Լրահոս
Օրվա լրահոսը

Երանի Վարդան Ղուկասյանը իմանար, թե ինչ է գեյը. «Հրապարակ»

Սեպտեմբեր 04,2015 10:53

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նույն ինքը՝ Վարդանիկը, արդեն հասցրել է մի քանի առիթներով սահմանադրության նոր տարբերակը որակել «գեյերի սահմանադրություն»։ Երանի նա իմանար, թե ինչ է գեյը։ Եթե իմանար, վստահ եմ, ՀՀԿ ղեկավարի այս նախաձեռնության մասին այդպես չէր արտահայտվի։ Ստացվում է, որ եթե Վարդանիկը ճիշտ է, ապա ՀՀ նախագահը, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, նժդեհական ՀՀԿ-ն ոչ թե սահմանադրություն են առաջարկել, այլ՝ գեյություն։

Իսկ Վարդան Ղուկասյանն ինչի՞ց է հանկարծ ենթադրել, որ սա գեյերի սահմանադրություն է եւ կվնասի ավանդապաշտ Գյումրիին։ «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները» գլխի (գլուխ 2) հոդված 29-ում կարդում ենք. «Խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ կարծիքից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»։ Եթե այս կետն է մտահոգել Գյումրիի չգործող քաղաքապետին, ապա նրան պետք է բացատրել, որ խտրականություն երեւույթը, առհասարակ, մերժելի է բոլոր արդար հասարակություններում, որովհետեւ, երբ խտրություն կա մարդկանց որեւէ խմբի նկատմամբ, իսկ մյուսների համար ամեն ինչ լավ է, արդարությունը մեռնում է, եւ արդարության մասին բոլոր գեղեցիկ խոսքերը վերածվում են բարբաջանքի։

Աշխարհում հատուկ գեյերի համար դեռեւս սահմանադրություններ չեն գրվել։ Երեւի չգրվեն էլ։ Աշխարհի սահմանադրություններում, սակայն, կան ընդհանուր դրույթներ մարդու իրավունքների եւ ազատությունների մասին, որոնց էլ հղումներ են կատարում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ իրենց իրավունքների խախտում նկատելիս։ Նրանք չեն ասում՝ այ, դուք խախտում եք գեյերի իրավունքը։ Նրանք ասում են՝ դուք խախտում եք մարդու իրավունքների եւ ազատությունների մասին սահմանադրության դրույթները։ Աշխարհի մի շարք երկրներ, որոնք օրենքով թույլատրել են միասեռական ամուսնությունները, սահմանադրության մեջ հատուկ կետ չունեն միասեռականների եւ այս կարգի այլ փոքրամասնությունների մասին։ Բոլոր սահմանադրություններում նրանք մարդ են, քաղաքացի եւ ունեն նույն իրավունքները, ինչ որ մյուսները։ Եթե

ուշադիր կարդանք մեզ առաջարկվող բարեփոխումները, կտեսնենք, որ մարդկանց իրավունքների եւ ազատությունների մասին դրույթներում ընդհանրացված է խոսվում խտրականության անթույլատրելիության մասին, բայց շատ դեպքերում, այդ թվում՝ եւ ամուսնության, եւ ընտանիք կազմելու հետ կապված սահմանափակումների առնչությամբ, սահմանադրությունը հղում է կատարում համապատասխան օրենքների, որոնցով կարգավորվում են կյանքի այդ բնագավառները։

Հետեւաբար՝ հրապարակ բերված սահմանադրությունը որակել գեյերի, հաշմանդամների, ազգային փոքրամասնությունների, լեզվի արատ ունեցողների կամ այլ խմբերի սահմանադրություն, մեծագույն հիմարություն է։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930