Ռազմագետը՝ այս օրերին սահմանում տեղի ունեցողի մասին
Ռազմագետ Կարեն Վրթանեսյանն այս օրերին, երբ հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը լարվել է, գնդակոծվում են սահմանամերձ գյուղեր, հասարակության շրջանում լուրջ լարվածություն չի տեսնում: «Որոշ լրատվամիջոցներ, իհարկե, փորձում են սրել, վերնագրեր են դնում՝ «Շտապ. Լարված իրավիճակ» եւ այլն, սակայն կոնկրետ սահմանային գոտում՝ չնայած այն բանին, որ գնդակոծություններ են եղել, չեմ կարող ասել, որ խուճապ է սկսվել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Կ. Վրթանեսյանը:
Նա նշում է՝ մեզ համար նորություն չէ, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է սրել իրավիճակը: «Պարբերաբար փորձում են սրել, հետո ինչ-որ պահից հասկանում են, որ չեն մարսի, եւ ինչ-որ ժամանակով սառեցնում են իրավիճակը, մի քիչ հանդարտվում են, հետո նորից մի հարմար առիթով վերսկսում են,- ասում է ռազմական փորձագետն ու նշում, որ Ադրբեջանի նպատակը սահմանամերձ գոտու, եւ ընդհանրապես Հայաստանի բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելն է.- նաեւ միջնորդավորված փորձում են ճնշում գործադրել, որ Հայաստանի իշխանությունները զիջումների գնան: Իհարկե, դա չի նշանակում, որ այդ ճնշումը զուտ վիրտուալ է, ճնշումը գործադրվում է խաղաղ բնակիչներով բնակեցված տարածքները գնդակոծելով»:
Պարոն Վրթանեսյանը նկատում է, որ մյուս կողմից Ադրբեջանը եւս ունի սահմանամերձ բնակավայրեր, սակայն կարծես թե այնքան էլ չի մտահոգվում այնտեղի բնակչության խաղաղությամբ:
«Այս խնդիրը կարելի է մեկընդմիշտ լուծել, եթե մի ինչ-որ անվտանգության գոտի ստեղծվի Հայաստանի սահմանների մոտ՝ Տավուշի, Գեղարքունիքի մարզում»,- ասում է պարոն Վրթանեսյանը:
Կարդացեք նաև
Նա կարծում է, որ սահմանում լարվածությունը կապված է նաեւ այս օրերին Հայաստանում անցկացվող «Շանթ» անունը կրող զորավարժությունների հետ. «Չնայած չեմ կարծում, որ եթե զորավարժություն չլիներ, ադրբեջանցիները նման քայլերի չէին դիմի: Կարեւորն այն է, որ նրանց ցանկացած քայլ համարժեք պատասխան է ստանում, եւ իրականում Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ անպատասխան ոչ մի բան չի մնում»,- ասում է նա՝ ավելացնելով, որ այս անցկացվող զորավարժությունները հակառակորդին ամեն անգամ հասկացնում են, որ իր ցանկացած ագրեսիա, ոտնձգություն տապալվելու է: Ռազմագետն, այնուամենայնիվ, կարծում է, որ ամեն դեպքում մենք պետք է զգոն լինենք, հիշատակում է հին հռոմեացիների համոզմունքը՝ եթե ուզում ես խաղաղ ապրել, պատրաստ եղիր պատերազմի:
Ադրբեջանի՝ խոշոր տրամաչափերով զենքեր օգտագործելը պարոն Վրթանեսյանն այսպես է բացատրում. «Ադրբեջանի ցանկացած սադրանք ուղղված է մեզ, մենք ենք նրա լսարանը: Այդ լսարանը ժամանակի ընթացքում հոգնում է, չի ցանկանում այդ նորությունները կարդալ: Նախկինում երբ գրվում էր, որ մի դիպուկահարը կրակում է ինչ-որ գյուղի վրա, աղմուկ էր բարձրանում, հետո քանի որ այդ դիմացկունության շեմը բարձրանում է, իրենք ստիպված են լինում էսկալացիայի գնալ՝ ավելի մեծ տրամաչափերի զենք օգտագործել, ավելի աղմկահարույց սադրանքների, գործողությունների դիմել: Բայց մյուս կողմից՝ սա այսպես չի կարող շարունակվել, սա կարող է բերել պատերազմի, բայց իրենք այնքան էլ չեն շտապում մտնել պատերազմի մեջ: Իրենց նպատակը ճնշումով մեզ թուլացնելն է: Բայց ինչ-որ մի պահ է գալիս, այդտեղից արդեն արգելակում են»,- ասում է նա:
Կարեն Վրթանեսյանը նկատում է, որ Ադրբեջանում ոչ զինուժը, ոչ էլ բնակչությունը առանձնապես ոգեւորված չեն ռազմական գործողություններով. «Անցյալ տարի օգոստոսին այն վիճակն էր, որ իրենց հատուկ ջոկատայինները հրաժարվում էին ռազմական գործողությունների մասնակցել, որովհետեւ որեւէ ռազմական ձեռքբերում չի տալիս: Դա զուտ քարոզչական գործողություն է, եւ իրենք, բնականաբար, դրա համար չեն ուզում զոհվել»,- ասում է պարոն Վրթանեսյանը:
«Առավոտի» հարցին՝ արդյոք այս իրավիճակը կվերածվի՞ պատերազմի, մեր զրուցակիցը պատասխանում է. «Իմ կարծիքով՝ մենք պետք է հասկանանք, որ պատերազմը շատ հնարավոր է մեր տարածաշրջանում, շատ հաճախ է լինում, որ ինչ-որ հանգիստ վիճակից մեկ էլ բուռն իրադարձություններ են լինում. նույն Վրաստանում 2008 թվականին եղածը, կամ Թուրքիան, որ մի քանի տարի առաջ հանգիստ էր, բայց հենց Հայաստանի սահմանների երկայնքով դիվերսիաներ են, կրակոցներ, պայթյուններ եւ այլն, Սիրիայում, Ուկրաինայում էլ նույնն է կատարվում: Մենք պետք է հասկանանք, որ պատերազմը շատ մեծ հավանականություն ունեցող մեր կյանքի մի մասն է»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.09..2015