանգությունն ընդհանրապես: Էներգետիկ համակարգը, ինչպես ցանկացած համակարգ շուկայական տնտեսության մեջ, չի կարող աշխատել վնասով: Արհեստականորեն զսպել գների փոփոխությունն այստեղ, երբ չորսբոլորը շուկայական գործընթացներ են, երբ փոխարժեք է տատանվել, ատոմակայանի երկարատեւ կանգառ է եղել, նշանակում է այս համակարգը կանգնեցնել քայքայման եւ փլուզման եզրին: Հարցի լուծումն այստեղ անապահով խավին գումարային փոխհատուցում տրամադրելն է, ինչը նախատեսվում էր, եւ լայնածավալ էներգախնայողության ծրագրեր իրականացնելն էր, որը կչեզոքացներ էլեկտրական էներգիայի թանկացման ազդեցությունը բնակչության վրա, որը սակայն չի ձեռնարկվում: Ինչեւէ:
Սուբսիդավորման համար Որոտանի կասկադի վաճառքի գումարը ծախսելը ոչ այլ ինչ է, քան այդքան անհրաժեշտ միջոցների փոշիացում: Փաստորեն, այդ գումարը մի քանի ամիս կբաշխվի բնակչության եւ փոքր բիզնեսի հոսանքի մի մասի ծախսի հատուցմանը եւ վերջ: Իսկ ի՞նչ է լինելու հետո: Այս հարցը կարծես ոչ ոքի չի հետաքրքրում: Ապագայում սպասվում է ատոմակայանի ավելի երկար կանգառ, որը նույնպես բերելու է գազից ստացվող ջերմակայանների արտադրած թանկ հոսանքի ծավալների ավելացում, որն անխուսափելիորեն հանգեցնելու է էլեկտրական էներգիայի ինքնարժեքի թանկացման: Նորի՞ց են իշխանությունները կուլ գնալու գների դեմ «պայքարող» պոպուլիստական կոչերի հեղինակներին, որոնք կիլոմետրերով հեռու են էներգետիկ համակարգի եւ տնտեսության խնդիրներից: Այս անգամ ինչի՞ հաշվին են սուբսիդավորելու ավելացած սակագնի տարբերությունը: Ու մինչեւ ե՞րբ են այդպես վարվելու: Կամ ի՞նչ են անելու, եթե ուսումնասիրությունը մեր էներգետիկ համակարգում եւ աուդիտը ՀԷՑ-ում պարզեն, որ համակարգն, այդուհանդերձ, անհնար է աշխատեցնել առանց գների փոփոխության: Այս անգամ որտեղի՞ց են գումարներ հայթայթելու, որոնք միլիոնավոր դոլարներ են, որոնք կարող էին օգտագործվել սոցիալական խոշոր ծրագրեր իրականացնելու կամ ճանապարհներ ու ջրագծեր կառուցելու համար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում