Քիչ հետո, ԲՀԿ խմբակցության պատգամավորները կշարժվեն դեպի Տավուշի մարզի Բաղանիս, Սեւքար եւ արդեն երկու օր շարունակ Ադրբեջանի կողմից ռմբակոծվող սահմանամերձ գյուղեր: Նման որոշում երեկ կայացրել է ԲՀԿ քաղխորհուրդը: Այցի նպատակն է նախ տեղում ծանոթանալ իրավիճակին, ապա ոգեշնչել տեղի բնակչությանը եւ միայնակ չթողնել մարդկանց`թշնամու կրակոցների հետ:
Սահմանամերձ բնակավայրեր մեկնող խմբում են Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը եւ այլք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն արդեն իսկ սահմանամերձ գոտում են: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում այս առնչությամբ մասնավորապես գրել է. «Արայիկ Հարությունյանի, Ալեն Սիմոնյանի, Կարո Ղուկասյանի հետ հասանք Տավուշի մարզ: Այժմ գտնվում ենք Սեւքար, Սարիգյուղ, Բերքաբեր հատվածում: Ժամանակ առ ժամանակ հնչում են կրակոցներ: Սահմանի երկայնքով թռչում են անօդաչու սարքեր»:
Կարդացեք նաև
Ավելի ուշ հավելել է. «Հասցրել ենք այցելել Բերքաբեր եւ Ներքին Ծաղկավան: Նույնիսկ դժվար է հավատալ, որ այս գյուղերը գիշերը ենթարկվել են ինտենսիվ գնդակոծությունների: Բերքաբերում կանայք ուղիղ նշանառության տակ բակերն էին ավլում, կոմպոտ ու մուրաբա պատրաստում, տղամարդիկ՝ տանիքների վնասներն էին հաշվում, ձմեռվա փայտի պատրաստություն տեսնում»: