Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԻՍՏ ՇԵՖԸ

Սեպտեմբեր 04,2015 10:12

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ վաթսունչորսերորդ

ԽԻՍՏ ՇԵՖԸ

Չնայած Ժոզեֆի քրոջ անունը չեմ հիշում, շատ լավ հիշում եմ, որ Ժոզեֆի քույրը Շահամիրյանի գործն ընդամենը երեսուն ռուբլով էր անում, ու էդ երեսունը շատ լավ եմ հիշում, որովհետեւ էդ երեսունն անձամբ իմ ձեռքով էի Ժոզեֆի քրոջը տալիս. խմբագիրը հոնորարները գրելիս իմ անվան դիմաց երեսուն ռուբլի ավել էր գրում, ու ես էդ երեսունն ամեն ամիս պարտաճանաչ կերպով տալիս էի Ժոզեֆի քրոջը, եւ բոլորը գոհ էին, մանավանդ՝ Շահամիրյանը, որն իր հեզ կերպարը վերագտնելով՝ պարտաճանաչ կերպով շարունակում էր ստանալ իր լրիվ աշխատավարձը, միանգամայն անտեղյակ, որ իր պարտականություններն իր փոխարեն միանգամայն այլ անձնավորություն է կատարում, եւ հատկապես Սփյուռքի կոմիտեի նախագահ Համազասպյանն էր գոհ, որովհետեւ ամսագրի ուղղագրության վերաբերյալ այլեւս Սփյուռքից բողոքներ չէր ստանում, ու էդ առթիվ Համազասպյանը զանգել էր Ժենյա Ղուկասովնային եւ իր հիացմունքն էր հայտնել՝ նշելով, որ մեր նոր աշխատողը հրաշալի է տիրապետում դասական ուղղագրությանը, եւ երբ Ժենյա Ղուկասովնան Համազասպյանին ասել էր, որ Շահամիրյանին աշխատանքից չի ազատել, եւ նույն Շահամիրյանն է ամսագիրը դասական ուղղագրության փոխադրում, ապշահար Համազասպյանը խմբագրին հարցրել էր՝ «այսինքն, էդ մարդը դասական ուղղագրություն գիտի՞», եւ Ժենյա Ղուկասովնան ժպտալով պատասխանել ու ասել էր՝ «էն էլ ո՜նց գիտի», եւ ապշահար Համազասպյանը Ժենյա Ղուկասովնային հարցրել էր՝ «բա մինչեւ հիմի ինչի՞ էր խալտուրա անում», եւ Ժենյա Ղուկասովնան ինքնագոհ ժպտալով պատասխանել ու ասել էր՝ «որ հետը մի քիչ խիստ խոսեցի, ամեն ինչ տեղն ընկավ», եւ Համազասպյանը մի քիչ մտածել ու ասել էր՝ «Աստված իրա հետ» եւ մի քիչ էլ մտածել ու ավելացրել էր՝ «չնայած… հավատս չի գալիս», եւ Ժենյա Ղուկասովնան հարցրել էր՝ «ինչի՞ն չեք հավատում, ընկեր Համազասպյան», եւ Համազասպյանը պատասխանել ու ասել էր՝ «չեմ հավատում, որ քո պես քնքուշ արարածը կարող ա ինչ-որ մեկի հետ խիստ խոսի», եւ Ժենյա Ղուկասովնան ինքնագոհ ժպտալով ասել էր՝ «որ տեղը գալիս ա, լավ էլ խիստ եմ խոսում», եւ Համազասպյանը ծիծաղելով Ժենյա Ղուկասովնային ասել էր՝ «պարզվում ա՝ շատ խիստ շեֆ ես» եւ ծիծաղելով ավելացրել էր՝ «էդ ոգով էլ շարունակի», եւ իրենց էդ հեռախոսազրույցը Ռոլանդն անձամբ էր լսել, որովհետեւ էդ պահին խմբագրի կաբինետում էր եղել, եւ չնայած բարի, գեղեցիկ ու առաքինի Ժենյա Ղուկասովնան իրենից կախված ամեն ինչ արեց, որ Շահամիրյանն աշխատանքից չազատվի, անձամբ Շահամիրյանն էն կարծիքին էր, որ իր փրկիչն անձամբ Շառոյան Ռոլանդն է, եւ անձամբ Ռոլանդն էլ էր մասամբ էդ կարծիքին, եւ երկուսն էլ էդպես կարծելու ու էդպես մտածելու հիմքեր ունեին, որովհետեւ անձամբ Ռոլանդն էր Ժոզեֆի քրոջ տարբերակը հայտնագործել, եւ չնայած Շահամիրյանն ընդհանրապես անտեղյակ էր Ժոզեֆի քրոջ գոյությունից ու գործունեությունից, անձամբ Շահամիրյանն էլ էր անձամբ Ռոլանդին իր փրկիչը համարում, եւ որոշ չափով նույնիսկ ինձ էր փրկիչ համարում՝ առանց հասկանալու, որ եթե բարի, գեղեցիկ ու առաքինի Ժենյա Ղուկասովնայի բարի կամքն ու ցանկությունը չլինեին, ոչ Ռոլանդն ու ոչ էլ որեւէ ուրիշը չէին կարող փրկել իրեն, չնայած, մյուս կողմից էլ, եթե Ռոլանդը Ժոզեֆի քրոջ տարբերակը չհայտնաբերեր ու չառաջարկեր, բարի, գեղեցիկ ու առաքինի Ժենյա Ղուկասովնան էլ պիտի դժվարանար իր բարի կամքն ու ցանկությունն արտահայտելու որեւէ ձեւ ու եղանակ գտնել, բայց, այդուհանդերձ, Շահամիրյանը հիմնականում Ռոլանդին ու մի քիչ էլ ինձ էր իր փրկիչը համարում եւ մաղարիչն էլ անձամբ Ռոլանդին ու ինձ արեց, եւ իր մաղարիչը բաղկացած էր երկու բաժակ սուրճից, երկու կտոր խմորեղենից եւ քառորդ շիշ կոնյակից, եւ Շահամիրյանի մաղարիչը տեղի ունեցավ Շուրայի բուֆետում, այսինքն՝ հին մամուլի շենքի նկուղային հարկի ճաշարանում, եւ չնայած Շահամիրյանը ծոցագրպանից կոնյակի կիսադատարկ շիշը հանելով՝ երեքիս բաժակներն էլ հավասար լցրեց, մինչ այդ ընդամենը երկու բաժակ սուրճ ու երկու կտոր խմորեղեն էր Շուրային պատվիրել՝ իմ ու Ռոլանդի համար, եւ երբ Շուրայի մատուցողուհին երկու սուրճերն ու խմորեղենները բերեց, Ռոլանդը մատուցողուհուն ասաց, որ եւս մի սուրճ ու մի խմորեղեն բերի, եւ երբ Շահամիրյանն ասաց, որ ինքը խմորեղեն չի ուտում, որովհետեւ շաքար ունի, եւ երբ ավելացրեց, որ սրտի արատի պատճառով նաեւ սուրճ  չի օգտագործում, Ռոլանդը ժպտալով ասաց՝ «մենք էլ առանձնապես առողջություն չունենք, պարոն Շահամիրյան», եւ երբ մատուցողուհին Շահամիրյանի սուրճն ու խմորեղենը բերեց, մենք արդեն մեր կոնյակները խմել էինք, եւ Շահամիրյանն արդեն շշի վերջին կաթիլներն էր լցրել մեր բաժակների մեջ, եւ մինչ Ռոլանդը երկրորդ բաժակը բարձրացնելով կմտածեր՝ ինչ ասեր, շաքարից ու սրտից բողոքող Շահամիրյանն իր բաժին խմորեղենն արդեն լրիվ ոչնչացրել եւ իր բաժին սուրճն էլ արդեն կես էր գցել, եւ երբ Ռոլանդը բաժակը բարձրացնելով ասաց՝ «սրանից հետո հաճելի հարցերով բաժակ բարձրացնենք», Շահամիրյանը զարմացած նայեց Ռոլանդին ու հարցրեց. «սրանից էլ հաճելի հա՞րց», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ թե հարցն էր հաճելի, այլ՝ հարցի լուծումը», եւ Շահամիրյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարեւորը հարցի լուծումն է» եւ մի քիչ էլ մտածեց ու Ռոլանդին նայելով ավելացրեց՝ «քո օգնությամբ» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ նայելով ասաց՝ «ձեր օգնությամբ», եւ Ռոլանդը բաժակը բարձրացնելով ասաց՝ «էս բաժակով ուզում եմ խմբագրի կենացը խմենք», եւ Շահամիրյանը զարմացած նայեց Ռոլանդին ու հարցրեց՝ «ինչո՞ւ խմբագրի կենացը», եւ Ռոլանդն ասաց՝ « Ժենյա Ղուկասովնան որ չլիներ, էս հարցը դժվար թե հաճելի ձեւով լուծվեր», եւ Շահամիրյանը զարմացած ասաց՝ «բայց ինքը կուզեր ինձի աշխատանքեն հեռացնել», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը որ ուզեր, հեշտ ու հանգիստ կհեռացներ», եւ Շահամիրյանը մի քիչ մտածեց ու Ռոլանդին հարցրեց՝ «կուզես ըսել՝ ինձի հեռացնելու հարցը վերեւներե՞ն կարգադրած էին», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ չխորանանք»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930