Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Եթե ոչ մի բացառություն չկա, ապա Լոս Անջելեսի հայն իրավունք չունի Հայաստանում հող գնելու». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 04,2015 12:23

Հարցազրույց պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

 -Դառնանք մեկ այլ` 204-րդ խնդրահարույց հոդվածին, որն ուղղակիորեն առնչվում է երկրի անկախությանն ու ինքնիշխանությանը: Նրանում ասվում է. «Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցությունն ու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով»: Սրանում ոմանք տարածքային ամբողջականության կորստի վտանգ են տեսնում: Եվ առհասարակ, որքանո՞վ է ճիշտ երկրի տարածքային ամբողջականությունը դարձնել հանրաքվեով լուծելիք հարց, այն ամրագրել սահմանադրորեն: 

– Լավ, եկեք մի պահ այդ դրույթը վերաձեւակերպենք ու տարածքային ամբողջականության հարցը հանենք նրանից: Այսինքն՝ թողնենք միայն վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցելու հարցը հանրաքվեով լուծելու խնդիրը:

Մի՞թե սա ճիշտ հարցադրում չէ։ Անշուշտ ճիշտ է, քանի որ որեւէ միջազգային կազմակերպությանն անդամակցելու հարց անկասկած հանրաքվեի խնդիր է, որովհետեւ նման քայլը պետք է համապատասխանի ժողովրդի կամարտահայտությանը:

Հիմա դառնամ տարածքային ամբողջականությանը կամ սահմանների անխախտելիությանը: Մենք չենք կարող ասել, թե վաղը տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչպիսի զարգացումներ կարող են լինել: Հետեւաբար սահմանադրության նախագիծը հստակ պետք է արձանագրի, որ անկախ նրանից, թե ինչ կլինի վաղը, ի՞նչ ճնշումներ կլինեն, միեւնույն է, մեր երկրի տարածքային ամբողջականության հարցերը որոշողը ոչ թե ինչ-որ պաշտոնյաներ են լինելու, այլ հայ ժողովուրդը` իր հանրաքվեով:

Ասում եք` պետք չէ սահմանադրորեն ամրագրել երկրի տարածքային ամբողջականության հարցը հանրաքվեի դնելը. կարծում եք, այդ դեպքում մեր տարածքային ամբողջականությունն ավելի երաշխավորվա՞ծ կլինի, թե՞ երաշխավորված կլինի, եթե սահմանադրորեն ամրագրենք, որ ամեն մի փոփոխություն պետք է կատարվի ժողովրդական հանրաքվեով: Պարզ չէ՞, որ երկրորդ դեպքն է ճիշտը:

Կամ ասում են` միգուցե դրսում, ինչ-որ երկրի օրակարգում նման հարցը կա, որից մենք անտեղյակ ենք: Եթե նույնիսկ կա, չէ՞ որ մենք շրջապատված ենք տարբեր պետություններով, որոնցից ոչ բոլորն են ուզում, որ Հայաստանն անվտանգ ապագա ունենա, ուրեմն եթե ինչ-որ մի պետության «ընդերքում» ինչ-որ ծրագիր է մշակվում, մենք նման նկրտումների դեմը սահմանադրորեն չառնե՞նք:

  -Սահմանադրական բարեփոխումների նախագծից հանվել է օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից հողի նկատմամբ սեփականության ձեռքբերման արգելքը, այդ իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով (հոդված 58-ի, 6-րդ կետ): Ստացվում է եթե արգելող օրենք չկա, ապա հարեւան ոչ բարեկամ երկրների քաղաքացիները կարող են Հայաստանում հողի սեփականության իրավո՞ւնք ստանալ:

-Եկեք բառացիորեն կարդանք այդ հոդվածը. «Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:
Մի՞թե սեւով սպիտակի վրա գրված չէ, որ օտարերկրացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք հողի սեփականության իրավունքից չեն օգտվում: Օտարերկրացին` կլինի Թուրքիայից թե Ադրբեջանից, ով ուզում է լինի, չի կարող օգտվել հողի սեփականության իրավունքից, չէ՞ որ դա սահմանադրությամբ մերժված է: Իսկ բացառությունն էլ վերաբերում է սփյուռքահայերին:
Բայց եթե ոչ մի բացառություն չկա, ապա Լոս Անջելեսի հայն իրավունք չունի Հայաստանում հող գնելու, վերջ: Սա՛ է ասում սահմանադրության նախագիծը:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930