Լրահոս
Օրվա լրահոսը

 «Բոլորը ռազմաճակատի համար, ամեն ինչ ռազմաճակատի համար». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 04,2015 11:00

Հիմա հայ հանրությանն անհանգստացնող հիմնական հարցը հետեւյալն է. ի՞նչ է լինելու հետո, եւ ինչպիսին է լինելու սահմանային իրավիճակն առաջիկա ամիսներին։ Մեծ է հավանականությունը, որ ընդհանուր առմամբ իրավիճակը կլինի այնպիսին, ինչպիսին եղել է վերջին մեկ տարվա ընթացքում։ Այսինքն՝ սահմանային գնդակոծություններն ու հրետակոծությունները կշարունակվեն եւ չեն վերաճի մեծամասշտաբ ռազմական գործողությունների։ Այսինքն՝ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակման չի անցնի։ Վերջին օրերի իրադարձությունները, սակայն, գալիս են վկայելու, որ իր հարձակողական մարտավարության մեջ Ադրբեջանը «քայլ առաջ» կանի եւ առաջիկա շրջանում կսկսի հարվածել ոչ միայն սահմանի պռնկին գտնվող գյուղերին, այլեւ կփորձի պատերազմի շունչը հասցնել ավելի խորքում գտնվող բնակավայրեր։

Այս գործողությունները մեկ հիմնական նպատակ ունեն. Հայաստանի սահմանամերձ գյուղերին հանգիստ կյանքի հնարավորություն չտալ, անընդհատ պահել ռազմական լարվածության մեջ, այդպիսով ռազմական լարվածության մեջ պահելով ողջ Հայաստանն ու մայրաքաղաք Երեւանը։ Ի վերջո, սահմանամերձ գյուղերի գնդակոծումների, հրետակոծությունների մասին տեղեկատվությունը կայծակնային արագությամբ հասնում է Երեւան եւ մեծ արձագանք գտնում հանրության շրջանում։

Առավել եւս այս իրավիճակում հայաստանցիները պետք է ամուր պահեն իրենց նյարդերը եւ պատրաստ լինեն նրան, որ գնդակոծությունների եւ հրետակոծությունների մասին լուրեր են լսելու, եւ պատերազմական խրոնիկան ավելի հաճախ է հայտնվելու մեր լրահոսում։

Ի վերջո, ոչ մեկի համար նորություն չէ, որ մեր երկիրը գտնվում է պատերազմական վիճակում։

Բայց կա մի խնդիր, որի մասին պետք է առանձնահատուկ մտածել, դա սահմանամերձ գյուղերի բնակիչների կեցության եւ անվտանգության հարցն է։ Այս մարդկանց համար գնդակոծությունն ու հրետակոծությունը ոչ թե լրատվական իրադարձություններ են, այլ ֆիզիկական անվտանգության հարց, ու պետությունը պետք է մտածի՝ ի՞նչ է ասում այդ մարդկանց։ Սահմանամերձ գյուղերին էլեկտրական էներգիայի, գազի սակագնի զեղչեր տալու՝ նախորդ տարվա օրենքը այն ժամանակ արդեն բավարար չէր, եւ զարգացող իրավիճակում առավել եւս բավարար չէ։ Սահմանամերձ գյուղերն այսօր ռազմաճակատային գիծ են փաստացի, եւ այստեղ թերեւս շատ պատեհ է հնչում երկրորդ համաշխարհային պատերազմի հայտնի կարգախոսը. «Բոլորը ռազմաճակատի համար, ամեն ինչ ռազմաճակատի համար»։ Սահմանամերձ գյուղերը պետք է զգան Հայաստանի քաղաքական, բարոյական եւ նյութական աջակցությունը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930