ՀՀԿ-ն ընդդեմ ՀՀԿ-ի ձեւաչափով հերթական «կրիմինալոտ» ընտրությունը
Ի հեճուկս ընտրական համակարգը բարելավելու մասին իշխող Հանրապետական կուսակցության տարբեր դասի այրերի կողմից հնչող հայտարարությունների՝ սեպտեմբերի 13-ին Իջեւանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների քարոզարշավն ընթանում է Հայաստանում վերջին 20 տարում արմատացած սցենարով` քրեական տարրերի միջամտություն, սպառնալիքներ, ահաբեկումներ, պաշտոնեական լծակների օգտագործում անձնական կարիքների համար եւ այլն: Հիշեցնենք, Իջեւանի քաղաքապետի հիմնական հավակնորդները ՀՀԿ-ական, նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն ու նախկին ԲՀԿ-ական, նորաթուխ ՀՀԿ-ական Վարդան Ղալումյանն են: Վերջինս մի շրջան հասցրել է նաեւ «Ժառանգությանն» անդամակցել: ՀՀԿ-ում Վարդան Ղալումյանի լոբբինգով զբաղված է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ում շնորհիվ Վարդան Ղալումյանին առաջադրեց ՀՀԿ-ն: ՀՀԿ-ն ընդդեմ ՀՀԿ-ի ձեւաչափով ընտրապայքար եւ ընտրություն առաջին անգամ չէ: Նման իրողություն եղել է թե ԱԺ ձեւավորելիս, թե տարբեր բնակավայրերի ղեկավարներ ընտրելիս:
Արդեն մի քանի օր է՝ նախընտրական պայքարը Իջեւանում բավական լարված է, անգամ ռեպրեսիվ մեթոդներով է ընթանում: Երկու օր առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Իջեւանի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարուժան Ներսիսյանի դեմ, որը ներկայումս անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն է։ Քրեական գործը վերաբերում է պաշտոնեական լիազորություններն անցնելուն եւ պաշտոնեական կեղծիքին: Դեպքը Վարուժան Ներսիսյանի քաղաքապետ եղած շրջանից է` 9 տարվա վաղեմություն ունի: Թե ինչու մինչ օրս ոչ ոք չէր հիշում այդ մասին` հասկանալի է. Վարուժան Ներսիսյանը մինչ օրս չէր խանգարում, մրցակից չէր, գծված սցենարի իրագործման խոչընդոտ չէր: Իսկ այժմ վտանգ է ներկայացնում, այն էլ՝ լուրջ:
Երեկվանից Իջեւանի տարբեր հիմնարկություններում աշխատանքից ազատվում են Վարուժան Ներսիսյանի հարազատները, մտերիմները եւ ընկերները: Մասնավորաբար, աշխատանքից ազատել են անտառտնտեսության աշխատակից Էլիզար Մանուչարյանին: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, հիշեցնենք, ՀՅԴ-ական, Վարդան Ղալումյանի նախկին տեղակալ` Իջեւանի նախկին փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանն է, ում ապօրինություններին «Առավոտը» բազմիցս է անդրադարձել: Աշխատանքից ազատել են նաեւ Վարուժան Ներսիսյանի դասընկերոջը` Գագիկ Գրիգորյանին: Նա ոստիկանության պաշտոնյա էր: Նաեւ՝ Իջեւանի արվեստի դպրոցի հաշվապահ Արսեն Թանանյանին: Անգամ երաժշտական դպրոցի շվիի ուսուցիչ Էդգար Ամիրյանին են աշխատանքից ազատել` Վարուժան Ներսիսյանի համակիրը լինելու համար: Երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Բեգլարյանի հետ Վարդան Ղալումյանի քաղաքական հաշվեհարդարին էլ «Առավոտը» քանիցս անդրադարձել է` դատարանի վճիռը ձեռքին՝ Սվետլանա Բեգլարյանը չի կարողանում վերականգնվել դպրոցի տնօրենի պաշտոնում` Ղալումյանը չի շտապում կատարել դատարանի վճիռը:
Իջեւանի թիվ 5 դպրոցի տնօրենն է հավաքել իր աշխատակազմին եւ հրահանգել, որպեսզի ամսի 13-ին քվեարկեն Վարդան Ղալումյանի օգտին: Հակառակ տրամադրություններ ունեցողներին նա խոստացել է` «լավ չի լինի»: Նույն մեթոդն է կիրառում նաեւ Իջեւանի հիվանդանոցի նորընտիր տնօրենը: Վերջինս տեղացի չէ, Երեւանի բնակիչ է, նախկինում ԲՀԿ-ական է եղել:
Թեեւ «Ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանությունը պաշտպանում է մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, օրինական շահերը, սեփականությունը` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Իջեւանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ Սամվել Ավետիսյանը, Գարիկ Միրզոյանը զբաղվում են Վարդան Ղալումյանի կողմնակիցներին ցուցակագրելով: Առավել համեստ դերակատարում է ստանձնել ռազմական ոստիկանության պետ Սուրիկ Ամիրյանը: Նա սահմանափակվում է Ղալումյանի օգտին քվեարկելու հրահանգներուվ միայն:
Կարդացեք նաև
Տեղի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ներկայացնելով Իջեւանի նախընտրական վիճակը՝ անկեղծացավ նաեւ Վարդան Ղալումյանի պաշտոնավարման տարիներին վերաբերող մի քանի դրվագներով. «Քաղաքապետարանի հավաքարարներից մեկը մտերիմների մոտ պատմել է` եթե Ղալումյանի կաբինետի գարեջրի շշերը այս չորս տարվա ընթացքում հավաքեի, մի հատ մեքենա կառնեի: Հիմա Վարդան Ղալումյանին նաեւ քրեական հեղինակություններն են սատարում: Մարդկանց փողոցում բռնում, ահաբեկում են: Նրանք քացով են Վարդան Ղալումյանի դուռը բացում: Ով կարար Ներսիսյանի աթոռին նստեր ու ճոճվեր, բայց մի կրիմինալ շայկա կա, Ղալումյանի մտերիմներն են… Դիմել ենք Ղալումյանին, որ քաղաքի կենտրոնում, շատրվանների մոտ գտնվող՝ 1957-58 թվականների մի քանի շենքեր, որոնց տանիքները բավական անմխիթար վիճակում են, վերանորոգի: Վարդան Ղալումյանն անտեսել է. այդ տարածքի բնակիչները Վարուժան Ներսիսյանի համակիրներն են»: Մեր զրուցակիցը պատմեց նաեւ, որ նախորդ ընտրություններում իր օգտին աշխատած մարդկանց Վարդան Ղալումյանը լավություններ է արել ու ապահովել տարբեր աշխատանքներով.
«Պատկերասրահը 32 աշխատող ունի, ամբողջ օրը սուրճ են խմում: Թանգարանում 12 աշխատող կա, բայց այնտեղ այդքան աթոռ էլ չկա, որ նստեն, հերթով են նստում»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.09..2015
Սուտ, կեղծ, պատվիրված տեղեկատվություն: Եթե Ձեզ հետաքրքիր է ճշմարտությունը, այցելեցեք 5-րդ դպրոց:
Քանի մարդ էս ուզում բերեմ?
Սուտ բան չկա:Կարողա գիտես լրիվ միամիտ են ճիշտն են ասելու?Մեկը դու կուզես աշխատանքից ազատվես???
Գլուխ մի ջարդեք ով ընտրվի նրա կողմն են անցնելու մեկա:Իջեվանցիները սիրում են քծնվեն:Այ մի ամիս հետո կտեսնեք ետ հրամայողներին:Օճառը ձեռները սպասում են
Այստեղ չեմ խոսի ներկայացված փաստերի հավաստիության մասին: Ինձ անհանգստացնում է /ավելի ճիշտ լրագրողին պիտի անհանգստացնի/, որ հոդվածում չլիեն այնպիսի փաստեր, որոնք թեպետ ճիշտ են, բայց ընթերցողը կարդալիս դեմքը չծամածռի և մտմտա. -Սա գրելու բան է…Օրինակ այս հոդվածում գարեջրի և սուրճի մասին գրելը, կարծում եմ, չարժեր: Ինձ թվում է, երբ լրագրողներին սովորեցնում են ինչ գրել, զուգահեռ պիտի սովորեցնեն ինչ չգրել, քանզի մի անհաջող փաստը կարող է լավ հոդվածի հայրը, անգամ նաև մայրը անիծել: Ես հասկանում եմ նաև լրագրողին, ցանկանում է էֆֆեկտ ստեղծել, բայց ինչպես ասում են աչքը շինելու տեղ, հոնքն է վնասում: