Այս լուսանկարն արվել է Ազգային ժողովում՝ բուֆետի տարածքում, որտեղ երկու սրահներում տեղադրված ժամացույցները պատգամավորներին եւ բուֆետից օգտվողներին գովազդում են «Մարլբորո» ծխախոտը: «Գովազդի մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ծխախոտի գովազդն արգելվում է պատմական, մշակութային եւ մի շարք այլ վայրերում, հանրային սննդի օբյեկտների տարածքում:
Ավելի ուշ օրենքում կառավարության առաջարկով կատարված փոփոխությամբ ծխախոտի արտաքին գովազդն առհասարակ արգելվեց պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների եւ այլ միջոցների ձեւով:
Փաստորեն, մի կողմից՝ հակածխախոտային պայքար են տանում պետական մակարդակով, ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիա են վավերացնում, մյուս կողմից՝ նպաստում ծխելուն: Ճիշտ է, ԱԺ ճաշարանը սպասարկում է մասնավոր ընկերություն, բայց օրենքը խախտվում է եւ խախտվում է հենց այն ընդունող մարմնում:
Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
03.09..2015